Հայթաղում մանկապարտեզի նոր մասնաշենք է կառուցվում, Այգեշատում վերացվում են շինարարական թերությունները


Երեսուն տարի անց կրկին կվերաբացվեն Այգեշատ ու Հայթաղ գյուղերի մանկապարտեզները: Այգեշատում հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Հայթաղում դեռ կշարունակվեն ևս մեկ տարի, քանի որ այստեղ նոր մասնաշենք է կառուցվում: Շինարարական աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով:
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղը Խոյ համայնքի ամենախիտ բնակեցված գյուղերից է, որտեղ արդեն 30 տարի մանկապարտեզ չկա: Գյուղի 3-5 տարեկան երեխաները նախնական կրթությունը ստանում են հարևան գյուղերի՝ Արշալույսի, Արագածի, Գեղակերտի մանկապարտեզներում կամ Էջմիածնի մանկան զարգացման կենտրոններում:
«Մանկապարտեզ չունենք, ունեինք ծնողներ, որ տանում էին կողքի գյուղերը, բայց մենք չենք կարողացել տանել, քանի որ մեքենա չենք ունեցել: Երեխաներին միանգամից նախակրթարան եմ տարել»:
«Չկա, որտեղ գնան մանկապարտեզ, «Մի թոռնիկիս Արագածի մանկապարտեզ էի տանում, մյուսին արդեն տանելու եմ Արշալույս: Մեքենայով եմ տանել-բերելու, բենզին եմ ծախսելու, դժվարություններով»:
Հայթաղի մանկապարտեզի հիմնախնդիրը լուծվել է 2022թ սուբվենցիոն ծրագրով, որի շինարարական աշխատանքները սկսել են այս տարի: Լուրը ոգևորել է գյուղացիներին:
«Գրեթե 90-ական թվականներից այս մանկապարտեզը չի գործել, ակնկալիքներ ունեցել ենք, որ այսօր կամ վաղը կլինի, և վերջապես տեսանք նշանները: Առաջինը ես եմ մի շամպայն բերել ու դրել հիմքի մեջ՝ շինարարներին ասելով՝ ձեր ոտքը բարի լինի»:






Մանկապարտեզի երկհարկանի հին շենքը հիմնանորոգվում է, հարևանությամբ կառուցվում է նոր մասնաշենք: Աշխղեկ Արթուր Հովակիմյանն ասում է, որ հին մասնաշենքն անմխիթար վիճակում էր և ամբողջությամբ նորացվում է.
«Հին մասնաշենքում ավարտվել ենք ապամոնտաժման աշխատանքները՝ տանիքը, պատուհանները, ներսի պատերը, հատակը, որոնց մի մասը բետոնային էր, փայտյա ու սալիկապատ: Հարթեցրել ենք ու սկսել ենք ներքին հարդարման աշխատանքները: Մեր առաջնային խնդիրներից մեկը մինչև ցրտերն ընկնելը նոր տանիքի կառուցումն է»:
Նոր կառուցվող մասնաշենքում լինելու է վարչատնտեսկան հատվածը և մեկ խմբասենյակ: Շինարարները Շիրակի մարզից են, աշխատանքային փորձը ձեռք են բերել Ռուսաստանում:
«Երկաթբետոնե սյուն ենք սարքում, որի վրա ծածկ ենք դնելու: Մանկապարտեզի շենքն ամուր պետք է լինի: Մենք Արթիկից ենք, էլ խոպան չենք գնում:
«Խոպանը հիմա այստեղ է, մեր դռան վրա էլ ինչ խոպան: 20 տարի խոպան ենք գնացել, բայց Քովիդից հետո չենք գնացել, մնացել ենք ու այստեղ ենք աշխատում»:
Նախկինում արտագնա աշխատանքի մեկնողների խոսքով՝ Հայաստանում շատ գործ կա, իսկ Հայթաղում դեռ կշարունակեն աշխատել ևս մեկ տարի:
«Մենք մշտական գործ ունենք ու օրավարձով չենք աշխատում, մեզ վճարում են աշխատանքի ծավալի հաշվարկով: Այնքան ենք աշխատում ու վաստակում , որ ձեռնտու է. ընտանիքներս պահում ենք, ընտանիքներիս գլխին ենք, երեխեքիս հետ, շատ լավ է»:
Մանկապարտեզի շահագործմանը սպասում են նաև գյուղի բնակիչները. գյուղատնտեսական աշխատանքներին զուգընթաց նոր աշխատատեղեր կբացվեն։
«Ես դեռ չէի ամուսնացել, որ դիմել էի մանկապարտեզում դաստիարակչուհի աշխատելու համար ու մինչև օրս սպասում եմ պատասխանի, թե երբ պետք է նորոգվի մանկապարտեզը, ու ես աշխատեմ»:






