Ձերբակալվածից մինչև նախկին պաշտոնյաներ. Երևանի ավագանու ընտրությունները նոր փուլ են մտել


Երևավի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցումը ԿԸՀ-ում ավարտվեց: Վերջնաժամկետը օգոստոսի 18-ն էր: Քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստաթղթերում կառույցը որևէ խախտում չի հայտնաբերել և չի մերժել առաջադրված քաղաքական ուժերից ոչ մեկին, հետևաբար արդեն պաշտոնապես գրանցված են համարվում և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն 13 կուսակցություն և մեկ դաշինք:
Այսօր արդեն ԿԸՀ-ն անցել է աշխատանքի նոր փուլի՝ քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ և վիճակահանությամբ որոշվել են քվեաթերթիկների և քարոզարշավի հերթականությունն ու կազմակերպչական այլ հարցերը:
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին գնացող ցանկացած քաղաքացու տրվելու է 14 թերթիկներից բաղկացած տրցած: Քվեաթերթիկները դասավորված են լինելու հատուկ հերթականությամբ, որը ԿԸՀ-ում որոշվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների վիճակահանությամբ: Տրցակում թիվ մեկ քվեաթերթիկը «Հանրային ձայն» կուսակցությանն է, քվեաթերթիկների շարքը եզրափակելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը:
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը տևելու է 24 օր, սկսվելու է օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15: ԸՕ պահանջով՝ սպասվող ընտրությունների համար կան «խաղի» նոր կանոններ, որոնք առաջին անգամ կիրառվելու են հենց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Դրանցից մեկը 5 քառակուսի մետրից ավելի գովազդային վահանակների օգտագործումն է: Այսուհետ՝ քարոզարշավի նպատակներով մեծ գովազդային վահանակները բաշխվելու են ԿԸՀ-ի կողմից: Այդ բաշխումը կառույցում արդեն արվել է էլեկտրոնային համակարգի միջոցով: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը զգուշացնում է.
«Իմ խնդրանքը, հորդորը մեր ընտրություններում գրանցված 13 կուսակցություններին և մեկ դաշինքին: Եթե ունեք, նախկինում պատվիրել եք ձեր քարոզչական պաստառները փակցված են այս պահին, ապա ձեռնամուխ եղեք, որպեսզի օգոստոսի 23-ին այդ պաստառները չլինեն, որպեսզի այդ հանելու գործը ԿԸՀ-ն իր վարչարարությամբ չնախաձեռնի»:
ԸՕ-ի նորամուծություններով՝ քարոզչական նպատակներով Երևանի հախուռն «պաստառապատումն» այլևս անհնար է լինելու: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ հանձնաժողովը վերահսկելու է անգամ վերելակներում փակցվող քարոզչական պաստառները.


«Ընդհանուր առմամբ 5 քառակուսի մետրը գերազանցող վահանակի կողմ է ներկայացվել 342 հատ, կանգառներ ներկայացվել է 217 հատ, վերելակի մեջ գտնվող վահանակներ ներկայացվել է 2245 և մետրոպոլիտենում՝ 75»:
ԸՕ-ի մեկ այլ նորամուծությունը վերաբերում է հեռուստաեթերով իրականացվող քարոզարշավին:
«Այստեղ ևս ունենք նոր նորմեր, որոնք առաջին անգամ պետք է կիրառվեն Երևանի ավագանու ընտրություններին: Բոլոր ուղիղ եթերները կապված նախընտրևական քարոզչության հետ պետք է ունենա հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն, բոլոր նախընտրական քարոզչական տեսահոլովակները եթեր գնալուց պետք է ունենան ենթագրեր»:
Այս ամբողջ կարգավորումները և քարոզարշավի յուրաքանչյուր 24 օրվա համար անվճար եթերաժամանակի բաշխումն ու հերթականությունը քաղաքական ուժերի միջև ԿԸՀ-ում կրկին տեղի ունեցավ վիճակահանությամբ:
Գրանցված 14 քաղաքական ուժերի ուումնասիրությամբ պարզ է դառնում, որ ընդդիմադիր համարվող կուսակցությունները այդ շարքում շատ են, բայց արմատական ընդդիմություն համարվող խորհրդարանական ուժերը այս անգամ չեն մասնակցելու մայրաքաղաքային ընտրություններին: Սա թերևս առաջին անգամն է, երբ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է երևանյան ընտրություններից:
14 քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ընդհանուր թիվը 807 է: Թեկնածուների ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պամանագիրը»՝ 181 հոգի, երկրորդ հորիզոնականում «Ապրելու երկիրն» է՝ 129 հոգանոց ցուցակով: Մյուս ուժերի ցուցակները հարյուրի չեն հասնում, կան նաև ցուցակներ, որ պարզապես ապահովել են օրենքով պահանջված նվազագույն 24 թեկնածուի թիվը:
Ի դեպ, առաջադրման փաստաթղթերը ստանալուց հետո և քաղաքական ուժերին գրանցելուց առաջ ԿԸՀ նախագահը գրությամբ դիմել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով պարզել՝ առաջադրված թեկնածուներին տրամարդվե՞լ է արդյոք համապատասան անվանական տեղեկանք՝ վերջին վեց ամսում Երևանում բնակվելու մասին:
«Նման քայլի դիմելու պատճառն այն էր, որ 21 թվականին եղել է դեպք, որ ԿԸՀ պատգամավորության թեկնածու էր գրանցվել և միայն դրանից հետո պարզվել, որ տեղեկանքը կեղծված է»։
Ավագանու ընտրությանը մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են նաև քաղաքապետի թեկնածու: Երևանի 14-րդ քաղաքապետ դառնալու համար կպայքարեն կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:
Նախկին պաշտոնյաներից ցուցակներում կարելի է հանդիպել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության ցուցակի առաջին համարն է, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գլխավորում է «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը: Գործադիր և օրենսդիր իշխանության նախկին ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը այժմ էլ Երևանի քաղաքապետի թեկնածու է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով: Նորաստեղծ «Հաղթանակ» կուսակցության միջոցով քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ կմտնի նաև Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը:


«Ուժը հայրենյաց» կուսակցությունը կառաջնորդի արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության առաջին համարն է կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը գլխավորում է Արման Ղուկասյանը: «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է, իսկ «Միացյալ Հայաստանինը»՝ Երվանդ Թարվերդյանը: «Ժողովրդավարական համախմբում» կուսացությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ դաշինքը «Մայր Հայաստանն» է, որի կազմում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» և Մանուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են: Դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նա վերջերս է վայր դրեց իր մանդատը:
Քաղաքապետի թեկնածուներից ամենաուշագրավ կարգավիճակում այժմ գտնվում է «Հանրային ձայն» կուսակցության առաջին համարը: Կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը ձերբակալված է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով, բայց նաև առաջադրվել է Երևանի քաղաքապետի թեկնաու:
Ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% է, իսկ դաշինքի համար՝ 6: