Փարիզի քաղաքապետը Սյունիքում է


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, Գորիսում դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։
Ինչպես հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։


Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը շուրջ 400 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։