Հայերեն Վիքիպեդիան գրված հոդվածների քանակով 330 լեզուների շարքում այսօր գրավում է 37-րդ հորիզոնականը։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության տասը տարվա գործունեության ընթացքում հայերեն Վիքիպեդիան բավականին մեծ առաջընթաց է գրանցել․ հայերենով այս պահին կա 300 000–ից ավելի հոդված՝ ասում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության համահիմնադիր, «Որակյալ բովանդակության» պատասխանատու Մհեր Բեքարյանը։
Ինչպե՞ս է ներկայացված հայկական մշակութային ժառանգությունը համացանցում, և այն զարգացնելու և հանրայնացնելու մեջ ի՞նչ դերակատարում ունի «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը՝ նպատակ ունենալով ապահովել դրա կարևորությունը, հանրահռչակումն ու պաշտպանությունը։
«Վիքին սիրում է կենսունակ ժառանգությունը» միջազգային քարոզարշավին միացել է նաև «Վիքիմեդիա Հայաստանը»՝ համագործակցելով Հովհ․ Շարամբյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ։
«Յուրաքանչյուր երկիր ներկայացել է ոչ նյութական մշակութային ժառանգության իր ցանկը։ Մենք նույնպես հավաքագրում ենք մեր ոչ նյութական մշակութային արժեքները, ունենք 70 արժեք, որոնցից 19-ը վտանգված են», – ասում է Մհեր Բեքարյանը։
Նախագիծը բաղկացած է երկու մասից` լուսանկարչական և խմբագրական։ Ակնկալում են լայն համագործակցություն մասնագիտական խմբերի, մշակութային կառույցների, հաստատությունների հետ` ապահովելու արխիվային նյութերն ու լուսանկարները։
«Մենք միշտ փորձում ենք hետ գնալ, վերանայել հին հոդվածները, քանի որ տարեցտարի նոր ուսումնասիրություններ, նոր գրքեր, նոր աղբյուրներ են ավելանում։ Այս պահին 3-4 նախագիծ ենք իրականացնում, պիտի նայենք, թե ինչ ոլորտներ կան, որ թերի են և փորձենք այդ բացերը լրացնել՝ ներգրավել և աշխատել մասնագիտական տարբեր համայնքների հետ», – ասում է Մհեր Բեքարյան։