Կարտոֆիլը՝ բենզինի, ծխախոտը՝ մանկական կերի դիմաց․ արցախցիները մթերք են փնտրում ոչ թե խանութում, այլ սոցցանցերում


Օր օրի սրվող հումանիտար ճգնաժամի պայմաններում արցախցինեը դատարկ խանութների փոխարեն մթերք ու կենցաղային իրեր են փնտրում նաև սոցցանցերում։ Տան եղած-չեղածը ավելի պետքական իրերով են փոխանակում կամ նվիրում կարիքավորներին։ Վերջին օրերին Ստեփանակերտում նաև ապագա առաջին դասարանցիների համար օգտագործված պայուսակներ, դասագրքեր ու գրենական պիտույքներ են հավաքում, «Հայ կրթական հիմնարկությունն» էլ հայտարարել էր, որ պատրաստվում են հենց Արցախում շուրջ 2000 պայուսակ կարել ու նվիրել դպրոցականներին։
Կփոխանակեմ կարտոֆիլը՝ դիզվառելիքի, բանջարեղենն ու մրգերը՝ լվացքի փոշու, շաքարավազը՝ մանկական օճառի, օճառն էլ կարագի հետ, մի տուֆ սուրճը՝ աղի կամ սեփական այգու ելակը բենզինի հետ։ Facebook-ի արցախյան խմբերում շրջափակման ողբերգությունը այս տեսքն ունի։ Դատարկ խանութներից ու ցուցափեղկերից հուսահատված մարդիկ իրենց պետք եղածը փորձում են գոնե սոցցանցերում՝ բախտակիցների մոտ գտնել, օգնել իրար՝ պատմում է արցախցի Տաթև Միրզոյանը։
«Տոտալ փոխանակում է, ամեն տեղ ամեն ինչ փոխանակում են, մարդիկ ձեթը փոխում են շաքարավազի, բենզինը ծխախոտի հետ, ով ինչ ունի, բայց ունի նաև ուրիշ մի բանի անհրաժեշտություն փոխանակում են, քանի որ մարդիկ ուրիշ հնարավորություն չունեն»,– պատմում է Տաթևը։






Շատերը փոխանակելու բան էլ չունեն։ Սպասում են, որ գոնե բարի մարդիկ օգնեն։ Արցախցիներից մեկը իր երեխայի համար մանկական կաթնախարնուրդ է փնտրում, պատրաստ է ցանկացած գին վճարել դրա դիմաց, մյուսը երեխայի համար գոնե մեկ հատիկ կոնֆետ։ Հիմա մի շրջան ենք ապրում, երբ ունես գումար բայց ծախսելու տեղ չունես․ 2 երեխաների մայր Տաթևն ասում է՝ ամենածանր բանն այն է, որ երեխայի ցանկությունները չես կարողանում կատարել։
«Խանութները ամբողջությամբ դատարկ են, ընդհանրապես, ոչ մի բան չկա, խանութներում մնացել են միայն համեմունքները, որ մարդիկ հազվադեպ էին գնում և խմիչքը։ Եթե տեղական արտադրության կաթնամթերք է հայտնվում խանութներում, մարդիկ շատ շուտ գնում են առավոտյան հերթ են կանգնում, որ 5-6 հատ կաթնաշոռից մեկն էլ իրենց հասնի, գոնե երեխաները մի բան ուտեն»։








Խոսում պատմում ու հետո զարմանում են՝ թե ոնց են դիմանում ու դիմակայում դժվարություններին․ արցախցի Մարգարիտան «Ռադիոլուրին» պատմում է՝ հաճախ ստիպված է լինում մինչև գործի գնալը արևածագին խանութ գնալ ժամերով հերթ կանգնել, հետո միայն շտապել աշխատանքի։
«Խեղճ երեխաս ինչ ծնվել է հերթերի մեջ է, հացի հերթ ենք կանգնում, կաթնամթերքի հերթ ենք կանգնում, ամեն ինչի համար ու, ամենակարևորը՝ փոքրերն էլ, երեխաներն էլ հետդ․ շատ դժվար է, բայց ապրեցնող դժվար է»,– ասում է Մարգարիտան։










ՄԻ քանի օրից կսկվի նոր ուսումնական տարին․ շրջափակման պայմաններում դպրոցականին անհրաժեշտ պարագաների, հագուստի ու գրենական պիտույքների լուրջ խնդիր կա։ Մթերքից, պարենային ու տնտեսական ապրանքներից զատ, արցախցիները սոցցանցերում նաև դպրոցական պայուսակներ ու դասագրքեր են փնտրում։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունից փոխանցում են, որ «Հայ կրթական հիմնարկությունը» հենց Արցախում դպրոցական պայուսակներ կկարի ու կնվիրի առաջին դասարանցիներին: «Լույսի պայուսակ» անունը ստացած ակցիան միակը չէ՝ ասում է Արցախի ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Նարե Նիկողոսյանը։
«Մենք հաշվի ենք առել նաև այն հանգամանքը որ խանութներում էլ դպրոցական պայուսակների պակաս կա, ինչ իմանաս գուցե մինչև սեպտեմբեր չլինեն ու չհամալրվի պայուսակների ֆոնդը։ Եթե տներում կան լավ պահպանված այբենարաններ, մենք խնդրել ենք, որ դրանք էլ փոխանցեն հավաքագրման կետերին»։
Պայուսակների համար նախատեսված կտորի որոշակի պաշար կա, համապատասխան գործարանն էլ միացել է նախաձեռնությանը։ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարեյանն ասում է՝ պայուսակների վրա մեր աչքին սովոր «Made in China»-ի փոխարեն «Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում» մակնշումը կլինի։
«Սա տարիներ հետո նաև խթան կլինի այդ բալիկներ համար, որ իրենք էլ մեծանան ու ցանկանան բարեգործություն անել: Ու հուսանք այլևս այսպիսի պիտակներով արտադրանք չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում»:
Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու և բարության ու գիտելիքի լույս տարածելու՝ ասում են կազմակերպիչները: