ԿարևորՀասարակություն

Գորգագործության բաց դաս՝ Հյուսիսային պողոտայում և Սարյան փողոցում

Օգոստոսի 26-27-ը Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաև գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։

Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում․ գորգագործության ևս մեկ ցուցադրական դաս կանցկացվի օգոստոսի 27-ին Սարյան փողոցում։

«Վարպետաց դասերի միջոցով նպատակ ունենք գորգագործությունը հասարակության շատ ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու։ Այցելուները կարող են մոտենալ ու փորձել հանգույց գործել՝ ինչ-որ չափով ծանոթանալով գորգագործական ավանդույթներին»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը՝ տեղեկացնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում այսօր նաև փայտագործության ցուցադրական դաս է անցկացվել։

Թանգարանի տնօրենի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին գորգագործության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծացել է, իսկ նմանօրինակ միջոցառումներ թանգարանը կազմակերպել է ինչպես Երևանում, այնպես էլ ՝ ՀՀ մարզերում․ «Եթե դեռ 10 տարի առաջ շատ քիչ կենտրոններ կային, որոնք զբաղվում էին գորգագործությամբ և նաև դասընթացներ էին կազմակերպում, այսօր այդ կենտրոնների թիվը բազմապատկվել է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում»։

Ի դեպ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը․ այդ առիթով վաղը հատուկ արարողակարգով կմեկնարկի թանգարանի հոբելյանին նվիրված գորգի գործման գործընթացը։ Լուսինե Թորոյանի խոսքով՝ գորգը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվում են «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Այն նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։

Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի կունենան դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր և այլն:

«Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Արմավիրի մարզի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում:

Միջոցառումների մուտքն ազատ է։

Back to top button