Հնարավոր է՝ Ազնավուրի արձանի 37 տարբերակներից և ոչ մեկը չընտրվի․ քաղաքապետարանը երկու օրից կամփոփի մրցույթը


Քաղաքապետարանը չի բացառում՝ հնարավոր է, որ Շառլ Ազնավուրի արձանի համար ներկայացված 37 էսքիզային տարբերակներից և ոչ մեկն ի վերջո չընտրվի։ Օգոստոսի 31-ին ժամը 14-ին կամփոփվեն հանրային բաց քվեարկության արդյունքները, որին կհամադրվի նաև12 հոգանոց հանձնաժողովի որոշումը․ քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հնարավոր է, որ ներկայացված տարբերակներից և ոչ մեկը հանձնաժողովի հավանությանը չարժանանա։
«Ամսի 31-ին կկայանա ցուցադրությունը, հանձնաժողովի անդամները ընտրելու հնարավորություն կունենան, բայց չեմ կարող ասել, թե արդյունքն ինչպիսին կլինի։ Շատ հնարավոր է, որ ոչ մի տարբերակ էլ չընտրվի»,-ասում է Սահակյանը։








Դեռ տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիեի 100-ամյակին ընդառաջ մայրաքաղաքում՝ Ֆրանսիայի հրապարակում, կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը։
Ամիսներ անց քաղաքապետարանը քանդակի էսքիզի բաց մրցույթ հայտարարեց։ Արվեստագետներն ու քանդակագործները արձանի 37 տարբերակ են առաջարկել, որոնք էլ քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել։
«Ասեմ, որ մրցույթը հնարավորինս ներառական է եղել, չեմ կարծում, որ հնարավոր էր ավելի ներառական մրցույթ կազմակերպել։ Նույնիսկ ներկայացված մրցույթային պայմանները չէին սահմանափակում հայտատուի ստեղծագործական ազատությունը։ Ստացել ենք 37 հայտ, և շեշտեմ, որ մենք չենք զտել, մենք ոլորտի մասնագետներ չենք, որ նայենք ու ասենք, թե որ քանդակի էսքիզն է լավը, որը ոչ, մենք բոլոր հայտերը ներառել ենք կայքում, մարդիկ էլ ընտրում են, եթե չեն հավանում, կարող են չընտրել»,– մանրամասնում է քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի պաշտոնակատարը։










«Ակտիվ քաղաքացի» հարթակում արդեն երկու օր քաղաքացիները քվեարկում ու ընտրում են իրենց տարբերակը, մինչդեռ օրինակ արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը տարակուսում է՝ ինչպես կարելի է նման կարևոր ընտրությունը ոչ թե մասնագետներին ու պրոֆեսիոնալներին, այլ հասարակությանը վստահել։
«Ստացվում է, որ ենթադրենք կոշկակարը կարող է որոշել քանդակի ճակատագիրը։ Այո, ցավոք մեր հասարակության մեջ վաղուց ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում լուրջ կարծիք ասելու և երբեմն այդ ոչ մասնագիտական կարծիքը ավելի լուրջ է ընկալվում, քան մասնագիտական կարծիքը»,– ասում է Համբարձումյանը։
Արվեստաբանի կարծիքով՝ Շառլ Ազնավուրի արձանի տեղադրման որոշումն ի սկզբանե խնդրահարույց էր։ Համոզիչ չէր տեղի ընտրությունը, անտեսված էին մասնագիտական կարծիքն ու բազմաթիվ ճարտարապետական սկզբունքներ։
«Քանդակը ինչ չափի է լինելու, ինչ գույնի, ինչ ֆոն է ունենալու, համաչափություն, օգտագործված նյութ․ այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնվեն, բայց մեր քաղաքում կարծես ավանդույթ է դարձել, որ այս քանդակատեղադրման տարափի մեջ ոչ ոք մասնագետի կարծիքը հաշվի չի առնում։ Ես վստահ եմ՝ մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ այդ սիմբիոզը պետք է լինի․ քանդակը չպետք է նսեմացնի միջավայրը և միջավայրը չպետք է նսեմացնի քանդակը։ Այսինքն՝ հնարավոր է շատ լավ քանդակ ներկայացնել, բայց, սխալ միջավայրում տեղադրելով, փչացնել թե՛ քանդակը, թե՛ միջավայրը»,– կարծում է արվեստաբանը։
Երևանը կորցրել է իր դիմագիծը՝ պնդում է արվեստաբանն ու հավելում՝ վերջին տարիների տեղադրված արձաններից և ոչ մեկի դեպքում վերը նշված սկզբունքները հաշվի չեն առնվել։ Նույնը կա ու կլինի նաև Ազնավուրի արձանի դեպքում՝ վստահ է Տաթևիկ Համբարձումյանը։ Ներկայացված 37 էսքիզային տարբերակներից որևէ մեկը մասնագետի հավանությանը չի արժանացել։
«Ներկայացված քանդակներն ուղղակի խայտառակություն են, անճաշակ են և ամենակարևորը ոճապես ժամանակավրեպ են։ Հիմա բոլորովին պարտադիր չի, որ Շառլի արձանը անատոմիապես հենց Շառլի կերպարով լինի։ Այդ մարդակերպ քանդակները անհեթեթ են, այսօրվա ժամանակակից քանդակը շատ առաջ է գնացել, մենք բոլոր առումներով ծիծաղելի բաներ ենք անում։ Վստահեցնում եմ՝ բոլոր լուրջ մասնագետներն են այդ կարծիքին, պարզապես մարդիկ հոգնել են, չեն արձագանքում, քանի որ վստահ են, որ ամեն ինչ նախապես արդեն որոշված է»։
Այնուամենայնիվ առաջարկված 37 տարբերակներից որի տեսքով կներկայացվի Շառլ Ազնավուրի կերպարը կամ առհասարակ տեղադրվելիք արձանը կլինի այս 37-ից մեկը թե ոչ, կորոշվի ամռան վերջին օրը։ Քաղաքապետարանը կամփոփի հանրային քվեարկության արդյունքները, դրանք 50-50 համամասնությամբ կհամադրվեն հանձնաժողովի 12 անդամների քվեարկության արդյունքների հետ։ Ձևավորված հանձնաժողովում Ազնավուրի ընտանիքի անդամներն են, Շառլ Ազնավուրի հիմնադրամի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, նաև քանդակագործներ ու ճարտարապետներ։