ԿարևորՀասարակություն

Արցախում վիճակն աղետալի է․ հումանիտար ճգնաժամը համատարած սովի սպառնալիք է ստեղծել

Արցախում հումանիտար ճգնաժամն աղետալի է դարձել։ Մայրաքաղաք Ստեփանակերտում սովամահության, չծնված երեխայի մահվան դեպքեր են գրանցվել։ Թշնամին չի նահանջում։ Հումանիտար իրավիճակը սրելուց բացի նաև շարունակում է կրակել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների վրա։ Երեկ երեկոյան ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Ավդուռ գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Բարեբախտաբար, մեքենավարը չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։ Արցախում մի խումբ երիտասարդներ փակել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։

«30 հազար երեխա սովի է մատնված, մենք զենքից չենք վախենում, մենք մեր հողում ենք»․ մի խումբ արցախցիներ օգոստոսի 15-ին հավաքվել են ՌԴ ռազմաբազայի մոտ՝ խաղաղապահներին հիշեցնելով, որ պետք է ապահովեն մարդկանց անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Գիտեք՝ ինչու ենք փակում մուտքը, քանի որ մեզ մոտ շուտով սով է սկսկվելու։ Դուք սոված չեք, 30 հազար երեխայի սովի եք մատնել։ Մենք տեսախցիկը չենք անջատելու, քանի որ երբ խոսում ենք առանց տեսախցիկների՝ մի բան եք ասում, հետո հայտարարում, որ նման բան չեք ասել։ Դուք տեսել եք Ստեփանակերտի դատարկ խանութները։ Ձեր երեխաները սոված չեն, կուշտը չգիտի՝ սովածն ինչ է զգում։ Արցախը համատարած սովի առաջ է կանգնած»։

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքում տեսանյութեր էր հրապարակել այդ ակցիայի մասին, հետևյալ գրառումով․

«Մուտքը արգելափակված է։ Առաջարկվում է հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծել տրանսպորտի հարցը»։

Խաղաղապահներն արցախցիներից պահանջել են անջատել տեսախցիկները։ Ակցիայի մասնակիցները պահանջել են բացել Լաչինի միջանցքը․ «Բացեք Լաչինի միջանցքը, հանեք ադրբեջանցիներին, որոնց թույլ եք տվել, որ փակեն ճանապարհը։ Դա խախտում է»։

Առավոտյան ռուս զինվորականները սպառնացել են զրահամեքենաներով բացել ճանապարհը, սակայն հետո ձեռքով  տեղաշարժելով հեռացրել են մեքենան։   

Արցախի շրջափակման 247–րդ օրը Ստեփանակերտում սովամահության դեպք գրանցվեց։ Ըստ Արցախի ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրության ու դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Ստեփանակերտի 40–ամյա բնակչի մահվան պատճառը սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածությունն է, այտուցները, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարումը, քրոնիկական թերսնվածությունը։

Արցախի ՄԻՊն արձանագրում է․ «Պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար»։

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական վիճակի վրա։ Հայաստանի ՄԻՊ–ն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հանգեցրել է բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների։

«Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։ Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում»:

21-րդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում կանգնած է Հայաստանի Հանրապետությունից Արցախ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը:

Back to top button