ԿարևորՔաղաքական

Արցախում սպասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին, հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Արցախի ԱԺ նախագահն ու պետնախարարն էլ քննարկել են  երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման, այլ եռակողմ հայտարարության, միջազգային դատարանի որոշման կատարման համար՝ Արցախում հումանիտար աղետի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ ֆեյսբուքյան ամփոփում է արել Արցախի պետնախարարը։ Հայտարարություն է տարածել նաև Արցախի ԱԳՆ-ն։

Արցախի ԱԳՆ-ն տարածած հայտարարությամբ ողջունել է օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։ 

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը»։

Միևնույն ժամանակ, հայտարարությամբ Արցախի արտգործնախարարությունը նշել է, որ հիասթափություն են առաջացնում առանձին պատվիրակությունների՝ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնելու փորձերը։

 «Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև»:

Ստեփանակերտում ակնկալում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։

«Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին»,- տարածած հայտարարությունը եզրափակել է Արցախի արտգործնախարարությունը:

Արցախի արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանի զարգացումներին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին նախօրեին անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդունելով Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հաղորդագրությունում կարդում ենք.

«Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և ներքին ներուժի համակարգված օգտագործման անհրաժեշտությունը»։

Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտության մասին նախագահ Հարությունյանը բարձրաձայնել է նաև աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ։ Այդ մասին Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հակիրճ հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է.

«Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը»։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ ի մի բերելով զարգացումները՝ Ֆեյսբուքյան իր էջում շեշտել է՝ Արցախում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտականությունները չկատարելու հետևանքն է:

«Հետևաբար ոչ թե պետք է ընդամենը բարձրաձայնել հումանիտար խնդիրներ և փորձել փնտրել դրանց լուծման ուղիները, այլ պետք է հասնել եռակողմ հայտարարության կատարմանը։ Հետևաբար միջազգային հանրության աջակցությունը պետք է հայցել ոչ թե հումանիտար խնդիրների լուծման հարցում, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարման, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար»:

Այն կատարվելու դեպքում արցախցին ինքնուրույն լուծելու է իր բոլոր հումանիտար խնդիրները և չի լինելու ոչ ԿԽՄԿ աջակցության և ոչ էլ «փրկության» նոր ճանապարհների կարիքը: Քանի դեռ դա չկա, ստիպված հիմնական խոսույթը հումանիտար վիճակի շուրջ է և զարմանալիորեն դրա մասին են խոսում նույնիսկ եռակողմ հայտարարության կողմերը՝ արձանագրել է Արցախի պետնախարարը։

Back to top button