ԿարևորՏնտեսական

Երկնիշ աճ՝ շինարարության, անկում՝ էներգետիկայի ոլորտում․ արտահանումն աճել է երեք անգամ

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11․4 տոկոս։ Երկնիշ արդյունքով՝ 17 տոկոսով, ավելացել են շինարարության ծավալները։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ սա վատ ցուցանիշ չէ։ Հիմնականում զարգանում է բնակարանային և ոչ թե արտադրական շինարարությունը։ Կիսամյակային տվյալներով հուսադրող է նաև գյուղոլորտում արձանագրված մոտ 2․5 տոկոս աճն այն համատեքստում, որ անցյալ տարի ոլորտում անկում էր գրանցվել։ Այս տարի, սակայն, անկում է սկսվել էներգետիկայի ոլորտում։ Փոխարենն աննախադեպ տեմպերով՝ մոտ երեք անգամ, ավելացել են դեպի ՌԴ արտահանման ծավալները։ Ավելին՝ այս տարի առաջին անգամ արտահանման ծավալները գերազանցել են ներմուծումը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակն իր ուղիղ ազդեցությունն է ունենում Հայաստանի երկու կարևորագույն ոլորտների՝ արդյունաբերության ու  էներգետիկայի վրա։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանն այս գնահատականը Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներով է հիմնավորում։ Արդյունաբերության ոլորտում աճը 1 տոկոս է, 2022–ի համեմատությամբ՝ շուրջ 7․5 տոկոս անկում է գրանցվել․ էներգետիկայի ոլորտում անկումը  մոտենում է 3 տոկոսին։ Արդյունաբերության ոլորտում նվազել են հատկապես հանքագործական արտադրանքի ծավալները։

«Հատկապես արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում մենք տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղում ունենք, որը պայմանավորված է հիմնականում Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությամբ և Ադրբեջանի կողմից մեր սուվերեն տարածքի ոչ միայն օկուպացիայով, այլ նաև ամենօրյա ռմբակոծություններով։ Այսօր դրան ավելացել են նաև գյուղացիների վրա կրակոցները, որոնք թույլ չեն տալիս ոչ Հայաստանում, ոչ Արցախում հավաքել հացահատիկը, որը հատկապես Արցախում գոյության միակ աղբյուրն է»։

Հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակն արտացոլված է նաև հազար խոշոր հարկատուների կիսամյակային ցուցանիշներում։ Եթե տարիներ շարունակ առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը առաջին եռամսյակում 92–րդ տեղում էր, ապա կիսամյակային ցուցանիշով արդեն  120–րդն է։ Սոթքի հանքավայրը շահագործող այդ ընկերությունն իր արտադրական հզորություններից զրկվել է 44–օրյա պատերազմից հետո, երբ թշնամուն մնաց հանքավայրի մեծ մասը։  Էներգետիկ ոլորտում նույնպես անկումն ակնհայտ է։

«Էլեկտրաէներգիայի արտադրությունը վեց ամսվա ընթացքում մոտ  3 տոկոսով պակասել է։  Սա լուրջ ահազանգ է։ Նվազումը ոչ միայն արտադրական սպառմամբ է  պայմանավորված, այլ նաև՝ ֆիզիկական անձանց թվի կրճատմամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝  ՀՀ–ն  ունի ռեկորդային ցածր ազգաբնակչության թիվ՝ 2․7 մլն։ Սա նշանակում է, որ նվազել է սպառողների թիվը՝ ավելի պարզ լեզվով ասած»։

Կիսամյակային տվյալներով՝ մոտ 73 տոկոսով ավելացել է արտաքին առևտրաշրջանառությունը։ Փորձագիտական դաշտում սա աննախադեպ ցուցանիշ են համարում։ ՌԴ շուկան 2022–ին փակ էր այլ երկրների համար, Հայաստանն օգտվել է այս իրավիճակից՝ արձանագրում է տնտեսագետ, tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը։ Նրա հաշվարկով՝ ալիքի պիկը աշնանն էր, դրանից հետո տեմպերը որոշակիորեն դանդաղել են։ Այդուհանդերձ, 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ ու ՌԴ արտահանման ծավալներն ավելացել են։

«2021–ին Հայաստանը դեպի ԵԱՏՄ արտահանել է մոտ 800 մլն դոլարի ապրանք; 2023–ին արտահանումը երեք անգամ աճել է դեպի ՌԴ․ արտահանել ենք 2․5 մլրդ դոլարի ապրանք։ Եթե մինչև 2021 թվականը ԵԱՏՄ արտահանվող հիմնական ապրանքը կոնյակն էր, այս պահին հեռախոսներն ու մեքենաներն են»։

Տնտեսագետը վստահ է՝ արտահանման ծավալների աճը միայն վերաարտահանմամբ չի պայմանավորված։ Տվյալները հուշում են, եթե անգամ վերաարտահանումը չավելանար, միևնույնն է Հայաստանից արտահանման ծավալները երկու անգամ աճելու էին։

«2021–ին վերաարտահանումը կազմել է 6 տոկոս, 2022–ին՝ 28 տոկոս։ Դեպի ԵԱՏՄ երկրներ 43 տոկոս է վերաարտահանումը, Միջին  Արևելք՝ նույնպես 43 տոկոս։ Եթե հանենք վերաարտահանման տվյալները, կստացվի, որ  մեր արտահանումն աճել է  ոչ թե 3, այլ՝ 2 անգամ ։ Այսինքն` մեկ տարում՝ 2022–ին, զուտ արտահանումն աճել է երկու անգամ։ Մենք մեր ուժերով՝ առանց վերաարտահանման, կարողացել ենք ՌԴ շուկա այդքան ապրանք արտահանել»։

Միայն գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճը կազմել է 72 տոկոս, ավելացել են նաև սպիրտային ապրանքների արտահանման ծավալները։ 

Back to top button