ԿարևորՀասարակություն

Հայերը նախընտրում են ծովափնյա հանգիստը․ աջարական ափերը փոխարինվել են հունականով

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ. հուլիսին Հայաստան է ժամանել ավելի քան 255 հազար զբոսաշրջիկ, որը շուրջ  60 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։  2023թ. հունվարից հուլիս Հայաստան է ժամանել մոտ 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ․ սա էլ 29%-ով է ավելի 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ավելացել է նաև արտագնա զբոսաշրջիկների թիվը։ Տուրիստական գործակալություններն ու Տուրիզմի հայկական ֆեդերացիան փաստում են, որ հայերի նախընտրելի ուղղություններն այս տարի Եգիպտոսը, Հունաստանը, Մոնտենեգրոն և Իտալիան են։

Ամառային հանգստի համար տարիներ շարունակ նախընտրելի համարվող աջարական ուղղությունն այս տարի փոխարինվել է եգիպտականով ու հունականով, նախընտրելի ցանկի եռյակում նաև Թունիսն է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է՝ հայերը նախընտրում են ծովային հանգիստը։

«Հայտնի է, որ դեպի դուրս մեկնելիս նախընտրում են ծովային հանգիստ, ավելի շատ Եգիպտոս, որովհետև դա ամենահարմարն է գին-որակ հարաբերակցությամբ։ Դեպի Հունաստան, դեպի Եգիպտոս, դեպի Թունիս, արդեն այլընտրանքը մեծացել է, հնարավորությունները շատացել են, մրցունակ առաջարկներ կան, և այս դեպքում Վրաստանի աջարական ափերն արդեն միակ հիմնական ուղղությունը չեն»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի դիտարկումները հաստատում են նաև տուրիստական գործակալությունները։

«Adventures» ընկերության աշխատակից Մարիամը թվարկում է այս տարվա նախընտրելի ուղղությունները։

«Հիմնական ուղղություններ են Եգիպտոս, Դուբայ, Աբու Դաբի, այս տարի նաև Մոնտեներգրո կա։ Եվրոպական երկրներ ավելի քիչ են գնում, քանի որ վիզայի խնդիր կա։ Եգիպտոսը նախընտրում են, քանի որ մատչելի է»։

«Թրավել ուանի» աշխատակից Ինա Խաչատուրյանը խոսում է իտալական ուղղության նկատմամբ մեծացած հետաքրքրության մասին։

«Ավելի շատ եվրոպական ուղղություններն են, մասնավորապես՝ Հռոմ, Միլան, նաև Հունաստան են շատ այցելում, սակայն առաջին տեղում ամեն դեպքում Իտալիան է»։

Եվրոպական ուղղության գլխավոր խոչընդոտը վիզաներն են։ Շենգենյան երկրներ մեկնելիս զբոսաշրջիկները չեն կարողանում դեսպանատաներում ամրագրումներ անել, երկար հերթերն ու ձգձգումները լուրջ խնդիրներ են ստեղծում զբոսաշրջային ընկերությունների համար՝ ասում է  Մեխակ Ապրեսյանը՝ հորդորելով չգնալ եվրոպական այն երկրներ, որոնց դեսպանատները պատրաստակամ չեն ընդունելու իրենց։   

«Շատ լավ գնում են Մոնտենեգրո, որովհետև այդ երկիրը ամեն սեզոնի համար առանց մուտքի վիզա ռեժիմ է սահմանում զբոսաշրջիկների համար։ Լավ է, որ այդ հնարավորությունը կա, և մարդիկ արժանավայել գնում են հանգստանալու։ Կա նաև Թունիս ուղղությունը։ Այս ուղղությունները կան, ու զարմանում եմ, թե ինչու է մեր ժողովուրդը անընդհատ նսեմացած վիճակում ուզում են գնալ եվրոպական երկրներ։ Այն երկրների դեսպանությունները, որոնք հարգալից չեն վերաբերվում, նսեմացուցիչ վերաբերմունք են դրսևորում, շատ դեպքերում ասում եմ, որ լավ են անում, որովհետև մենք ենք դա թույլ տալիս»։

Որքան էլ այսօր արտագնա տուրիզմի մեկնողների թիվը մեծ է, ակտիվություն կա, միևնույնն է, իրավիճակը մինչքովիդյանին չի մոտեցել՝ փաստում է Մեխակ Ապրեսյանը։ 2019-ին արտագնա զբոսաշրջիկների թիվը հասել էր 1.8 միլիոնին, որը համեմատելի չէ այսօրվա ցուցանիշների հետ։

Դինամիկ զարգանում է նաև ներքին տուրիզմը․ հայերը սկսել են ավելի շատ այցելել Տավուշի ու Լոռու մարզեր, որոնք նախկինում հանգստի ընդգծված ուղղություններ չէին։ Ամռան ամիսներին Հայաստանում ներգնա տուրիզմով հետաքրքրվողները հիմնականում այլ երկրներից ժամանած մեր հայրենակիցներն են։ Օտարերկրացիների համար Հայաստանը՝ որպես տուրիստական երկիր,  առավել նախընտրելի է գարնան ու աշնան ամիսներին։

Back to top button