Ժամանակակից պարը Հայաստանում նոր ձևավավորվող ու զարգացող արվեստ է, և վերջին տարիների դրա ակտիվ գործունեությունն ու զարգացումները կապվում են նաև SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնի հետ։
Օգոստոսի 20–ից 28–ը անցկացվում է SUMMEET ժամանակակից պարի միջազգային 3–րդ փառատոնը։
«Փառատոնը հենց առաջին տարվանից նշանավորվեց միջազգային բավականին մեծ մասնակցությամբ։ Նշաձողը մեզ հաջողվեց պահել երկրորդ և երրորդ տարիներին։ Մենք օվկիանոսից այն կողմ գնացինք, և այս տարի փառատոնին ներկա է լինելու ամերիկյան հեղինակավոր պարային ընկերություն, որը հանդես կգա միանգամից մի քանի ներկայացմամբ։ Ներկա կլինի նաև ամերիկյան ամենահին ժամանակակից պարի փառատոններից մեկը։ Աշխարհագրությունը ընդլայնելով՝ փառատոնի լուրը նաև կարողացել ենք հասցնել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող հայ պարողներին ու խորեոգրաֆներին», — ասում է փառատոնի համահիմնադիր, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը։
Փառատոնի հիմնական շեշտադրումներից մեկը «Հայկական պարադիտումն» է, որտեղ Հայաստանում ստեղծագործող խորեոգրաֆները մեկ երեկոյի ընթացքում կներկայացնեն պրեմիերաներ կամ նախորդ տարվա ընթացքում բեմադրված ստեղծագործությունները։
Փառատոնի համահիմնադիր, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանը 17 տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետի պարող է եղել, զուգահեռ սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտի պարային ռեժիսուրայի բաժնում։ Պատմում է, թե ինչպես հայտնաբերեց ժամանակակից պարը․
«Իմ ստեղծագործություններն ու իմ բեմադրությունները իմ նկարներն են։ Ժամանակակից պարը տալիս է բոլոր հնարավորությունները, որ կարողանաս մարմնի պլաստիկայի, էմոցիայի համադրություն ստեղծես, ու քանի որ անծայրածիր հնարավորություններ ունես, դուրս բերես այն նկարը կամ պատմությունը, որը քո մեջ գեներացվել է տարիներ շարունակ։ Փառատոնը մեզ՝ պարարվեստի մարդկանց համար ներկայանալու հրաշալի հնարավորություն է։ Մեր պարարվեստի զարգացումները շատ հաճախ մնում են դահլիճի պատերի ներսում, փառատոնը գոնե տարին մեկ անգամ պարողներին ու խորեոգրաֆներին հնարավորություն է տալիս դուրս գալ բեմ, միջազգային հարթակ։ Ինձ համար կարևոր է, որ բեմարվեստը զարգանում է, քանի որ պարային ներկայացումներ մեր քաղաքում շատ քիչ են լինում։ Ժամանակակից պարը բեմարվեստի ամենաարագ աճող ճյուղն է, ու եթե այն զարգանա, զուգահեռ կզարգանան բեմարվեստի այլ ճյուղեր նույնպես։ Այսօր շատ ժամանակակից կոմպոզիտորներ գրում են հենց ժամանակակից բեմադրությունների համար, օպերային արվեստը, տեխնոլոգիական ոլորտը նույնպես ներգրավված է։
«Այս ոլորտը զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի հենց միջդիսցիպլինար համագործակցության։ Արտասահմանյան հյուրերին ընտրելիս փորձում ենք հենց այդ չափանիշները հաշվի առնել, որպեսզի գործ ունենաք ոչ միայն ֆանտաստիկ խորեոգրաֆիկ մտքի և պարողների տեխնիկայի հետ, այլ նաև նորարարությունների, ինչը մեր փառատոնի ընթացքում կերևա», – ասում է Հայկ Վարդանյանը։