Այս տարի լրանում է գեղանկարիչ Տիգրան Թոքմաջյանի 100- հոբելյանը։ Տիգրան Թոքմաջյանը ծնվել է Գյումրիում, ապրել և ստեղծագործել է Երևանում։ Գեղանկարչի բնանկարները, պատմական և կենցաղային թեմաներով կտավներն ու մեծածավալ որմնանկարները իրենց ուրույն տեղն են զբաղեցնում հայկական կերպարվեստում։
Նրա ստեղծագործությունները պահվում են Ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վեհարանում, Նկարիչների միությունում, պետական և մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, ԱՄՆ–ում, Բելգիայում, Սիրիայում և այլուր։
«Տիգրան Թոքմաջյանն անցել է խորհրդային պետության բոլոր փուլերով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ, ստալինյան ռեպրեսիաներ, հետպատերազմյան դառը, կիսասոված տարիներ, բայց նրա գործերում զարմանալի լույս ու կենսունակություն կա», – ասում է արվեստագետի եղբոր որդին՝ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը։
Գեղանկարչի դուստրը՝ արվեստագետ Արփի Թոքմաջյանը, պատմում է Տիգրան Թոքմաջյանի արվեստի առանձնահատկությունների մասին․
«Ուսանող տարիներից մինչև իր կյանքի վերջը նա նույն թեմաների շուրջ էր աշխատում, որոնք անընդհատ զարգացնում էր։ Իր արվեստի խնդիրը, որ նա տեսնում էր, մշակույթի ու պատմության իմացության բացն էր, որի վրա պիտի հենվենք, որ կարողանանք գնալ առաջ։ Ես կարծում եմ՝ այս տեսանկյունից կարելի է մոտենալ իր արվեստին»։
Նկարչի ստեղծագործական հետաքրքրության կենտրոնում պատմական թեմաներն էին, իր միջավայրում հայտնի էր, որպես «պատմական Տիկո» և, ինչպես Հրազդան Թոքմաջյանն է նշում, արվեստագետը երբևէ պլաստիկայի խնդիր չի դրել, այլ գաղափարախոսական։
«Նրա հերոսները պատմական Հայաստանն էին ներկայացնում, ինքն էլ անցյալում մնացած երկրի երգիչն էր։ Ծայրահեղ հայրենասեր մարդ էր, երբ դասավանդում էր մանկավարժական կամ պոլիտեխնիկական ինստիտուտում, ուսանողները մեկը մյուսին ասում էին՝ «հայրենիքի ձայնը եկավ»․ այդպես էր ընկալվում նա իր իրականության մեջ», – ասում է Հրազդան Թոքմաջյանը։
Տիգրան Թոքմաջյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը Երևանի Նկարչների միության ցուցասրահում տեղի կունենա օգոստոսի 22-29-ը և Գյումրու «Կումայրի» արգելոց –թանգարանի ցուցասրահում՝ սեպտեմբերի 2-12-ը։ Ցուցահանդեսի համադրող՝ Արփի Թոքմաջյան։