Տեղեկություն կա, որ ուզում են Լաչինի միջանցքը միակողմանի բացել, այսինքն՝ ԼՂ-ից ՀՀ․ Նիկոլ Փաշինյան

Հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու մասին, Կառավարության նիստում հայտատարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահին էլ ՀՀ–ում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, նրանցից շուրջ 5000-ը` նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ըստ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ–ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո։