Վստահեք, սրտներդ տվեք, մարդամոտ եղեք կամ ուղղակի ասեք․ ինչ են ասում ավագանու թեկնածուները կարգախոսներով


Երևանի ավագանու ընտրապայքարի մասնակից ուժերը շարունակում են հանդիպումները երևանցիների հետ՝ մայրաքաղաքի բակերում, փողոցներում կամ սոցցանցերում։ Բացատրում են, թե ինչու են հավակնում Երևանի կառավարմանը և ինչ են փոխելու, եթե ընտրվեն։ Պատկերացումների մի մասը նրանք ձևակերպել են կարգախոսներում։ «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ՝ ինչ են ասում ընտրարշավի մասնակիցները երևանցիներին կարգախոսներով։
Կիթառ, դհոլ, հարվածային գործիքներ, նաև՝ վոկալային տվյալների փորձարկում․ նախընտրական շրջանում Երևանի ավագանու անդամի թեկնածուներն ինչ քայլերի ասես չեն դիմում ժողովրդի քվեին արժանանալու համար։ Բայց երաժշտական գործիքներին տիրապետելով կամ ձայնային վատ տվյալներով ընտրողներին այլևս չես զարմացնի, քանի որ երաժշտական թեկնածուներ նախկինում էլ եղել են։ Նխկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ էր նվագում, Հրանտ Բագրատյանը՝ կիթառ, «Ելք» դաշինքը «Էրեբունի–Երևան» էր երգում, ԲՀԿ-ն՝ «Ախ,Երևանս»։
2023 թվական, Երևանի ավագանու ընտրություններ։
«Հանրային ձայնը քո ձայնն է»․այս կարգախոսը հենց «Հանրային ձայն» կուսակցությանն է։ Թե ինչպես հանրային ձայնը տեղ կհասցվի, դժվար է ասել, քանի որ ցուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, այս պահին կալանավորված է։
«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորիկ Նորիկյանը երևանցիներին հավաստիացնում է․ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելո՛ւ ենք․․․»։ Կարգախոսը տարբեր տարիներին տարբեր ուժերի կարգախոսների միաձուլում է հիշեցնում։ Անալոգներ եղել են՝ «Հավատանք, որ փոխվենք» կամ «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր»։
«Մայր Հայաստան» դաշինքը նույնպես փոփոխության ջատագով է, ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը ռոքով ու կիթառով է սկսել քարոզարշավն ու կոչ արել՝ միացիր, որ փոխենք։ Փոխելն էլ սկսել է իրենից՝ վայր դնելով պատգամավորական մանդատը։
«Որտեղ կտեսնենք, որ ես ընկրկել եմ, կարող եք դեն շպրտել, բայց որտեղ ես կտեսնեմ, որ դուք եք ընկրկել, ես ձեզանից իրավունք կունենամ պահանջելու մի քիչ ավելի շատ ջանք ու հավատ», — ասում է Թևանյանը։
«Ապրելու երկիրը» ապագա է ուզում փոխել, ավելին՝ գիտի, թե ինչպես։ Դրա համար էլ մեկի փոխարեն երկու կարգախոս ունի՝ «Մենք գիտենք ինչպես» և «Փոխենք ապագան»։
«Գնալու ենք բոլոր երևանցիներին այցելության, պատմելու ենք այն երազանքի մասին, որն ունենք Երևանի ու պետության համար»,–ասում է Մանե Թանդիլյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը նախկինում ավագանու անդամ էր «Ելք» դաշինքով։ Հիմա այլ ելք է գտել․ եթե նախորդ քարոզարշավին կարգախոսով լուսավորում էր Հայաստանը, հիմա երևանցիներին առաջարկում է «Առաջ նոր շնչով»։ Սա էլ փոքր–ինչ նման է 2017-ի համապետական ընտրություններին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսին։
