Սայաթ Նովա 28 հասցեում գտնվող Art Embassy–ն՝ «Արվեստի դեսպանատունը», մեկ տարի առաջ հիմնել են նկարչուհի Աննա Սողոմոնյանը (Աննուկ) և նորարարությունների կառավարման մասնագետ Դավիթ Մելիքսեթյանը։
«Արվեստի դեսպանատունը» արվեստի կենտրոն է ՝ ցուցասրահ, արվեստանոց, դպրոց, որտեղ ոչ միայն ցուցահանդեսներ են լինում, այլև վարպետաց դասեր, արվեստի մասին դասախոսություններ, քննարկումներ, երեկույթներ։
«Արվեստի դեսպանատուն» անվանումը ինքը տարածքը թելադրեց՝ ասում է Դավիթ Մելիքսեթյանը։ «Քանի որ փողոցի վրա իրար հաջորդող դեսպանատներ էին, որոշեցինք, որ մենք էլ պիտի արվեստի դեսպանատուն լինենք։ Ցանկացանք ունենալ մի տարածք, որտեղ արվեստագետները կարող են միավորվել, ունենալ իրենց արվեստանոցները, միմյանց հետ շփվել, ընդհանրուր մտքեր գեներացնել, հաղորդակցվել»։
«Մենք աշխուժություն մտցրեցինք մեր, մեր ընկեր արվեստագետների ու նաև հրավիրյալ արվեստագետների շրջանում ու նախևառաջ արվեստի հանդեպ աշխուժության ու ակտիվության բացն ենք լրացրել», – ասում է Աննա Սողոմոնյանը։
«Արվեստի դեսպանատունը» մի տարածք է, որը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, փորձում է նաև միջազգային ճանաչված արվեստագետներին էլ ներկայացնել Հայաստանում։
Հիմնադիրներն ասում են՝ արվեստագետներին ու նրանց գործերը ընտրում են՝ իրենց սուբյեկտիվ չափանիշներից ելնելով։ Արվեստագետներն ու հերթական ցուցադրությունները ընտրվում են բաց կանչի միջոցով։