ԿարևորՀասարակություն

Արցախում արդեն կաթնամթերք էլ չկա, աղն ու քաղցրավենիքն էլ տանն են պատրաստում

Արդեն երկրորդ օրն է՝ Արցախում կաթնամթերք չի արտադրվում։ Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ կաթ վերամշակող ընկերությունները դադարեցնում են իրենց աշխատանքը։ Եթե մինչ այս՝ ավելի քան 8 ամիս մի կերպ աշխատում էին, հիմա արդեն կաթնամթերք արտադրելն էլ անհնար է դարձել՝ «Ռադիոլուրին» ասում է Արցախի գյուղնախարարության ագրովերամշակման զարգացման բաժնի պետի պաշտոնակատար Զավեն Բաղրյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք և կաթնատվության և մթերման ծավալների խիստ նվազում, արդեն իսկ անհնարին է դարձել կաթնամթերքի արտադրության իրականացումը»։

Այս իրավիճակը մի քանի շղթայական խնդիրների հետևանք է՝ բացատրում է Բաղրյանը։ Նախ՝ շրջափակմամբ պայմանավորված դիզվառելիքի խիստ սղության պայմաններում կուտակված անասնակերի ծավալն է նվազել, շուրջ կիսով չափ էլ կրճատվել է կաթնատվությունը։ Եթե շրջափակման առաջին ամիսներին կաթնամթերքի արտադրությունը 6-8 անգամ քչացել էր, ապա շրջափակումից 8 ամիս անց էլ արդեն կաթի ծավալը բավարար չէ առհասարակ արտադրության համար։

«Սակայն այս ամենին զուգահեռ, որպեսզի արցախցիները հնարավորություն ունենան կաթ ձեռք բերելու, որոշում է կայացվել տոհմային տնտեսությունների կաթը մատակարարել Ստեփանակերտի տարբեր տեղամասեր, որտեղից բնակիչները գոնե կկարողանան կաթ ձեռք բերել»,– ասում է Բաղրյանը։

Այսուհետ Ստեփանակերտի ու Արցախի առանց այն էլ դատարկ խանութներում դատարկ կլինեն նաև կաթնամթերքի դարակները։ Նախկինում մարդիկ գոնե տեղական արտադրանքի համար հերթ էին կանգնում ու ինչ-որ բան գնում էին, հիմա արդեն ստիպված կլինեն տնային պայմաններում կաթից ինչ-որ բան պատրաստել։

«Վերջին 2 շաբաթների ընթացքում տնտեսվարող սուբեկտներին կաթնամթերքի մատակարարում հնարավոր չէր իրականացնել, ինչի հետևանքով կաթի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների առաջ շատ մեծ հերթեր էր առաջանում․ մարդիկ փորձում էին հենց արտադրողից կաթնամթերք գնել, բայց դա էլ միշտ չէր, որ ստացվում էր, քանի որ պահանջարկն ու եղած առաջարկը խիստ տարբեր են։ Շատերը հնարավորություն էլ չունեն հերթ կանգնելու, օրինակ՝ տարեցները կամ աշխատող մարդիկ, հղիները, հիվանդները։

Հիմա խանութներում հերթ կանգնելու փոխարեն կաթնատու անասուն ունեցող հարևաններին ենք խնդրում, որ կաթ տան՝ պատմում է Ասկերանի շրջանի Նորագյուղի բնակչուհի Արմինեն։

«Գոնե 1-2 լիտր կաթ ենք վերցնում, դրանով էլ ես կաթնաշոռ եմ սարքում, որ գոնե երեխաները ամիսը մի անգամ առավոտյան ուտեն։ Կաթի մեջ մի քանի գրամ կոֆե ենք լցնում, այնքան որ գույնը փոխի, իբրև թե կակաո ենք սարքում խմում։ Բայց դե դա ամեն օր չի․ 2-3 շաբաթը մեկ ենք կաթ ունենում»,– պատմում է արցախցի Արմինեն։

Գյուղում նաև մի կերպ բանջարեղենի հարցն են լուծել, սեփական այգու պտուղներն են օգտագործում։ Լոլիկ ու վարունգ ունեն, բերքից նաև քաղաքում ապրող հարազատ–բարեկամներին են ուղարկում։ Երեխաների համար քաղցրավենիք էլ չկա․ տիկին Արմինեն պատմում է՝ փորձում է շաբաթը մեկ անգամ գոնե խնայած ալյուրով ու մուրաբայով փոքրիկ թխվածքաբլիթներ պատրաստել։ Իսկ հիմնական ճաշացանկը միայն լոբի, կարտոֆիլ ու հազարից մեկ էլ՝ մի քանի կտոր միսն է։

«Մենք ուժեղ ենք, վստահ ենք, որ սա էլ կանցնի, բայց ամենաահավորն այն է, որ մտածում ես, թե որպես մայր, ինչպես ուտելիք հայթայթես քո երեխաների համար։ Արդեն նկատել եմ՝ գովազդային վահանակների վրա որ երշիկնեղեն է նկարած լինում, երեխաները ավելի երկար են նայում, մի տեսակ հայացքներն էլ փոխվել է։ Բայց դե ասում ենք՝ դա էլ հեչ, գոնե խաղաղություն լինի, մենք մեզ խաբելով ապրում ենք, հարմարվում ենք, ոչ թե դիմանում ենք»։

Խանութների դատարկությունը արցախցիներին ստիպել է հիշել իմացած–չիմացած բաղադրատոմսերը, մեթոդները․ օճառ տանն են պատրաստում․ մանր–մունր կտորները հավաքում եփում ու նորից օգտագործում են։

«Մեկը պանիր սարքելն է սովորել, մյուսը մածունը, խելք խելքի ենք տալիս օրինակ օճառ պատրաստում, աղ պատրաստում։ Կենդանիների համար նախատեսված մեծ–մեծ աղի կտորներ կա, դրանք վերցնում ենք ջրի տակ ենք դնում, նստվածքը առանձնանում է, հետո ջրի վրայից մաքուր աղը հավաքում ենք, օգտագործում, աղաջուրն էլ պահում ենք ճաշերի համար»,– պատմում է Արմինեն։

Նախկինում ամեն օր գյուղից Ստեփանակերտ Արմինեն հանրապետական հիվանդանոց աշխատանքի էր գնում, հիմա ստիպված արձակուրդում է․ տրանսպորտ չկա տնից աշխատանքի հասնելու համար։ Բայց ինչքան կարող են չաշխատել՝ տարակուսում է արցախցի կինն ու եզրափակում՝ դառը իրականության մեջ ենք ապրում։

Back to top button