Ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը թույլ կտա բարելավել ներառական կրթության որակը․ ԿԳՄՍ փոխնախարար


Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել է ֆիզիկական միջավայրի հարմարեցման մեթոդական ուղեցույց, որը տրամադրվել է բոլոր հանրակրթական դպրոցներին: Ուղեցույցում ներկայացված է գործիքակազմ, որով հնարավոր է ստուգել, թե ինչ հարմարեցումների կարիք կա դպրոցում՝ հատուկ մասնագիտական գնահատմամբ:
Մասնագիտական կադրերի համալրում՝ ըստ ֆինանսավորման նոր մոդելի
«Ֆինանսավորման նոր մոդելի մյուս բաղադրիչները վերաբերում են մասնագիտական կադրերի համալրմանը, ինչն ուղղված է ներառական կրթության իրականացման որակի բարձրացմանը»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում բոլոր դպրոցներում ներդրվել են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց խնդիրն է աջակցել ուսուցչին, որպեսզի դասը լինի ավելի ինտերակտիվ և մասնակցային:
Ֆինանսավորման նոր բանաձևով դպրոցի սովորողների յուրաքանչյուր 10 տոկոսին մեկ ուսուցչի օգնական է հասնում. օրինակ 100 երեխայի դեպքում դպրոցը կունենա ուսուցչի 1 օգնականի հաստիք:
Մյուս կարևոր հաստիքը, որը նոր է ներդրվում ֆինանսավորման նոր բանաձևով, ըստ Արաքսիա Սվաջյանի, պատահական չի ընտրվել. «Մենք երկար քննարկել ենք, թե մանկավարժահոգեբանական թիմում որ մասնագետի ներկայությունն է դպրոցում խիստ կարևոր ու անհրաժեշտ: Եզրակացությունը հետևյալն է՝ հոգեբանի հաստիքը պարտադիր է բոլոր դպրոցների համար»:
Սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցները, կախված իրենց դասարանների քանակից, ունենալու են հոգեբաններ: Հաստիքի ներդրումը փոխնախարարը կարևորել է ոչ միայն ներառական կրթության համակարգի համար, այլև առհասարակ դպրոցում անվտանգ և ապահով միջավայրի ապահովման տեսանկյունից: «Սա լուծելու է մեր առջև դրված այն խնդիրը՝ ըստ որի դպրոցները պետք է լինեն հարմարավետ և ապահով այն միջավայրերը, որտեղ երեխաները ինքնադրսևորման, ինքնարտահայտման, իրենց պոտենցիալը լիարժեք իրացնելու հնարավորություն կունենան»,- եզրափակել է նա:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շեշտել է, որ նոր մոդելի ներդրմամբ պետությունն ավելի մեծ ներդրում է կատարում ներառական կրթության ապահովման ուղղությամբ, հստակ սահմանելով, որ խելամիտ հարմարեցման տեսակը և կարիքը որոշվում է երեխայի կրթական կարիքի գնահատման արդյունքում։