«Աշխատել եմ որպես ընդդիմադիր ավագանու անդամ, մեր ուժը ունեցել է մեկ մանդատ, և այդ մեկ մանդատի շրջանակում արել ենք առավելագույնը ընդհուպ համաքաղաքային խնդիրները լուծելու իմաստով»,–ասում է Խաժակյանը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արման Ղուկասյանը վստահ է, որ երևանցիներն իրենց քվե կտան։ Նա երևանցիներին ասում է․ «Դու կարող ես»։
«Մենք չենք խոստանում երևանցիներին երկու հարկանի մետրո, ֆանտաստիկ մեգանախագծեր, քանի որ համարում ենք, որ մեր քաղաքում կան այնպիսի պրիմիտիվ խնդիրներ, որոնք շատ զարգացած քաղաքներում արդեն լուծված են՝սկսած աղբահանությունից մինչև ջրամատակարում, տրասնպորտ և այլն»։
«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը վստահ է՝ կուսակցությանը հաղթանակ կարող է բերել իրենց ընտրած կարգախոսը՝ «Մարդամոտ քաղաք»։ Ու որպես մարդամոտ քայլ առաջարկում է․
«Հասարական տրանսպորը պետք է լինի անվճար, եթե փողը կա, ինչու են բողոքում կամ դժգոհում»։
Իսկ որպեսզի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը լինի ավագանու կազմում, երևանցին սիրտը պետք է տա Երևանին։
«Մեր բնակչությունը ցանկանում է շփվել մեզ հետ, մեզ խնդրում են անգամ այցելություն կատարել»,–ասում է քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արտակ Զեյնալյանը բոլորին ասում է՝ «Իմ Երևանն ես»․․․
«Երևանը իմն է կամ ինչպես Սևակը կասեր՝ իմս։ Սա մի փոքր այլ ձևակերպում է։ Ես յուրաքանչյուրիդ շուրթերով եմ խոսում, նկատի ունեցեք»։
Իսկ երևանցու կամքով ու հանուն Երևանի պայքարելու են կանայք։ «Ուժը հայրենյանց» կուսակցության առաջին եռյակում տղամարդիկ չկան։ Առավել ճանաչված է ոչ թե ցուցակի առաջին, այլ երկրորդ համարը։ Նա Նատալյա Ռոտենբերգն է։
«Եվրոպական կուսակցություն» էլ որոշել է Երևանը մաքուր պահել ու ըստ կարգախոսի՝ «Հայաստանի և Երևանի եվրոռեմոնտ կատարել»։
«Երևանը ամենափոշոտ քաղաքներից մեկն է, չի կարելի հանդուժել որ օրական հինգ-վեց անգամ մաքրում եք, ու ձեր կտորը սևանում է։ Հենց դա էլ համարում ենք եվրոպական քաղաք»,–ասում է Տիգրան Խզմալյանը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Պետական կառավարման ակադեմիայի դասախոս Սուրեն Պետրոսյանը երևանցիներին դրդում է պայքարի «Պայքարի՛ր, Երևան» կարգախոսով։
«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը պաշտոնավարելուց, պաշտոնանկ լինելուց ու վերադառնալուց հետո առաջարկում է շարունակել։ Կարգախոսը հենց այդպես էլ հնչում է՝ «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է»։
Քարոզարշավի առաջին օրերին Մարությանին երևանցիները չեն տեսել, բայց կարդացել են նրա գրասենյակի հայտարարությունը։
«Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ։ Պետք է վերադառնալ և նոր թափով շարունակել բարեփոխումների գործընթացը»։
Մարությանի երբեմնի համախոհ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը ո՛չ խոստանում է, ո՛չ վստահեցնում է, ո՛չ պայքար է առաջարկում,այլ ուղղակի ասում է՝ «Ասե՛ք, կանենք»։
Թե որքանով կօգնեն կարգախոսները քաղաքական ուժրին, կամ կօգնեն թե ոչ, պարզ կլինի սեպտեմբերի 17-ին։