ԿարևորՀասարակություն

Տեխնոլոգիան՝ համախմբման միջոց․ չսպասելով փրկչի՝ դառնալ փրկիչ reArmenia-ում

Ճգնաժամային իրավիճակում մարդիկ փնտրում են փրկիչներ։ reArmenia հարթակն առաջարկում յուրաքանչյուրին լինել այդ փրկիչը, եթե պատրաստ է համախմբման ու համագործակցության։ Համախմբման միջոցն այս դեպքում տեխնոլոգիան է, համագործակցության սկզբունքը՝ բացարձակ թափանցիկությունը։ reArmenia-իգործառնական տնօրեն Արտակ Գրիգորյան․

reArmenia-իգործառնական տնօրեն Արտակ Գրիգորյան․ «Սա ոչ թե հիպոթեզ է, որ համախմբումը պետք է խնդիրների լուծման բերի, այլ հաստատված փաստ է։ reArmenia-ի ստեղծումը նաև այդ մոտիվացիան ուներ, որ համախմբեր հայությանը։ Բազմաթիվ նմանատիպ նախաձեռնություններ են եղել, սակայն, ցավոք, հաջողություն չեն ունեցել։ reArmenia -ն  տարբերվում է նրանով, որ ամբողջությամբ տեխնոլոգիական ձևով է փորձում հարցը լուծել։ Այսինքն՝ մի կողմից տեխնոլոգիաների կիրառմամբ, մյուս կողմից՝ բացարձակ թափանցիկություն ապահովելով, որովհետև եթե խոսում ենք համագործակցությունից, առաջինը պետք է թափանցիկության ապահովումը լինի»։  

Ինչպե՞ս է աշխատում reArmenia-ն։ Հարթակում ընգրկվելու համար նախագծերը մի քանի փուլ են հաղթահարում։ Վստահության և ապահովության բաժինը ուսումնասիրում է նախագծի իրավական և ֆինանսական բաղադրիչը, որից հետո նախագիծը խորհրդատուների ձեռքում է հայտնվում։ Մասնագետներն առաջինը գնահատում են խնդիրը՝ արդյոք այն գոյություն ունի՞, ապա լուծումը՝ արդյոք այն լավագո՞ւյնն է։ Երրորդ քայլը թիմի գնահատումն  է՝ արդյոք այն ունա՞կ է այդ լուծումն իրագործելու և ի՞նչ ազդեցություն կունենա այդ լուծումը։ Դրական պատասխանների դեպքում սկսվում է դրամահավաքի արշավը։ Սակայն երբեմն  խորհրդատուների աջակցությամբ նախագիծը փոխում է իր դիրքավորումը և ընգրկվում հարթակում։ Այդպես է եղել Արցախի «Մունք» տեխնոդպրոցի պարագայում՝ ասում է Արտակ Գրիգորյանը։

«Դպրոցականները ստանում են տեխնոլոգիական արդի կրթություն տարբեր ուղղություններով։ Երկու ամսվա ընթացքում 69 մլն դրամ են հավաքել, հետո երեք ամսվա ընթացքում ստեղծել տեխնոդպրոցը։ Հիմա դպրոցը բավականին ակտիվ աշխատում է, հարյուրավոր աշակերտներ դիմել և սովորում են այնտեղ։ Կարևոր հանգամանք է, որ նախագիծը բերվել էր այլ կոնցեպտով՝ տեխնոպարկ Արցախի Մուշկապատ գյուղում, բայց մեր մասնագետների հետ աշխատանքից  հետո լուծումը և դիրքավորումը փոխվել  են՝ վերածվելով տեխնոդպրոցի»։

Հարթակում ձևավորվել է նաև մասնագետների համայնք, որի միջոցով Հայաստանի և Սփյուռքի 150 պրոֆեսիոնալներ կամավորության սկսզբունքով խորհրդատվություն են տրամադրում։ Մինչ օրս 80 նմանատիպ համընկնում է եղել․ նախագիծը և մասնագետը աշխատել են տվյալ խնդրի վրա, դրանցից 40-ն այս պահին հաջողված նախագծեր են։ reArmenia-ի համայնքի համակարգող Նաթելա Ավանեսյանի խոսքով՝ այս գործիքը հնարավորություն է տալիս կապիտալացնել Սփյուռքի ինտելեկտուալ ներուժը՝ Հայաստանի խնդիրների լուծման մեջ ներգրավելով։

«Մենք հնարավորություն ենք տալիս Սփյուռքում ապրող ցանկացած հայի, իր տնից, շաբաթական երկու կամ ավելի ժամ, իր գիտելիքով ու փորձով կիսվել Հայաստանում եղած նախաձեռնությունների հետ։ Մասնագետը մոտ 5 րոպեում գրանցվում է հարթակում, ըստ դրա՝ հարթակում հայտնվում է նրան համապատասխանող «քարտը»։ Հայաստանում նախագիծ իրականացնող մարդը , որին, ենթանդրենք, իր ծրագրի համար տվյալագետ է պետք և այդ մասնագետը համապատասխանում էր իր պահանջներին, «կապվել» կոճակն է սեղմում, նկարագրում՝ ինչ նախագծի համար է դիմում։ ռեԱրմենիան մի փոքր կուրացիա է անում նախագծերի և մասնագետների միջև, մասնագետի հաստատելուց հետո սկսում են համագործակցել»։  

Մինչ օրս իրականացված նախագծերը հիմնականում կրթական և առողջապահության ուղղությամբ են, դրանց հաջորդում են համայնքային զարգացման և մշակույթին առնչվող ծրագրերը։ Հաջողված ծրագրերից է, օրինակ, Կենսաինֆորմատիկայի լաբարատորիան հատուկ տեխնիկայով համալրելը։ Հունիսին արշավը հաջողվել է, արդեն սկսել են նախագծի իրականացումը։ Մյուս ձեռքբերումը վաղ շրջանում օնկոհիվանդությունների կանխարգելման կենտրոնի ստեղծումն է, որի բացումը տեղի է ունեցել հունիսի մեկին։ Հաջորդ նախագիծը դեռ ընթացքի մեջ է։ Արտակ Գրիգորյան․

«Մետագեյթ» նորարարական սարքը օգնում է պատերազմում վիրավորված զինծառայողներին վերականգնել շարժունակությունը։ Այն նաև կանխում է 30-ից ավելի հիվանդություն, որոնք առաջանում են անշարժունակ վիճակից։ Սարքն ամբողջությամբ հայկական արտադրության է, և այժմ միջազգային պատենտավորման փուլում է»։

reArmenia-ի բուն թիմում 12 հոգի են, սակայն նրանց շուրջն արդեն 13 հազարանոց համայնք է ձևավորվել։ Նվիրաբերողների 60 տոկոսը Հայաստանից է, 40 տոկոսը՝ Սփյուռքից, սակայն գումարային բաշխվածությունը հավասար է։

Back to top button