ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց «Տրոյական ձին» չենք ընդունելու

Շարունակելով  արհամարհել Լաչինի միջանցքի ապաշրջափակման բոլոր կոչերը՝ Բաքուն փորձում է նաև ցույց տալ, թե մտահոգված է հումանիտար խնդրով։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հայտնել են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնություն» ուղարկելու մասին՝ նշելով, թե այն տեղափոխվելու է  Ադրբեջանի Կարմիր մահիկի միջնորդությամբ։

Բաքուն չի հստակեցրել, թե արդյոք համաձայնություն ձեռք բերվե՞լ է Արցախի իշխանությունների հետ Աղդամի ճանապարհով օգնություն ուղարկելու հարցի շուրջ: Փոխարենն ԱՀ նախագահի մամուլի խոսնակն է պարզաբանել՝ այս հարցով արցախյան կողմը որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել, իսկ Ադրբեջանի այդ քայլն ուղղված է ոչ թե  խնդիրները լուծելուն, այլ  խորացնելուն ։

Եթե Ադրբեջանը, իսկապես, հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, պարզապես պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը։ «Արցախպրեսսին» ասել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ արձագանքելով Բաքվի տարածած այն տեղեկությանը, թե Ադրբեջանը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։

Ավելի վաղ Ադրբեջանի Կարմիր մահիկ ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանն ասել էր, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից։ Բաքուն չէր հստակեցրել, թե արդյո՞ք համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ Աղդամի ճանապարհով բեռ փոխադրելու հարցում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում ավելի քան 6 ժամ նիստից հետո միասնական որոշման հնարավոր չի եղել գալ, սակայն «հացի խնդիրը մի քանի օրվա ընթացքում կլուծվի»։

«Գործելու է մի ճանապարհ, դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ ճանապարհով մթերք չենք բերելու»,-վստահեցրել է Հարությունյանը։ Ավելի վաղ էլ Արցախում բացառում էին Ակնայով անցնող ճանապարհի օգտագործման հնարավորությունը: Անգամ արցախցիները բետոնե պատնեշներով փակել էին այն։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը շեշտել է, որ տվյալ հարցով արցախյան կողմը որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել։

«Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: Հետևաբար, այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն»,-նշել է ԱՀ նախագահի խոսնակը։

Լուսինե Ավանեսյանը պարզաբանել է, որ Բերձորի միջանցքի՝ սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։

«Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար։ Եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չարգելեն Լաչինի միջանցքով Արցախի մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի հրամաններով»։

Բաքվի «հումանիտար բեռի» թեման լայնորեն քննարկում են նաև սոցիալական հարթակներում։ Սոցցանցերի որոշ արցախցի օգտատերեր գրում են, որ Ադրբեջանն իր այդ քայլով շախ և մատ է ուզում անել։ Արցախցի օգտատերերից մեկը գրել է.

«Եթե մեր իշխանությունները չընդունեն այդ «հումանիտար» բեռը, Ալիևը աշխարհով մեկ կհայտարարի, որ մեր իշխանություններն են մեզ սովամահ անում։ Իսկ եթե ընդունեն, ապա կդրվի Արցախը կորցնելու մեկնարկը։ Այո, մենք սոված ենք, այո Ադրբեջանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրոյական ձին»։

Ադրբեջանի կողմից ուղարկված «հումանիտար» բեռը մահ է՝ եզրահանգում են արցախցի օգտատերերը՝ ցանկություն հայտնելով դրա դեմն առնելու համար Վերածննդի հրապարակ դուրս գալ։ Սոցցանցերում նաև կոչ են անում բոլոր առողջ ուժերին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին՝ գնալ և կանգնել իրենց կողքին։ Արսկերանի բնակչուհիներից մեկն էլ տեսաուղերձով է դիմել արցախցիներին։

«Ես որպես զոհվածի քույր եկել եմ, որ թույլ չտամ, որ թուրքի ալյուրը էստեղով անցնի ու հասնի Ստեփանակերտ։ Նախընտրում եմ սոված մնալ, քան թե թուրքի ալյուրը ուտեմ։ Ինձ դա պետք չէ։ Թուրքը մարդասպան է։ Ես թուրքի ալյուրը չեմ ուտելու ու թույլ չեմ տալու, որ մտնի Արցախ։   Մենք պետք է խափանենք թուրքի պլանները։ Ես դա անելու եմ հանուն իմ սոհված եղբոր»։

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարներն արդեն հասել են Աղդամ:

Back to top button