Գյուղացիներն ասում են, որ մանկապարտեզի կառուցումը հրատապ էր: Մանկապարտեզ չունեն, բայց դպրոցում գործում է նախակրթարան, որտեղ երեխաները նախապատրաստվում են դպրոցին:
«Հինգ տարեկանից երեխաներն ընդգրկվում են դպրոցի նախակրթարան, մեկ տարի հետո տեղափոխվում առաջին դասարան: Նախակրթարանում գործում է երկու խումբ՝ յուրաքանչյուրում 20-25 երեխա: Հինգերորդ տարին է անընդմեջ երկու առաջին դասարան ունենք՝ «Ա» և «Բ»: Մսուր-մանկապարտեզի տարիքի ՝ 3-4 տարեկան, այս գյուղում ավելի քան 60 երեխա կա»:
Հայթաղի մանկապարտեզի շինարարությունը կավարտեն 2025թ-ին, որի պայմանագրային արժեքը 216 մլն դրամ է, իսկ Այգեշատ գյուղում մանկապարտեզի հիմնանորոգումն արդեն ավարտվել է: Այստեղ էլ երեխաները հաճախում են նաև Արագածոտնի մարզի այլ բնակավայրերի մանկապարտեզներ:
«Ես Օշականի մանկապարտեզն եմ գնացել» «Ես էլ եմ Օշական գնացել, քանի որ այդ ժամանակ այս մանկապարտեզը դեռ չէին սարքել: Ես հիմա 8 տարեկան եմ ու այս գյուղում եմ ապրում» «Ես էլ եմ այստեղ ապրում, բայց գնացել եմ Էջմիածնի մանկապարտեզ»:
Այգեշատի մանկապարտեզում դեռ բարեկարգելու են բակը, գույք են ձեռք բերելու, որից հետո մանկապարտեզը կբացվի՝ ասում է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:








«Այգեշատի մանկապարտեզը չի գործել 2000-ական թվականների սկզբից: Վերանորոգման, ներքին հարդարման և որոշակի բակային աշխատանքներ կատարելուց հետո ամենաուշը մինչև 2024թ հունվարը նախատեսվում է 3 խմբանոց մանկապարտեզի վերաբացումը»:
Շինարարական աշխատանքներում որոշ թերություններ են հայտնաբերվել՝ լամինատե հատակը ճոճվում է: Տեխհսկող Սենիկ Մարգարյանը բացատրում է.
«Երբ մտանք սենյակ օդը շատ խիտ էր, դա նպաստում է լամինատի բարձրացմանը: Պետք է սենյակը պարբերաբար օդափոխվի, հովացվի, որ այդ խնդիրը չառաջանա. պատի ու լամինատի միջև եղած արանքը պետք է մի քիչ մեծացվի, որ այդպիսի խնդիրներ չառաջանան»:
Տեխհսկիչը հավաստիացնում է՝ թերությունները կշտկվեն, և խնդիրը կկարգավորվի կահավորելուց հետո: Այգեշատի մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 51 մլն դրամ, որի 30 տոկոսը վճարել է համայնքը, 70 տոկոսը՝ կառավարությունը: