Մոռացված ֆիլմերի ստվերները

Կոմիկականի և տրագիզմի սահմանագիծն իր ֆիլմերում ներկայացնողը. Դմիտրի Կեսայանց. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Նրա ստեղծագործական անկեղծությունը, յուրօրինակ ոճն ու կինոմտածողությունը սիրված ու ընկալված էին հանդիսատեսի կողմից։ «Տերն ու ծառա»-յից մինչև «Աղետ». Դմիտրի Կեսայանցի՝ մեկ ակնթարթ թվացող կինոգործունեությունն ընդհատվեց անսպասելի՝ չիրականացված թողնելով մի շարք հետաքրքիր մտահղացումներ։

Դմիտրի Կեսայանց

«Տերն ու ծառան», «Ավդոյի մեքենան», «Զիվորն ու փիղը», «Անիծվածները» և այլ ճանաչված ու, ցավոք, այդպես էլ բավականաչափ չհանրայնացված ֆիլմերի հեղինակ Դմիտրի Կեսայանցի ուղին ամենադժվարիներից մեկը եղավ հայ կինոյում։ Նրա «Ավդոյի մեքենան» «ջարդվեց» ցենզուրական արգելքների խորդուբորդ ճանապարհին։

Պատճառն այն էր, որ ռեժիսորը հանդգնել էր երգիծական հայացքով նայել անցյալ դարի 20-ական թվականների Խորհրդային Միության բարքերին, որոնք որպես կանոն հերոսական ու ռոմանտիկ էին ներկայացվում։

Ռոմանտիզմը Կեսայանցին ամենևին էլ խորթ չէր. 1975-ին նկարահանված «Մարդը Օլիմպոսից» ֆիլմը դրա վառ ապացույցն է։ Ֆիլմ, որը, ինչպես իրավացիորեն նշում է կինոգետ Դավիթ Մուրադյանը, Դմիտրի Կեսայանցը նկարահանեց 20-րդ դարակեսի՝ ստեղծագործող անհատի համար բարենպաստ պայմաններով ժամանակահատվածում։

Դավիթ Մուրադյան

Այս ֆիլմի նկարահանումներից հետո Դմիտրի Կեսայանցը նկարահանեց ևս ինը ֆիլմ, որոնցից՝ 30 րոպե տևողությամբ «Խաբկանք» կարճամետրաժը «Մեզանից երեքը» ժողովածուի մաս կազմեց։ Ֆիլմը նկարահանվում էր 1986 թվականին՝ արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա, որոնք գրողը ժամանակի ընթացքում վերածեց կինոսցենարի և կինոռեժիսորներ Դմիտրի Կեսայանցին ու Գենադի Մելքոնյանին առաջարկեց մասնակցել այս ֆիլմ- ժողովածուի ստեղծմանը։

Կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցը, ծանոթանալով կինոսցենարի պատմվածքներին, ընտրեց առաջին կինոսցենարը և անցավ գործի։ Սակայն նա երկար ժամանակ գլխավոր հերոսի համար փնտրում էր հոգեբանորեն բարդ կերպար մարմնավորող դերասանի։ Գուցե փնտրտուքն էլ ավելի երկար տևեր, եթե դերասան Վիգեն Ստեփանյանի հետ մի զրույցի ժամանակ չպատմեր դրա մասին։ Վիգեն Ստեփանյանը Կեսայանցին առաջարկեց իր համակուրսեցի դերասան, բեմադրիչ Յուրի Կոստանյանին։

Նկարահանման հրապարակում տեղի ունեցող մի դրվագ մինչև հիմա չի ջնջվել Յուրի Կոստանյանի հիշողությունից։ Սցենարում մի տեսարան կար, որտեղ ֆիլմի հերոսը պիտի սուզվեր գետի հատակն ու հաներ այնտեղից այն ատրճանակը, որով իբրև թե կրակել է իր կնոջ վրա։

Նկարահանումները կատարվում էին ուշ աշնանը, եղանակը սառն էր, և Դմիտրի Կեսայանցը կարծում էր, որ  Յուրի Կոստանյանը չի խիզախի այդ ցրտին սուզվել գետի մեջ։ Սակայն Յուրի Կոստանյանին բնավ էլ չվախեցրին եղանակային պայմանները։ 

Յուրի Կոստանյան

«Հրազդանի կիրճում  էր նախատեսված նկարահանումը։ Գետն էլ բարակ սառցե շերտով էր ծածկվել։ Բայց դա ինձ համար բացարձակ խնդիր չէր, որովհետև ես լավ այսպես ասած «մարզավիճակում էի գտնվում» և շատ հանգիստ երկու դուբլից նկարահանվեց այդ տեսարանը»,- գոհունակությամբ պատմում է Յուրի Կոստանյանը։

