Հաջող ու անհաջող լուսնային դեբյուտներ լուսնային պայքարում․ «Լուսնային նավը» հասավ Լուսին


Հնդկական «Վիքրամ» վայրէջքի մոդուլը, որը կրում էր «Պրագյան» լուսնագնացը, հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։ Պատմական համարվող առաքելությունը հեռարձակվում էր ուղիղ եթերում։ Դրան հետևում էր շուրջ 6,5 միլիոն մարդ։ Հնդկաստանը չորրորդ երկիրն է, որը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո իր ապարատն է իջեցրել Լուսնի մակերևույթի վրա։ Ընդ որում՝ առաջինն է, որի սարքավորումը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում։ Գրեթե միաժամանակ Երկրի արբանյակին մոտեցել է նաև ռուսական «Լունա-25» կայանը։ Լուսնի մակերևույթի վրա վերջինի վայրէջքը ձախողվել է։
Ռուսաստանի անհաջող լուսնային դեբյուտը և հնդկական լուսնային առաքելությունը Լուսնի ուսումնասիրության համար մշակվող բազմաթիվ նախագծերից ընդամենը մի քանիսն են: Ովքե՞ր, ե՞րբ և ինչպե՞ս են նախատեսում գրավել Լուսինը։


Առաջինը՝ Լուսնի հարավային բևեռում և չորրորդ պետությունը, որին հաջողվեց Լուսին հասնել։ Հնդկաստանի «Չանդրայան 3» առաքելությունն արդեն իսկ «պատմական» է որակվում։ Այն մեկնարկել էր հուլիսի 14-ին, սարքը պետք է իջներ Լուսնի հարավային բևեռամերձ մասում, որի տեղանքը մանրամասն ուսումնասիրված չէր, հետևաբար, մեծ էր ռիսկը, որ փոքր թերությունը կարող է «Չանդրայանի» հետ կապը կորցնելու պատճառ դառնալ։
«Չանդրայան» սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «Լուսնային նավ»։ Լուսին հասնելու Հնդկաստանի նախորդ փորձը 2019-ին էր՝ «Չանդրայան 2» առաքելությամբ։ Սակայն ծրագրային ձախողման պատճառով սարքավորումը բախվել էր մակերեսին: «Չանդրայան 3» առաքելությունն, ի սկզբանե, նախատեսված էր 2021 թվականին, սակայն հետաձգվեց համաճարակի պատճառով: Այս անգամ «Լուսնային նավը» տեղ հասավ․Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդի․
«Հնդկաստանն այժմ Լուսնի վրա է։ Հնդկաստանի լուսնային առաքելության հաջողությունը միայն Հնդկաստանինը չէ։ Մենք բոլորս կարող ենք ձգտել դեպի Լուսին և դրանից էլ այն կողմ»։
Այս տարի հունիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել էր ԱՄՆ, Ջո Բայդենի հետ համաձայնագրեր էր ստորագրել «Արտեմիս» առաքելությանը միանալու և հնդկական ու ամերիկյան տիեզերական գործակալությունների (ISRO-ի և NASA-ի) միջև հետագա համագործակցության վերաբերյալ: Հաջորդ տարի սպասվում է, որ տիեզերական գործակալությունները միասին կաշխատեն հնդիկ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար:
Ըստ Հնդկաստանի տիեզերական գործակալության (ISRO) հաշվարկների՝ Chandrayaan-3 առաքելությունն արժե մոտ 75 միլիոն դոլար: Սա անհամեմատ ավելի համեստ բյուջե է Լուսին հասնելու այլ երկրների ծրագրերի համեմատ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի «Արտեմիս» ծրագիրը գնահատվում էր 93 միլիարդ դոլար, իսկ Լունա 25-ը 12,6 մլրդ ռուբլի էր գնահատվում։
NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը շնորհավորել է Հնդկաստանին X-ի կայքում, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, գրելով. «Մենք ուրախ ենք, որ ձեր գործընկերն ենք այս առաքելության մեջ»։
Ամիսը լուսնային էր ոչ միայն Հնդկաստանի, այլև Ռուսաստանի համար։ Օգոստոսի 11-ին մեկնարկել էր ռուսական Луна-25 առաքելությունը։ Սակայն օգոստոսի 21-ին
«Ռոսկոսմոս»-ը հայտնեց, որ սարքավորումը բախվել է Լուսնին։ Луна-25-ի հետ կապը կորել էր օգոստոսի 19-ին։ Հաղորդված իմպուլսի միջոցով սարքավորումը պետք է դուրս գար լուսնային էլիպտիկ ուղեծիր, որտեղ գտնվելու էր Լուսնից ընդամենը 18 կիլոմետր հեռավորության վրա: Սակայն հաղորդված սխալ իմպուլսի պատճառով սարքավորումը չհաշվարկված ուղեծիր է դուրս եկել և կործանվել։ «Ռոսկոսմոս»–ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Луна-25-ի կործանման պատճառները հետաքննելու նպատակով ստեղծվելու է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով: «Ռոսկոսմոս»–ի ղեկավար Յուրի Բորիսով․
««Լունա-25» արբանյակի վթարի պատճառն այն է, որ շարժիչը ժամանակին չի անջատվել և 84-ի փոխարեն աշխատել է 127 վայրկյան։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն արդեն ստեղծվել է և սկսել է աշխատանքը։ Արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ առաքելությունները պլանավորելիս»։
Սա Ռուսաստանի համար պատմական առաքելություն էր, քանի որ շուրջ 50 տարվա դադարից հետո առաջին լուսնային հետազոտությունն էր։ Վերջինը «Լունա 24»-ն էր, որը մեկնարկել էր 1976 թվականի օգոստոսի 9-ին։ Յուրի Բորիսով․
«Լուսնային ծրագրերի 50–ամյա ընդմիջման պատճառով պետք է ամեն ինչ նորից յուրացնել։ Չնայած վթարին՝ Ռուսաստանը անգնահատելի փորձ է ձեռք բերել դեպի Լուսին թռչելու և նրա ուղեծիր մտնելու հարցում»։
Լուսին չհասնելու գործընթացում Ռուսաստանը միայնակ չէ․ տարեսկզբին ձախողվել էր նաև ճապոնական Ispace ընկերության առաջին վայրէջքի փորձը․ այն նույնպես վթարի էր ենթարկվել վերջին պահին։
«Ռոսկոսմոս»-ի անհաջող լուսնային դեբյուտը և հնդկական լուսնային առաքելությունը Լուսնի ուսումնասիրության համար մշակվող բազմաթիվ նախագծերից ընդամենը մի քանիսն են: Դրանցից ամենամեծը ամերիկյան «Արտեմիս» ծրագիրն է, որը նախատեսում է 2024 թվականին չորս տիեզերագնաց ուղարկել Լուսնի շուրջը:
2019թ․-ից Լուսին հասնելու հարցում ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը Չինաստանն է։ Բանն այն է, որ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմում տիեզերանավ իջեցնելու առաքելության հեղինակներն ամերիկացիները չէին։


Թեև դա տեխնիկական առումով ձեռքբերում և առաջընթաց չէր համարվում, այդուհանդերձ, չինացիներին հաջողվել էր Լուսինի վրա քայլ անել ամերիկացիներից առաջ։ Չինաստանի Լուսնային ծրագրի մեկնարկը 2007-ին տվել է «Չանյէ-1» կոչվող արհեստական արբանյակը, որը կրում է Չինաստանում Լուսնի աստվածուհու անունը։
Լուսնի հարավային բևեռը հետազոտական հետաքրքրության վայր է դարձավ, երբ Երկրի բնական արբանյակի վրա ջրային սառույցի հետքեր հայտնաբերվեցին։ Գիտնականները հույս ունեն Լուսնի հարավային բևեռում ջուր գտնել։