

Արցախում ստեղծված իրավիճակը ցեղասպանական է և հրատապ միջամտություն է պահանջում՝ նախօրեին հրավիրված հրատապ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկնելով վերջին զեկույցում ներկայացրած իր գնահատականը։ Հարվարդի և Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսորը կարծում է, որ իրավիճակի հանգուցալուծման հարցում կարևոր դերակատարում ունեն Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ նահանգները։ ԱՄՆ-ն պետք է օգնի խաղաղապահներին կատարել իրենց գործառույթը՝ ասել է միջազգային փորձագետը: Թե որքանով է իրատեսական այս հնարավորությունը, վերլուծաբանները տարակարծիք են։
Ինչպե՞ս կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն բացատրում է՝ Ժնեւյան կոնվենցիաների համաձայն՝ Ցեղասպանության ձևերից մեկը խմբի ֆիզիկական ոչնչացման համար պայմաններ ստեղծելն է։ «Հենց դա է տեղի ունենում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով», – ասում է Հարվարդի եւ Յեյլի համալսարանների նախկին պրոֆեսորը։ Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է։ Կարևոր դերակատարում, ըստ Օկամպոյի, ունեն Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ չնայած ուկրաինական հակամարտությունը նրանց բաժանել է։
«Քաղաքական առումով այս պահին դա հնարավոր չէ, համաձայնություն չկա, բայց ՌԴ–ն, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան պետք է համաձայնության գան, որ ռուս խաղաղապահները կարողանան մարդասիրական աջակցությունը տեղ հասցնել։ Ես կպնդեմ՝ լուծումն այն է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին օգնի՝ իր գործն անել»։
Արցախում ստեղծված իրավիճակը ցեղասպանական է և հրատապ միջամտություն է պահանջում՝ նախօրեին հրավիրված առցանց քննարկման ժամանակ պնդել է Օկամպոն՝ կրկնելով ավելի վաղ արված գնահատականը։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը Արցախում ստեղծված իրավիճակի հարցում ռուս–ամերիկյան համագործակցության հնարավորությունը խիստ փոքր է գնահատում։
«Որտեղի՞ց է այս իրավիճակը ծնվել․ Ալիևը ի՞նքն է որոշել 2020 թվականի պատերազմը սկսել, հետո երեք տարի էս վիճակը պահել, հետո էլ փակել։ Սա Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի դրսևորումներից մեկն է, ԱՄՆ–ն և նրա դաշնակիցներն ուզում են հարված հասցնել Ռուսաստանին, և այս պահին Ադրբեջանի շահերը Արևմուտքի այս ցանկության հետ համընկնում են։ Այսինքն՝ Ադրբեջանին նվեր են տալիս Արցախը, որ հարված հասցնեն Ռուսաստանին։ Հետևաբար՝ ցեղասպանության համար ոչ ոք չի պատրաստվում Ալիևին պատասխանատվության ենթարկել»։
Քաղաքագետ Արա Պողոսյանը, մինչդեռ, համոզված է, որ Օկամպոյի մոտեցումը վաղ թե ուշ իրագործվելու է և գերտերությունները ստիպված են լինելու համագործակցել։ Այդ հնարավորությունը, սակայն, կարճաժամկետ հեռանկարում առայժմ տեսանելի չէ՝ կարծում է։
«ԱՄՆ, Ֆրանսիա և ՌԴ համագործակցություն մենք վաղ թե ուշ կտեսնենք, բայց այդ համագործակցությունը լինելու է ՌԴ-Ուկրաինա լարվածության թուլացման պարագայում։ Մյուս կողմից՝ այս պահին հարցը իրավական մեխանիզմներով լուծելու հնարավորություն ինքս էլ չեմ տեսնում, քանի որ ստեղծված իրավիճակը մեծ հաշվով կապ ունի գերտերությունների, հատկապես նշված պետությունների միջև եղած հակասությունների հետ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են հենց այդ հակասություններից»։
Այս երեք գերտերությունները, հիշեցնում են փորձագետները, ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահող երկրներն են, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են արցախյան խնդրով։ Պատահական չէ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին օրերս Ադրբեջան կատարած այցից հետո հանձնարարեց իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ժամանել Լաչինի միջանցք՝ տեղում դիտարկելու իրավիճակը և իրեն զեկուցելու բոլոր հանգամանքների մասին։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց արձագանքել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցքով ազատ անցում ապահովելու կոչին և կրկին պնդեց, թե ճանապարհը բաց է։