Խաղաղությունը տրվում է ուժով ու զինվելով․ ոսկեպարցիները հաստատակամ են


Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպարում վերջին 2-3 տարում իրավիճակը հարաբերական կայուն է։ Կրակոցներ հազվադեպ են հնչում, բայց բնակիչներին անհանգստացնում են գյուղի շուրջ պտտվող խոսակացությունները ու քաղաքական քննարկումների օրակագից դուրս չեկող անկլավների թեման։
Ոսկեպարի գյուղամիջի զրուցարանում նարդու ձայնը զուգորդվում է մեծահասակների խոսքուզրույցին։ Հենց այս զրուցարանում հավաքված մարդիկ են դիմավորում գյուղ մտնողներին։ Արդեն անգիր գիտեն՝ եթե լրագրող է եկել, ինչ հարցեր է տալու։ Բայց սկզբում ոչ թե հարցերիդ են պատասխանում, այլ իրենք են հարցեր տալիս։ Գլխավոր թեման գյուղի շուրջ պտտվող խոսակցություններն են, վարչապետի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի 86 600 և Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետրերն ընդգրկում են նաև անկլավները։

«Ամեն մեկը գալիս, մի բան է ասում․ մեկը մանիպուլյացիայի է ենթարկում, մյուսը ասում է հեսա–հեսա կվերջանա։ Չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց ես ասում եմ, որ ո՛չ»։
Իսկ ոսկեպարցու «ոչ»–ը հայերի ու թուրքերի՝ նույն տարածքում խաղաղ ապրելուն է վերաբերում։
«Կարո՞ղ ա չինական պատ սարքենք ու սահմանը գծենք, ի՞նչ իրար հետ ապրելու մասին է խոսքը»։


«Մեր օրերում սահմանամերձ գյուղում ապրողին խաղաղությունից բացի ուրիշ ի՞նչ է պետք։ Խաղաղությունը մեր ամենամեծ երազանքն է, բայց դա էլ գին ունի»,–նկատում է Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը: Ասում է, որ դեռ թարմ են պատերազմի հետքերն ու վերքերը: Ու դժվար է երիտասարդներին համոզել, որ ադրբեջանցիները նոր սադրանքների չեն գնա և հնարավոր կլինի նրանց հետ կողք կողքի ապրել։
«Կարող է ժամանակին մեր ծնողները, պապերը իրենց լեզվով ասած «դոստություն» են արել, բայց հիմա բացառվում է»։
Գյուղացիներին հատկապես նյարդայնացնում է «անկլավ» բառը։ Դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Արմենուհի Պապիրյանը բացատրում է երևանաբնակներին։

«Մենք չունենք անկլավ, մեր պապական հողերն են։ Եթե Հայաստան չլինեինք, 6-7-րդ դարի եկեղեցի չէինք ունենա։ Էն, որ ադրբեջանցիները փլել են ռուս բանակի հետ, դեռ չի նշանակում, որ իրենք կարող են վերցնել։ Դրանք մեր պապական հողերն են։ Մենք այնքան ապացույցներ ունենք, որ այս հողերը մերն են, էլ չասած»։
73-ամյա Վարդան Բադալյանի տանն ենք։ Հիշում է, թե ինչպես անտառում սպանեցին 16 ոստիկանի՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
«Մենք մի լիճ ունեինք, թուրքի երեխեքը գալիս էին, միասին համերաշախ լողում էինք, վերջում իրար հետ կռվում, ղրկում էինք․․․ Ո՞նց կարող ենք մենք իրանց հետ ապրել, իրանք թուրք են, մենք՝ հայ։ Հնարավոր չի, որ թուրքի հետ խաղաղ ապրենք»։
38-ամյա Նորայր Բադալյանի մանկությունն էլ է անցել արկերի պայթյունների ու կրակոցների տակ։

Նորայրի պատշգամբից երևում են ադրբեջանական հենակետերը։ Բայց նա Ոսկեպարում ապրում է այն հույսով, որ իր երկու մանկահասակ երեխաները չեն տեսնի պատմության կրկնությունը։
«Խաղաղությունը տրվում է ուժով, զինվելով։ Զիջելով խաղաղություն չի լինում»։