Դմիտրի Կեսայանցն առաջին հայ բեմադրիչն էր, որ էկրան բարձրացրեց խորհրդային բանտի հոռի բարքերը։ «Մեզանից երեքը» ժողովածուի՝ էկրան բարձրանալուց հետո, Կեսայանցի մոտ մի քանի տարվա ստեղծագործական դադար եղավ։ Դադարը խախտվեց 1990 թվականին։ Մեր երկրի համար բեկումնային ժամանակաշրջանում, արձակագիր Էդուարդ Խաչիկյանի կինոսցենարով ԴմիտրիԿեսայանցը նկարահանեց «Անիծվածները» քրեական դրաման, որը մի ամբողջ դարաշրջանի նկարագրություն է։ 

Գաղութային կյանքի բարքերի մասին պատմող առաջին հայկական կինոնկարն ապահովեց դրամարկղային աննախադեպ խոշոր հասույթ։ Դերասան Լևոն Ղազարյանը «Անիծվածներում» նկարահանվել է խաղամոլ Չոմբեի դերում։ Նա նշում է, որ ազատազրկման վայրում քրեական անձանց կյանքի ճշմարտացի պատկերումը նոր բացահայտում էր հայ հանդիսատեսի համար, և դա էր պատճառը, որ «Անիծվածները» ֆիլմը մեծ աղմուկ հանեց նորանկախ Հայաստանում։

Խորհրդային Միության փլուզումից հետո «Հայֆիլմ» կինոստուդիան այլևս չուներ այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավորություն կտային Կեսայանցին նկարահանել իր կյանքի ամենագլխավոր՝ ինքնակենսագրական ֆիլմը։

Ռեժիսորը որոշեց նկարահանել «Անիծվածները» կինոնկարի շարունակությունը՝ հուսալով, որ այն ևս կապահովի դրամարկղային մեծ շահույթ, որի շնորհիվ կիրականանա Սիբիրում նկարահանումներ անելու իր վաղեմի երազանքը։ Բայց ինչպես վկայում է «Անիծվածներ» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Տիգրան Մխոյանը, Կեսայանցի հույսերը չարդարացան։

Տիգրան Մխոյան

«Հայֆիլմ»  կինոստուդիայի ղեկավարությունը համոզեց Կեսայանցին նկարահանել «Անիծվածները» ֆիլմի շարունակությունը, որի շահույթը նրան հնարավորություն կտար նկարահանելու ինքնակենսագրական կինոնկարը: Բայց այդ ընթացքում փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ նորանկախ Հայաստանում  էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դադարել էին գործել կինոթատրոնները և ֆիլմը աննկատ մի կողմ դրվեց»,-ասում է Տիգրան Մխոյանը:

«Աղետ». այսպես է կոչվում Դմիտրի Կեսայանցի վերջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ և՛ որպես կինոռեժիսոր, և՛որպես սցենարիստ։ 1993 թվականին Կինոյի տանը տեղի է ունենում «Աղետ» ֆիլմի պրեմիերան, որից հետո այն կրկնում է իր հերոսների ճակատագիրը. փակվում են դարպասները, և ֆիլմը անհասկանալի պատճառներով հայտնվում է մոռացության բանտում։

2016 թվականին՝ Դմիտրի Կեսայանցի ծննդյան 85-ամյակի առիթով, կինոհամադրող Մելիք Կարապետյանի ջանքերով, կինոնկարը նախ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, այնուհետև Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում։ Մելիք Կարապետյանը կարծում է, որ Կեսայանցի կյանքի վերջին երկու ֆիլմերը կարծես կինոռեժիսորի բողոքի ճիչն էին։

Մելիք Կարապետյան

«Դմիտրի Կեսայանցի վերջին երկու ֆիլմերը ներքին դժգոհության, բողոքի ճիչ էին։ Կյանքի վերջին տարիներին կինոռեժիսորը բավականին դեպրեսիվ հոգեվիճակում էր և դա արտահայտվել է նրա կինոնկարներում։ «Աղետ»-ը միայն երկրաշարժի մասին պատմող ֆիլմ չէ, այն մարդկությանը պատած գլոբալ, փիլիսոփայական աղետի մասին է և դրանով է այն շատ հետաքրքիր և յուրահատուկ»,-նշում է Մելիք Կարապետյանը:

Անլուրջ իրադարձությունների լրջությունը, կոմիկականի և տրագիզմի սահմանագիծը իր ֆիլմերում ներկայացնող Դմիտրի Կեսայանցը կյանքից հեռացավ 2001 թվականին՝ 70-ը չբոլորած։ Աքսորի դառնությունը ճաշակած ռեժիսորին այդպես էլ չհաջողվեց էկրանին փոխանցել մանկության տարիներին ապրած դառը ու ահասարսուռ զգացողությունները, բայց փոխարենը ժառանգեց մարդու և ժամանակի հանդիպման մասին պատմող ֆիլմեր, որոնք մի ողջ ժամանակահատվածի հավաստի արտացոլում են։

Back to top button