Արմավիրի լուսաձայնային նոր շատրվանը կդառնա քաղաքի այցեքարտերից մեկը


Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանը հիմնանորոգվում է. թամանյանական ճարտարապետական տեսքը պահպանելով՝ այն տեխնոլոգիական նոր լուծումներ է ստանում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են արմավիրցիները, իսկ լուսաձայնային մոնտաժման համար չինացի մասնագետներ են հրավիրվելու: Արմավիրում նաև լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում:
Թամանյանական ձեռագրով նախագծված Արմավիրի տարբեր թաղամասերում, չնայած տևական տապին, շինարարական լայնածավալ աշխատանքներ են. վերակառուցվում են ամենաբանուկ ու շրջանցիկ ճանապարհները, հիմնանորոգվում է հրապարակի գլխավոր շատրվանը: Շատրվանի ճարտարապետական տեսքը պահպանվելու է, բայց փոխվելու է տեխնոլոգիան: Շինարարական ընկերության աշխղեկ Ադամ Հովսեփյան.
«Նախկին շատրվանն ամբողջությամբ ապամոնտաժել ենք, զրոյից նորն ենք կառուցում: Հիմնակմախքը ժամանակակից նորմերին համապատասխան կոնստրուկցիա է՝ երկաթբետոնե հիմքով: Ունենալու է նոր ֆիլտրացիոն համակարգ և նոր շատրվանային համակարգ, որը մոնտաժելու են չինացի մասնագետները»:


Ժամանակակից լուծումներով կառուցվող շատրվանն ունենալու է լուսաձայնային էֆեկտներ: Հիմա բետոնացվում են շատրվանի հատակն ու պատերը:
«Առավոտյան ժամը 6-ին արդեն այստեղ ենք լինում, աշխատում ենք մինչև կեսօր, հետո հանգստանում ենք, շոգին չենք աշխատում, իրիկվա հովին նորից վերադառնում, շարունակում ենք աշխատել»:




Շատրվանի նախագծի արժեքը 173 մլն դրամ է, որի 70 տոկոսը վճարելու է համայնքը, աշխատանքները կավարտեն հաջորդ տարվա գարնանը: 2023թ. սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են նաև Արմավիր քաղաքի ամենաբանուկ փողոցն ու հարող շրջանցիկ ճանապարհները: Մինչև այդ փոխվել են խմելու ջրագծերը, կարգի են բերվել գետնի տակով անցնող ենթակառուցվածքային մալուխները: Աշխատանքներն ընթանում են Շահումյան փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածում:
Ճանապարհաշինարարական կազմակերպության աշխղեկ Արսեն Սիմոնյան․ «Փոխվել են ջրագծերը, մայթերով անցկացրել են էլեկտրական մալուխները, բարձրացվել են դիտահորերը, և հիմա մենք կատարում ենք ճանապարհի հարթեցման, կոպճապատման աշխատանքները: Մյուս կողմում խիճն ենք լցնում, որ վաղը կամ մյուս օրը հարթեցնենք: 3-4 օրից կսկսենք ասֆալտապատել»:
Նախորդ տարիներին ճանապարհաշինարարները ասֆալտի տակ էին թողել ենթակառուցվածքային դիտահորերը և վթարի դեպքում ստիպված քանդել են ասֆալտը: Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ այդ խնդիրները կարգավորվել են:
«Մենք Շահումյան փողոցում և մնացած հատվածներում նախապես օպերատորների հետ համաձայնեցված, ըստ անհրաժեշտության, որոշ հատվածներում փոխում ենք ջրամատակարարման ցանցը, որոշ մասերում՝ կապի օպերատորների ցանցը, նույնիսկ Գազպրոմն է փոփոխություններ իրականացրել՝ գազատարի ստորգետնյա վթարված հատվածն ամբողջությամբ փոխել է: Մեր նպատակը հետևյալն է՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո անհրաժեշտություն չլինի նորից քանդելու արած ասֆալտը»:






Շահումյան փողոցի մի հատվածում վերականգնվում են մայթերը, կառուցվում նոր առուներ: Վաչիկ Հովհաննիսյանը եզրաքարերի տեղադրման վարպետ է։
«Մենք եզրաքարերն ենք շարում, այստեղ ծառերն են տնկելու: Մեր աշխատանքի վարձատրությունը մետրով է գնահատվում, շուտ ենք գալիս, որ շատ աշխատենք ու շատ ստանանք: Նորմալ են վարձատրում, չենք դժգոհում՝ ամիսը 2-3 անգամ»:
Շահումյան փողոցի շինարարական աշխատանքները տևական ժամանակ անհարմարություններ են ստեղծել թե՛ երթևեկության, թե՛ հետիոտնի համար. ճանապարհները դժվարանցանելի են, փոշին՝ շատ, բայց բնակիչները համբերատար սպասում են շինարարության ավարտին:






«Միանշանակ անհրաժեշտ էր փողոցի բարեկարգումը. քարուքանդ եղած փողոց էր, երեխաները չէին կարողանում դուրս գալ, քայլել: Հիմա հույս ունենք, որ շուտով կբարեկարգվի ու շատ լավ կլինի, հետո կվայելենք»: «Լավ են անում, որ բարեկարգում են, դժվար երթևեկելի ճանապարհ էր և ենթակա էր վերանորոգման: Մեր բակն արդեն լինելու է սիրուն, կոկիկ, ծառերը մշակված, մայթերը սարքած: Մի խոսքով՝ շատ լավ է:» «Դե, հա, հույս կար, որ կբարեկարգեն» «30-40 տարի ոչ մի բան չեն արել: Ես 40 տարեկան եմ, փոշիների մեջ եմ մեծացել, ու հույս էլ չկար, որ կսարքեին: Հիմա վա՞տ է, որ սարքում են, շատ լավ է: Սա կսարքեն, հետո կգան մեր մոտ»:










Արմավիր քաղաքի ամենաերկար ու բանուկ Շահումյան փողոցի հիմանորոգման համար պահանջվել է շուրջ 575 մլն դրամ: