Գերդաստաններ

Երկաթին քնարականություն հաղորդող եղբայրները. Անտոնյաններ. «Գերդաստաններ»

Նրանք վաղուց տիրապետել են երկաթին, պղնձին շունչ ու գեղեցկություն հաղորդելու արհեստին, նրանց  աշխատանքներին կարելի է հանդիպել ոչ միայն Իջևանի փողոցներում։

Երևանում՝ Մոնումենտի մոտ, շատ առանձնատների ու շինությունների դարպասներն ու ճաղավանդակները նրանց ստեղծագործական աշխատանքի արդյունքն  են։

Երևանում՝ Մասիվից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Թևոսյան փողոցում, հետաքրքիր ազգային յուրօրինակ զարդանախշերով մի տուն կա։ Դրա հարևանությամբ նմանատիպ ևս մի քանիսը։ Այս տների բնակիչներին միավորում է ոչ միայն արյունակցական կապերը, այլև մասնագիտությունը։ Ոմանք այս փողոցն անվանում են «Դարբինների փողոց»։ 

Տիգրանը, Արամը, Գագոն, Արմենը, Արթուրը` հինգ եղբայրներ, դեռ պատանի էին, երբ առաջին անգամ գնացին Երևանի ժողովրդական արվեստի թանգարան, ու առաջինը նրանց աչքը գրավեցին թանգարանի պատուհանների երկաթե «խոսուն» ճաղավանդակները։ Տուն գալուն պես սկսեցին գլուխ գլխի տալ, մտածել, քննարկել` արդյո՞ք իրենք էլ կարող են նման գեղեցիկ աշխատանքներ ստեղծել։

Բայց ո՞վ իրենց կսովորեցնի դարբնություն։ Մեկը խորհուրդ տվեց` գնալ արհեստների քաղաք Գյումրի։ Եվ եղբայրներից ավագները՝ Արմենն ու Տիգրանը, ճամփա ընկան։ Գյումրիում ման եկան ու գտան վարպետ Համբարձում Ավետիսյանին՝ ամրակազմ, թավ աչք ու ունքով, իր աշխատանքը շատ սիրող մի մարդու, որի խոսքերի մեջ բարություն կար ու իր արհեստի գաղտնիքները տղաներին փոխանցելու վսեմ ցանկություն։ 

Ու այսպես տղաները դարձան ուստա Համբարձումի աշակերտները։ Մի անգամ եղբայրները մի գեղեցիկ մոմակալ էին գտել հնամենի քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում, բերել էին արհեստանոց ու վարպետին խնդրել` թույլ տալ իրենց երկաթից կերտել այդ հին մոմակալի նմանակը։  

Տղաներին վարպետ Համբարձումը ոչ միայն իր արհեստի նրբություններին էր ծանոթացնում, այլև դարբինների ու դարբնության մասին հետաքրքիր պատմություններին։

Հենց նրա պատմություններից էին իմանում Գյումրիի հին վարպետների մասին, հենց Վարպետն էր պատմում հին ավանդազրույցները, թե ինչպես Արտաշես արքայի որդին` չար ոգի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, անընդհատ ցանկանում էր ազատվել դրանցից, ու հենց հայ դարբիններն էին սալին հարվածելով ամրացնում Արտավազդի  շղթաները։ Ու այս պատմություններից հետո ուստա Համբարձումը միշտ հիշեցնում էր` դարբնությունը արդարություն է սիրում։

Ու վերջապես եկավ այն օրը, երբ վարպետ Համբարձումը տղաներին օծեց դարբին-վարպետ կոչումով ու բարի երթ մաղթեց։

Տղաները վերադարձան Երևան և հիմնեցին իրենց արհեստանոցն ու հին դարբինների նման երդվեցին «սուրբ զնդանի» առաջ միշտ այն մաքուր  պահել, հացի նստել հենց զնդանի շուրջը, իհարկե, լինել  արդար։ 

Երիտասարդ դարբին եղբայրները մի երազանք էլ ունեին` ամուսնանալ ձեռքի շնորհք ունեցող աղջիկների հետ և ստեղծել այնպիսի ընտանիք, ինչպիսին ուստա Համբարձումինն էր։

Վարպետ Արմենը ճակատագրի բերումով հենց հիվանդանոցում հանդիպեց հոգատար բուժքրոջը՝ Լուսինեին, որն ազատ ժամանակ սիրում էր հյուսել` մաքրամեով էր զբաղվում։ Հենց նրան Արմենը ամուսնության առաջարկ արեց։

Դավիթը՝ որդու հետ

Արմենն ու Լուսինեն հինգ զավակ ունեցան, ու որդիների համար հայրը հարթեց դարբնության ճանապարհը։ Հայկն ու Դավիթը Թերլեմեզյան ուսումնարանն ավարտելուց հետո մտան դարբնոց, որպեսզի ամուր երկաթին քնարականություն հաղորդեն։

Դավիթի՝ դարբին դառնալու պատմությունը, ինչպես ինքն է ասում, շատ նման է հորեղբոր՝ Արթուրի պատմությանը։ Դավիթին անվանում են նաև Դալան Դավո, քանի որ նա սիրում է նկարազարդել Երևանի շենքերի  դալանները։

Վարպետ Արթուրը կնոջ հետ որոշեց շատ երեխաներ ունենալ։ Այդպես էլ եղավ․ նրանք 10 զավակ ունեցան։ Որդիները ևս ընտրեցին հոր արհեստը։ Մանկությունից հորը և հորեղբորն օգնելու նպատակով նրանք հորեղբայրների տղաների հետ հաճախ էին գնում դարբնոց։ Ու տղաներն իրենք էլ չհասկացան, թե ինչպես մի օր սկսեցին նուռ, վարդ ու նիզակ կռել։

Ամերիկահայ հայտնի բարեգործ Հովնանյանները որոշել էին իրենց հայաստանյան տան թոնրատանը ազգային ոգի ու շունչ հաղորդել։ Եվ հենց Անտոնյան եղբայրներին էին ընտրել, որ անեն այդ գործը։ Թոնրի հայկական նախշազարդերով հարուստ կափարիչն ու ծխնելույզը ապշեցրել էր նրանց, հատկապես Հրայր Հովնանյանին։

Անտոնյան եղբայրները նաև նորարաներ են, կարելի է ասել, գյուտարարներ։ Երևի թե շատերն են ռեստորաններում կամ այլ  հյուրասիրության վայրերում նկատել տոնածառանման սարքը, որի  վրա պատրաստում են խորովածը, իսկ ներքևի հատվածում փլավի  կաթսայանման ափսեն է։ 

Անտոնյան գերդաստանի շառավիղներից մեկն էլ ԱՄՆ-ում է, այստեղ էլ նրանք ճանաչված դարբիններ են, որոնք ունեն իրենց յուրօրինակ ձեռագիրը։ Կարելի է ասել, որ գերդաստանի յուրաքանչյուր խումբն ունի իր ձեռագիրը։

Գերդաստանի երիտասարդներն աղջիկ ընտրելիս անպայման բերում են նախ դարբնոց, «որպեսզի փեշը մրոտվի», ասում է Հայկը ու շարունակում՝ տան  կինը ևս պիտի սիրի ամուսնու աշխատանքը, այն գործին հաջողություն է բերում։

Հայաստան եկող զբոսաշրջիկներից շատերն այցելում են նաև այս  հետաքրքիր վայրը, տեսնում երկաթին կյանք հաղորդելու պահը, շոշափում աստվածային ու առեղծվածային զնդանը և մտորում, թե  որքան հին ու զորեղ է այս փոքրիկ երկիրը, որի մասին հետո պիտի պատմեն իրենց ընկերներին, հիշեն նաև այստեղ մրոտված իրենց տաբատն ու փեշը և ծիծաղեն։

Back to top button