Մանկավարժականում 70 հազար դրամ կրթաթոշակ կստանան, Ագրարայինում դեռ կսպասեն


Կառավարությունը վերանայում է բուհերում կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու չափերը։ Պետության համար կարևոր և առաջնահերթ կրթական ծրագրերով սովորող ուսանողների կրթաթոշակը կդառնա 70, գերազանցիկներինը՝ 77 հազար դրամ։ Գործադիրի որոշումը վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերին։ Որոշման հիմքում այն հիմնավորումն է, որ վերջին տարիներին այս ուղղություններով ուսուցիչ պատրաստող ֆակուլտետները դիմորդներ գրեթե չունեն։
Մանկավարժական համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսանողներն այս տարվա սեպտեմբերից 5 հազարի փոխարեն 70 հազար դրամ կրթաթոշակ կստանան։ Կառավարությունը որոշել է բարձր կրթաթոշակ տրամադրել պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների գծով։ Առաջին փուլի համար ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը՝ ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա ունի պարզ նպատակ. վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում՝ այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար: Միևնույն ժամանակ, ոլորտում մեր ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով երիտասարդ ուսուցիչների, նոր ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն: Եվ հետևաբար, այս նախագծով մենք նախատեսում ենք, որ այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ է, և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք է ունենում, ինչպես կեցության, տրանսպորտային ծախսերի և այլ հարցերի»:
Առաջին տարում կրթաթոշակ կստանան այս մասնագիտություններով սովորող բոլոր ուսանողները, երկրորդ տարվանից սկսած կգործի առաջադիմության շեմը: Նախարարությունը նախատեսում է, որ այս տարի կունենա շուրջ 58 շահառու բակալավրիական և առավելագույնը 169–ը՝ մագիստրոսական կրթական ծրագրերով։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ կրթաթոշակային նոր քաղաքականությունը կվերաբերի նաև Արգրարային համալսարանին։ Վերջին տարիներին այս ոլորտը նույնպես չի հետաքրքրում դիմորդներին։ 2023-ին նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասել է․ 750 տեղի համար192–ի փոխարեն 167 դիմում է ստացվել՝ «Ռադիոլուրին» ասում է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Կրթաթոշակների փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկումների ընթացքում հստակ դրված էր այն խնդիրը, որ բակալավրիատում գործող 18 կրթական ծրագրերից 14–ի համար կրթաթոշակը պետք է վերանայվի։
«Քննարկումների փուլում մեզ որևէ ազդակ չի եկել, որ մենք իմանայինք, որ այդ մասը բաց է մնում։ Կամ եթե լրացուցիչ հիմնավորման կարիք կար, մենք կարող էինք ներկայացնել։ Մեզ համար անակնկալ էր։ Մենք իմացանք նախագծի հաստատումից հետո։ e-draft.am-ում դրված տարբերակում ագրարայինի մասնագիտությունները կային»։
14 կրթական ծրագրերն այն մասնագիտություններն էին, որոնք անհրաժեշտ էին պետությանը և որոնց խրախուսումը կարևոր է ՝ ասում է Հրաչյա Զաքոյանը։
«Եթե անասնաբուժության, ագրոնոմիայի, սննդի անվտանգության մասնագետների մասին ենք խոսում, բնականաբար, այս ուղղությունները երկրի ազգային անվտանգության մի բաղադրիչն ապահովող մասնագետներ են պատրաստում։ Այսինքն՝ սննդի անվտանգությանն առնչվող մասնագետներ, և, բնականաբար, պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու մասնագետներ։ Շատ տրամաբանական է, որ, այո, պետք է պետական մակարդակով խրախուսվեն։ Եվ պետք է խրախուսվեն ոչ թե այս կամ այն բուհի ուսանողների պակասը լրացնելու կարիքները, այլ կոնկրետ պետության համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու կարիքը»։
Ինչու՞ նախագծից դուրս մնաց ագրարային ոլորտը։ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այս փուլում նախապատվությունը տրվել է պետության տեսանկյունից առավել կարևորվող ուղղություններին։
«Ուսուցիչների պարագայում նկատվում էր ծերացում։ Երեխաներին կրթելու ցիկլը պետք է կարողանանք ապահովել, և առաջին փուլում որոշեցինք նախապատվությունը տալ ուսուցիչներին, քանի որ նրանք են կրթողները։ Հաջորդ տարվանից այդ մասնագիտությունների ցանկը կընդլայնվի։ Կրթության պետական բյուջեն գնալով ավելանում է, և հույս ունենք, որ հաջորդ տարի կներառվեն նոր մասնագիտություններ, որոնք այդ տարվա համար կհամարվեն առաջնային»։
Կրթաթոշակների բարձրացումը միայն բուհերին չի վերաբերում։ Այն կտարածվի նաև քոլեջների և ուսումնարանների վրա, բայց ոչ բոլորի։ Այստեղ ևս հաշվի են առնվել տնտեսության և աշխատաշուկայի համար կարևոր ուղղությունները։ Խոսքը արդյունաբերության, շինարարաության և գյուղատնտեսության ոլորտների մասնագիտությունների ցանկի մասին է։ Դրանցով ընդունված ուսանողներն այս ուսումնական տարվանից կստանան 50, իսկ գերազանց առաջադիմությամբ սովորողները՝ 55 հազար դրամ կրթաթոշակ՝ ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։
«Հաջորդ ուսումնական տարում գերազանց ու լավ գնահատականների դեպքում այդ կրթաթոշակի չափը կպահպանվի։ Եթե կլինի 75 տոկոսից ոչ պակաս, կկազմի 40000 դրամ։ Եթե ոչ, ապա կրթաթոշակը չի պահպանվի»։
Պետական բուհերում կրթաթոշակներ տրամադրելու համար պետբյուջեից տարեկան շուրջ 846 միլիոն դրամ է հատկացվում։