

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը, որն ամիսներ շարունակ պնդում էր, թե շուտով Անկարա կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, օրերս հայտարարեց, որ ինքն է մեկնելու Մոսկվա։ Էրդողանը հույս ունի, որ կկարողանա Պուտինին համոզել՝ վերադառնալ հացահատիկի գործարքին ու երկխոսություն սկսել Ուկրաինայի հետ։ Սիրիական ճգնաժամն ու Հարավային Կովկասի իրավիճակը նույնպես քննարկվելու են։ Փորձագետների գնահատմամբ՝ Պուտինն իր իմիջը չվտանգելու համար չի գնում Անկարա, Էրդողանն էլ իմիջը չկորցնելու համար ՝ ուզում Մոսկվա մեկնել։
Թուրքիան Ռուսաստանի հետ վերջին կամուրջն է Արևմուտքի համար՝ նկատում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Առաջ տանելով իր շահերը՝ Անկարան առաջ է մղում նաև հավաքական Արևմուտքի շահերը։ Ստացվում է՝ ծառայում է Ռուսաստանի թշնամուն։ Իր այդ դերը չտապալելու և իմիջն Արևմուտքի աչքին պահելու համար էլ էրդողանը մեկնում է Մոսկվա։
«Էրդողանը, եթե երկրորդ անգամ, ավելի դժվար պայմաններում, հաջողացնի, այդժամ իր վարկը ավելի շատ պիտի բարձրանա։ Դրա համար էլ Էրդողանը որոշեց գնալ, թեկուզ գնա Պուտինի ոտքը, խնդրի, բայց անի այդ գործը»։
Հացահատիկի գործարքը Արևմուտքին է պետք։ Առաջին անգամ աղքատ երկրների անունով կայացած գործարքից չօգտվեց ոչ մի աֆրիկյան աղքատ երկիր. հացահատիկը միայն Եվրոպայում հայտնվեց։ Պուտինն իրեն խաբված զգաց և իր իմիջը չվնասելու համար չի գնում Անկարա՝ նման գործարքի մասին չխոսելու համար։ Առաջին գործարքն Էրդողանը հաջողեցրեց, իսկ երկրորդը կկայանա՞, թե՞ ոչ դեռ հարց է։
Պուտինը ԲՐԻՔՍ-ում է վերջերս հայտարարել, որ պատրաստ է վերադառնալ հացահատիկի գործարքին, եթե կատարվեն Մոսկվայի բոլոր պայմանները։ Պայմանների մեջ է ոչ միայն հացահատիկը աղքատ երկրներ հասցնելը, այլ նաև Օդեսայի ջրային հատվածի ականազերծումը։ Կհաջողվի՞ Էրդողանին Պուտինին համոզել՝ թերևս Ռուսաստանի քաղաքական շահը ցույց կտա։ Մոսկվա մեկնելուց առաջ Էրդողանը կրկին հայտարարել է՝ Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինայի մաս։ Սա, ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի, Թուրքիայի կողմից բազմիցս օգտագործված «և նալին, և մեխին խփելու» հնարք է։
«Երկու կողմին էլ հավասար պահում է։ Դա իր շատ ճիշտ քաղաքականությունն է։ Ինքը դրանով հանդիսանում է նաև այդ կամուրջը։ Այսինքն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդ լինելու միակ անձ այսօր Էրդողանն է։ Չեմ կարծում, որ կողմերը դոգմաներով առաջնորդվեն։ Սա քաղաքականություն է։ Պետք չէ, այսպես ասած, շատ խիստ ընդունենք ամեն ասվածը։ Այո, Պուտինը կարող է փափկել։ Իհարկե, իր խոսքն ասեց, բայց ինչ-ինչ պայմաններից ելնելով, կարող է անտեսել այդ հայտարարությունը՝ ինչ-որ պատճառներ միշտ էլ կգտնվեն։ Հիմա, տեսնենք Արևմուտքը ի՞նչ պիտի ասի Էրդողանի միջոցով։ Կարծում եմ, Պուտինը «կհամոզվի», բայց այստեղ Պուտինն ինչ-որ բաներ ձեռք բերած կլինի. ինչ-որ շահեր կունենա՝ այսպես կամ այնպես»։
Ի՞նչ ազդեցություն կունենա դա մեր տարածաշրջանի վրա։ Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է։
«Գուցե, ինչ-որ բաներ կարողանա նաև կորզել Էրդողանից կամ Արևմուտքից՝ այստեղ խնդիրը, վիճակը թեթևացնելու համար»։
Սակայն ռուսական դիվանագիտության վրա հույս դնել պետք չէ՝ հավելեց թուրքագետը։ Նա չի կիսում գնահատականը, թե ռուս-թուրքական հարաբերությունների վիճակն այս փուլում կայուն ծանր է, բայց նաև նկատում է, որ պատմության ընթացքում դրանք երբեք էլ լավ չեն եղել ու չեն լինի։ Էրդողանի ընտրությունից հետո Մոսկվան ավելի լավ է հասկացել, որ թուրքը ռուսի բարեկամը չէ, բայց այսօրվա բարդ փուլում, Պուտինը չի կարող ու չի ուզում փչացնել հարաբերությունները Անկարայի հետ։ Նրանք երբեք իրար հետ բարեկամ չեն լինի, սակայն, Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, ինչ-որ խնդիրներում համագործակցություններ միշտ էլ լինելու են և ռուսական դիվանագիտությունն, ըստ թուրքագետի, այդ ընթացքում մեծ սխալներ է անում, ինչից ինքը վախենում է։