ԿարևորՀասարակություն

Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա

Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: 
«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին:  Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,-ասում է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:

Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երթևեկելի երկու գոտի:

«Առաջին երթևեկելի գոտին կունենա 3.5 — 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 — 3.5 մ լայնություն,  նաև 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:

Թեև տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ  ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր: 

Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան  Պետրոսյան փողոցի երթևեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից: 

Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց:
Ճանապարհաշինական այս ծրագիրը կարևոր է նաև թաղամասի հետագա զարգացման համար: 

Back to top button