ԿարևորՀասարակություն

Որ մարզին ուղղվող գումարները հասցեական ու նպատակային ծախսվեն

Հաջորդ տարվա համար Սյունիքի մարզից սուբվենցիոն հայտերով ներկայացվել է 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամ ընդհանուր  գումարով, որի շուրջ 6 տոկոսը կտրամադրի պետությունը։ Մարզում դեռևս 2020-2022 թվականներից իրականացվող ծրագրեր կան, որոնք դեռ չեն ավարտվել, դրանցից երկուսն ընդհանրապես չեն սկսվել։ 

2020-2022 թվականներին հաստատված սուբվենցիոն ծրագրերից այս պահին ընթացքի մեջ է 25-ը․ 9-ը՝ Կապանում,  6-ը՝ Սիսիանում,  4-ը՝ Քաջարանում, 3-ական ծրագիր էլ Տաթևում ու Գորիսում։ Դրանց մեծ մասն ավարտական փուլում է, իսկ երկուսը՝ Քաջարանի շենքերի էներգաարդյունավետության և Սիսիանի խմելու ջրագծի շինարարությունը, դեռ չի սկսել։ Մարզում սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները ներկայացնելով՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման պետ Մուշեղ Կոստանդյանը նաև տեղեկացնում է՝ 2023 թվականին հաստատված ծրագրերը 24-ն են՝ 6 մլրդ 615 մլն դրամ ընդհանուր արժեքով, որի 62, 5 տոկոսը կամ 4 մլրդ 133 մլն դրամը պետության մասնաբաժինն է։

«Ըստ համայնքների՝ ծրագրերի բաշխվածությունը ունի հետևյալ պատկերը․ Կապան՝ 11 ծրագիր, 2.825 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը՝ 67 տոկոս, Տեղ՝ 3 ծրագիր, 21 մլն դրամ, պետական մասնաբաժինը՝ 55 տոկոս, Գորիս՝ 4 ծրագիր, 1.935 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը 56տոկոս, Տաթև՝ 4 ծրագիր, 410 մլն դրամ, պետական մասնաբաժինը՝ 65 տոկոս, Քաջարան՝ 2 ծրագիր, 1.208 մլրդ դրամ, պետական մասնաբաժինը՝ 60 տոկոս, Մեղրի՝ 2 ծրագիր, 216 մլն դրամ, պետական մասնաբաժինը՝ 70 տոկոս ։ Ի դեպ, ծրագրերի ավելի քան 60 տոկոսի մասով աշխատանքները սկսվել են, կան նաև համայնքի մասնաբաժինը ավարտած ծրագրեր»։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերով մարզում նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, 59, 6 տոկոսը պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե ներկայացված բոլոր հայտերը հաստատվեն, ըստ ոլորտի պատասխանատուի,  սուբվենցիաների ընդհանուր  գումարն առաջին անգամ մարզում կգերազանցի 10 մլրդ դրամը։

Մարզի խորհրդի վերջին նիստում աշխատակազմի պատասխանատուին մարզի խորհրդի անդամները հարցեր չունեին։ Հարց ուներ միայն ղեկավարը՝ Ռոբերտ Ղուկասյանը։

«Պարոն Կոստանդյան, ընդհանուր առմամբ,  մենք անլուծելի խնդիրներ ունե՞նք՝ ըստ ձեզ կամ շատ դժվար լուծելի խնդիրներ»։

Մուշեղ Կոստանդյանն անդրադարձավ  2020-22 թվականներին նախատեսված Քաջարանի էներգաարդյունավետության ծրագրին։

«Լուրջ խնդիր ունենք, ժամանակային առումով նախագծային շեղումներով են իրականացվում։ Մենք ուզում ենք ունենալ այն կազմակերպությունների ցանկը, որոնք մրցույթներում հաղթել են, բայց մարդկային ռեսուրսները ու տեխնիկան չեն բավարարում իրականացնել ծրագրերը։ Այս մասով կա նաև վարչապետի հանձնարականը»։

Մարզպետը կարևորում է նաև  խմելու ջրի խնդիրը։ Առաջարկում է  մինչև տարեվերջ ռազմավարություն մշակել՝ մարզում ջրային ռեսուրսները ճիշտ ղեկավարելու համար։

«Սիսիանի  բնակավայրերի ճնշող մասն ապահովված չի  խմելու ջրով։  Բայց ի՞նչն է տարօրինակ, որ սուբվենցիոն հայտերով հաճախ գալիս են ծրագրեր, որոնք որևէ առնչություն չունեն ներկայացված հիմնախնդրի հետ։ Այսինքն՝ ներկայացնում են, որ խմելու ջուր չկա՝ առաջնահերթ է, բայց սուբվենցիոն ծրագրերն արվում են այլ ուղղությամբ։  Ընդ որում՝ խոսքը միայն սուբվենցիայի մասին չէ։ Օրինակ՝ տարածքային զարգացման հիմնադրամը բավականին մեծ գումարներ է ծախսում մարզում, ասում ենք՝ այս ծրագիրը արեք, նրանք լրիվ այլ ծրագիր են անում, որի կարիքը, թերևս, այս պահին չկա»

Մարզպետը խոստացավ խնդիրը ներկայացնել վարչապետին, որպեսզի  մարզին ուղղվող գումարներն այսուհետև նպատակային ու հասցեական ծախսվեն։

Back to top button