

«ԱՄՆ-ում գործող Մերդինյան վարժարանում այս տարի հայ աշակերտների ընդունելությունը գերազանցել է սպասելիքները»,-ասում է Մերդինյան վարժարանի տնօրեն Սյուզան Դոկոտոր Օհանյանը։ Ծնունդով Լիբանանից է և երեք տասնամյակից ավելի ապրում է ԱՄՆ-ում։ Նա մեկ տարի առաջ է ստանձնել տնօրենի պատասխանատու աշխատանքը։ Նրա ամենամեծ մտահոգությունը կապված է ապագա հայ երիտասարդների՝ հայոց լեզուն սովորելու ցանկության ու ձուլման վտանգի հետ։ Վարժարանի տնօրենը կարծում է, որ համայանքերն այսօր պետք է մտածեն այս հարցերի մասին՝ ապագայում խնդիրներից խուսափելու համար։
Լիբանանում ծնված, լիբանանյան պատերազմի օրերին Միացյալ նահանգներ տեղափոխված Սյուզան Օհանյանը, Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանի սաներից է: Միացյալ Նահանգներում հայտնվելուց հետո շարունակել է ուսումը հայկական դպրոցում, հետո նաև ամերիկյան ԲՈՒՀ-ում: Երեք տասնամյակ է, ինչ դասավանդում է հայկական դպրոցներում:
«Շահումյան ազգային վարժարանում քսան տարի դասավանդելուց հետո տեղափոխվեցի Ալեքս Փիլիպոս վարժարան՝ որպես ակադեմիական տնօրեն: Իսկ մեկ տարի առաջ ինձ հրավիրեցին Մերդինյան վարժարան՝ տնօրենի պաշտոնի համար»,- պատմում է վարժարանի տնօրենը:
Մերիդինյանը չորս տասնամյակ առաջ է հիմնադրվել՝ Շարլոտ և Էլիզ Մերդինյան քույրերի կողմից: Այն ավետարանական վարժարան է: «Չնայած, որ դժվար որոշում էր ինձ համար այս վարժարանում աշխատելը, սակայն համաձայնեցի՝ գիտակցելով, որ պետք է լինել այնտեղ, որտեղ այդ պահին քո կարիքը կա, որտեղ կարող ես հայ երեխային հայերեն սովորեցնել»,- նկատում է:
Վարժարանն ունի նախակրթարան ու մինչև 8-րդ դասարանի համար նախատեսված կրթություն, ասում է վարժարանի տնօրենը: Այն թեև ամերիկյան մակարդակի է, սակայն մեծ ուշադրություն է դարձնում հայերենի դասավանդմանը: «Ուսուցիչները հայեր են՝ Հայաստանից ու սփյուռքի մյուս գաղթօջախներից: Դասավանդում են թե արևելահայերեն, թե արևմտահայերեն: Ուղղագրությունը՝ Մեսրոպ Մաշտոցինն է», ավելացնում է:
Ի դեպ, Սյուզան դոկտոր Օհանյանը նշում է, որ Ամերիկայում գործող բոլոր հայկական դպրոցներում այս տարի հայ երեխաների մեծ հոսք է եղել: «Հայկակաան բոլոր վարժարաններում տեղերը սպառված են, ընդունվել ցանկացողները՝ շատ: մեր վարժարանում սովորում է 370 աշակերտ: Եթե տեղի խնդիր չունենայինք, ավելի շատ հայ երեխաների կընդունեինք»,-ասում է վարժարանի տնօրենը:
Ինչպեսի՞ իրավիճակ է հայկական սփյուռքում երիտասարդների՝ համայնքին ինտեգրելու գործընթացը, հարցնում եմ: Սյուզան Օհանյանը ցավով նշում է, որ այսօր՝ ապագայի մասին մտահոգվելու խնդիր կա: «Եթե ավագները այսօր չմտածեն հայ երիտասարդների՝ հայությանը ինտեգրելու, հայերենը տարածելու և հայկականի ապագայի մասին, ապա վաղը ուշ է լինելու: Իսկ դրա նախաձեռնողները պետք է լինեն կրթօջախները, բայց ավելի՝ հայկական միությունները, ակումբները»:
Ինչ վերաբերում է հայկական դպրոցներում և վարժարաններում ստացած կրթությանը, ապա Սյուզան Դոկտոր Օհանյանը հպարտությամբ է փաստում, որ դրանք չեն զիջում ամերիկյաններին: Այդ են վկայում ամերիկայն համալսարաններում հայ աշակերտների ընդունելությունն ու առաջադիմությունները, նկատում է:
«Թե որտեղ կսովորեն ու կշարունակեն մեր 8-ամյա դպրոցից հետո իրենց հայ երեխաները, հաճախ կախված է լինում ծնողների նախընտրությունից, մոտեցումներից: Շարունակել կրթությունը հայկական դպրոցում, այնուհետև ընդունվել օտար ԲՈՒՀ-եր, թե նախընտրել ամերիկյանըհ, նորից կախված է մեր աշխատանքների որակից, ընտանիքների նախասիրությունից»,- ավելացնում է: