ԿարևորՀասարակություն

Չեղարկում եղանակայի՞ն, թե՞ անվտանգային պատճառներով․ Երևան-Կապան չվերթը երկրորդ անգամ չի կայացել

Երևան-Կապան-Երևան ուղղությամբ իրականցվող ավիաչվերթն այսօր հետաձգվել է երկրորդ անգամ։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական պարզաբանումները տարբեր են․ ըստ պաշտոնական հիմնավորումների՝ պատճառը եղանակային պայմաններն են, ըստ ոչ պաշտոնականի՝ Ադրբեջանի կրակոցները։  Դրանք օդանավակայանի ուղղությամբ հնչել են պաշտոնական առաջին չվերթի օրը՝ օգոստոսի 18-ին՝  վնասելով Կապանի օդանավակայանի պատուհաններն ու տանիքը։ Դեպքի մասին Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը։ Փորձագիտական դաշտում  այլ հարց էլ են քննարկում ՝ որքանով էր հրատապ այս փուլում Կապանի օդանավակայանի շահագործումը։

Վերելքն ու վայրէջքը՝ Երևանում, առանց Կապանի օդանավակայան հասնելու։  Օգոստոսի 28-ի Երևան-Կապան-Երևան չվերթը տեղի չի ունեցել․ ինքնաթիռը Երևանից օդ է բարձրացել, բայց Կապանում վայրէջք չի կատարել։  Ըստ պաշտոնական պարզաբանման՝ պատճառը եղանակային վատ պատմաններն են։ Սյունիքի օդանավակայանից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին ՝ ավիաընկերությունը  հաստատում է, որ մառախուղն ու վատ տեսանելիությունը  թույլ չեն տվել վայրէջք կատարել։ Սա Երևան-Կապան-Երևան չվերթի չկայացման երկրորդ դեպքն է։ Ն

Նախորդը տեղի չէր ունեցել օգոստոսի 25-ին։  Բայց այս ընթացքում Երևանից Կապան ու հակառակ ուղղությամբ  կանոնավոր չվերթ իրականացվել է։ «Ռադիոլուրին» առաջին ուղևորներից Նվարդ Հարությունյանը  պատմում է

«Առաջին չվերթն էր, որ կանոնավոր է, ոչ թե ներկայացուցչական։ Որոշեցի օգտվել այդ պատմական փաստից։ Առաջին տոմսը ես էի գնել։ Դա պատմական իրադարձություն էր ինձ համար։ Ես միշտ լսել էի իմ ծնողներից, բարեկամներից,ո ր 40 րոպեում են հասնում Երևան, իսկ մենք Կապանից Երևան գալիս ենք 5 ժամ։ Ինձ համար անկարագրելի էր»։

Երևան-Կապան-Երևան չվերթի պաշտոնական մեկնարկն օգոստոսի 18-ին էր։Նույն օրն ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք»  օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ 

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհանը  եւ տանիքը։ Փորձագիտական դաշտում  ենթադրությունները կապվում են ոչ թե եղանակային պայմանների, այլ անվտանգային խնդիրների հետ։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ իրականում այսօր եղանակն ամպամած էր, բայց չի էլ բացառում անվտանգային բաղադրիչը։ Հիշեցնում է՝  գրանցված միջադեպի մասին Հայաստանի  կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը, տեղյակ պահել, որ Ադրբեջանը կրակել է Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ, վնասել տանիքն ու պատուհանները

«Գուցե նաև  անվտանգային նկատառումներ այստեղ կան, որոնք հավանաբար կլուծվեն։ Գիտենք, որ Հայաստանը դիմել է միջազգային կազմակերպությանը՝ թռիքչների հետ կապված՝ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Հնարավոր է, որ պատասխանատուները սպասում են արձագանքի»։

Քաղաքագետը  հույս ունի, որ գոնե այս անգամ միջազգային կառույցները միայն կոչերով չեն սահմանափակվի ։ Այս դեպքում հարցը Հայաստանի ներքին թռիչքներին  ու սուվերեն տարածքին է վերաբերում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համար թռիչքի՝  արդեն երկրորդ անգամ տեղի չունենալը տարակուսելի է։  Անպատասխան հարցեր կան՝ ասում է, չի բացառում, որ հնչող պարզաբանումներն  իրականությունը քողարկելու համար են։

«Բուն պատճառը կապված է անվտանգության խնդիրների հետ։ Համենայն դեպս, պետք է սպասել ավելի հանգամանալի պարզաբանումների։ Բայց արդեն երկրորդ անգամ փաստացի չեղարկվող թռիչքը իսկապես տարակուսանք առաջացնում է կամ առնվազն կասկածներ, որ բուն խնդիրը անվտանգության հարցերն են»։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝   ըստ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը , և տվյալ պետության տարածքում իրականացվող  թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Միայն այն դեպքերում, երբ թռիչքներ են իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, հարևան երկրին  ի գիտություն տեղեկություններ են փոխանցվում, ինչն էլ Հայաստանի ն ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին և քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել:

Հակող Բադալյանն ընդգծում է՝ Բաքուն նպատակ  է դրել խոչընդոտել Կապանի օդանավակայանի գործունեությունը։

«Բաքվի այդ նպատակը նրա ընդհանուր մարտավարության ու ռազմավարության շրջանակում է՝ օգտագործել ցանկացած հնարավորություն  ու առիթ՝ Հայաստանի հանդեպ որևէ խնդրահարույց քայլ կատարելու համար ու Հայաստանին նոր խնդրի ու իրողության առաջ դնելու համար։ Հիմա Բաքուն օգտագործում է Կապանի օդանավակայանի հանգամանքը»։

Առաջին  հերթին պետք է խնդիրը բարձրաձայնել միջազգային բոլոր հարթակներում ՝ ասում է Բադալյանը՝  ընդգծելով , որ սա Ադրբեջանի ահաբեկչական վարքագծի հերթական դրսևորումն է։

«Սպառնալիք է ներկայացվում քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիական թռիչքների անվտանգությանը։ Այս տեսանկյունից, սակայն, մեծ հույս կապել, թե միջազգային կառույցները առանձանապես ջանք են գործադրելու Ադրբեջանի վրա ազդելու համար, միամիտ կլինի։ Առավել ևս, երբ տեսնում ենք, թե ինչպիսին է միջազգայինն արձագանքը Արցախի պաշարման հարցում»։

Հակոբ Բադալյանը դժվարանում է լուծումներ մատնանշել։ Եթե անվտանգային բաղադրիչ կա, ուրեմն պետք է որոշակի ժամանակով հրաժարվել թռիքչներից՝ ասում է։ Միաժամանակ տարակուսում  է՝  որքանո՞վ  էր հրատապ  այս փուլում օդանավակայանի շահագործումը։ Առավել ևս, որ մեծ պահանջարկ էլ կարծես թե չկա։ Փոխարենը կա խնդրահարույց նոր իրավիճակ, որտեղ Հայաստանի լուծումների գործիքակազմն այդքան էլ մեծ չէ։

Back to top button