

ՄԱԿ ԱԽ–ում Հայաստանի նախաձեռնած արտահերթ նիստից գրեթե 10 օր անց դեռ պարզ չէ՝ այդ կառույցում Արցախի շրջափակման հարցով ընթացած քննարկումից հետո բանաձև կընդունվի՞, թե՞ ոչ։ Այս անորոշությանը զուգահեռ ՄԱԿ ԱԽ–ում նոր գործընթաց է ակնկալվում։ Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել՝ օգնելու Ադրբեջանի շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին։
Փարիզը պատրաստվում է ՄԱԿ ԱԽ ներկայացնել Լաչինի միջանցքի ապարգելափակմանն առնչվող բանաձևի նախագիծ: Լուրը տարածել է ֆրանսիական «Le Figaro» հեղինակավոր պարբերականը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ «Le Point»–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «այլևս դիվանագիտության ժամանակը չէ»։ Հստակեցրել է, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է։
Այս լուրը կարևորող վերլուծաբաններն առաջարկում են հասկանալ, թե ինչ հնարավորություններ կտան Հայաստանին Ֆրանսիայի նախաձեռնությունները և ինչ մթնոլորտ է այժմ հենց ՄԱԿ ԱԽ–ում։ Չմոռանանք, որ արդեն 10 օր անորոշ է Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ–ի ԱԽ–ում Լաչինի հարցով քննարկման արդյունքում բանաձևի ընդունման հեռանկարը։ Շատ վերլուծաբաններ վկայակոչում են նախորդ՝ 2022–ի դեկտեմբերի փորձը, երբ քննարկումից մեկ շաբաթ հետո մերժվեց Լաչինի հարցով հայտարարության ընդունումը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համոզված է, որ ամեն դեպքում, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանն առնչվող քննարկումները իրավական արտացոլում կստանան։ Դրական է համարում, որ Ակնայի՝ Աղդամի ճանապարհը բացելու առաջարկին միջազգային հանրությունը չտրվեց և չմոռացավ Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին։
«Այսինքն՝ Աղդամի ճանապարհը առաջարկելը միջազգային հանրությունը չի ընդունում երաշխիք, որ ԼՂ բնակիչները կստանան անհրաժեշտ սնունդ, դեղորայք և այլն։ Կարելի է ասել, որ դա որպես հակակշիռ չաշխատեց։ Բոլոր դեպքերում, «Լաչինի միջանցքը պետք է բաց մնա» հայտարարությունները հնչում են և ես հույս ունեմ, որ ապագա բանաձևի մեջ այդ միտքը նույնպես կարտահայտվի և չեմ տեսնում հնարավորությունը նաև, որ չարտահայտվի, որովհետև այդ մասին առնվազն երկու միջազգային դատարան եթե նշել է, իսկ եթե միջազգային դատարանը նշում է որևէ բան, դա դառնում է պատմական փաստ։ Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եթե հստակ որոշել են, որ միջանցքը պետք է բացվի, նշանակում է քաղաքական փաստաթղթում դա այսպես թե այնպես կարտահայտվի»։
Եթե քննարկումից առաջ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը հայտարարում էր, որ Հայաստանն առաջին անգամ գնում է այդ կառույց բանաձևի հետևից, ապա օգոստոսի 21–ին արդեն Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ասելիքի բովանդակությունը փոխվեց։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը հստակեցումներ մտցրեց հայկական կողմի սպասելիքների մեջ․
«Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 մշտական և ոչ մշտական անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ՝ նման իրավասություն չունի»։
Այսպիսով Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատեց, որ բարձր կառույցում քննարկում կազմակերպելու նպատակն էր պարզապես օգտվել միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակից և հնարավորությունից:
Արդյո՞ք Ֆրանսիայի նոր նպատակները կապ ունեն այս նախաձեռնության հետ, թե նոր գործընթաց է սկսվում, դեռ պարզ չէ։ Բայց ամեն դեպքում այս նախաձեռնության նպատակներն էլ է անհրաժեշտ ճիշտ ձևակերպել և հասկանալ։ 2022–ի դեկտեմբերին նույն կառույցում Ֆրանսիան Հայաստանի խնդրանքով նախաձեռնել էր Լաչինի ապօրինի արգելափակման հարցով հայտարարության տեքստի քննարկում։ Այն ժամանակ փաստաթղթի ընդունումը տապալվեց մի քանի պետության դիրքորոշման հետևանքով։ Շատ հաճախ մատնանշվում էր, որ Ռուսաստանը դեմ էր ձևակերպումներին՝ տարածաշրջանում իր առանձնակի դերակատարությունը չշեշտելու պատճառով։
Հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական տիրույթում Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատումը դեռ ավարտված չէ, ապա նույն կառույցում նույն թեմայով նոր քննարկման արդյունավետությունը նորից հարցականի տակ է։ ՄԱԿ ԱԽ–ի մշտական անդամների կազմը մեծ հույսեր չի ներշնչում՝ նշում է ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը․
«Հայկական պետականությունը չի համարձակվում խոսել նրա մասին, որ ինքը պատերազմի մեջ է ռուս–թուրքական ռազմավարական դաշինքի դեմ, որտեղ Ադրբեջանն ընդամենը «կցորդ» է։ Վերջին 2–3 ամսվա կտրվածքով, իմ կարծիքով, տեղի են ունենում որակական փոփոխություններ, որովհետև թշնամիներն անցել են հաջորդ փուլի։ Նպատակները հրապարակային ձևավորված են, դա արդեն հայկական, հայ ժողովրդի պետական ինքնիշխանության դեմոնտաժն է»։
Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարկ է համարել հերքել լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։ «Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են», — նշել են դեսպանատնից։
Մինչդեռ վերլուծաբանները համարում են, որ առանձին վտանգ է հայկական կողի համար հարցի անարդյունք շրջանառումը կառույցում։ Այս դեպքում ՄԱԿ ԱԽ–ի նման կեցվածքը Ադրբեջանի կողմից կարող է ընկալվել որպես «կանաչ լույս» իր հետագա գործողությունների համար։ Դրա առաջին արդյունքները, կարծես, արդեն տեսանելի են։ Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնելու նպատակով տարածաշրջան այցելած ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին Ադրբեջան այցելելու թույլտվություն չի տրվել։ Հիմնավորումն այն է, որ Բաքուն նման այցի անհրաժեշտություն չի տեսել, և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։ Անջեյ Կասպրշիկն Լաչինի միջանցքի սկզբնամասում տիրող իրավիճակին կարողացել է հետևել միայն հայկական կողմից՝ Կոռնիձորի հատվածից։
ՄԱԿ ԱԽ–ի վերջին անարդյունք քննարկումը Լաչինի միջանցքի մասին ընդգծել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։ Հատուկ շեշտել է, որ քննարկմանը «ոչինչ չհաջորդեց»։
«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի։ Մենք չպետք է որևէ գումար տրամադրենք Ադրբեջանին․․․ Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում ավելի շատ մարդիկ կմահանան»։
Ֆրանսիայի նախագահն իր հերթին վերջին հարցազրույցում ընդգծել է, որ կողմ են ժողովրդի ինքնիշխանությանը, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Բայց շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին ու նաև ուշադրություն է հրավիրել, որ ԼՂ շրջափակումից բացի նաև Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված։