ԿարևորՀասարակություն

Ինչ անել ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում

ՀՀ ՆԳ նախարարությունը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հայտնում է, որ Երևան համայնքի ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել և ծանոթանալ ընտրական տեղամասերի հասցեներին։ Ընտրացուցակներում տվյալների բացակայության կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը հորդորում է դիմում ներկայացնել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության տարածքային անձնագրային ստորաբաժանումներ՝ համապատասխան ուղղումներ կատարելու կամ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։

Ընտրությունների նախնական ցուցակները և տեղամասային կենտրոնների հասցեները հրապարակված են police.am կայքում:

Ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու համար ընտրողները պետք է լիազոր մարմին դիմում ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ, իսկ նշված ժամկետից հետո դիմող անձանց տվյալները կընդգրկվեն ընտրողների լրացուցիչ ցուցակներում:

Եթե քվեարկության օրը ընտրական տեղամաս ներկայացած ընտրողը հայտնաբերում է, որ ընդգրկված չէ ընտրողների ցուցակում, ապա կարող է դիմել ՄՔԾ տարածքային ստորաբաժանում, որը հիմքերի առկայության դեպքում կայացնում է Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում և տրամադրում համապատասխան տեղեկանք:

Տեղեկանքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։

Ընտրողների ցուցակներում հնարավոր անճշտությունները բացառելու նպատակով ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարվել է այցելել համապատասխան տարածքների հասցեներ, կատարել ստուգումներ և անհամապատասխանություններ բացահայտելու դեպքում ՄՔԾ ստորաբաժանումների հետ համագործակցելով՝ իրականացնել ճշգրտումներ:

Գործնականում հանդիպող հիմնական անհամապատասխանությունը օտարերկրյա պետություններում մահացած անձանց վերաբերյալ տվյալների առկայությունն է ընտրացուցակներում:

Նման դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցում են մահացածի հարազատները կամ ոստիկանությունը:

2023 թ. սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած՝ Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք:

Back to top button