ԿարևորՔաղաքական

ԵՄ դիտորդներն իրենց «մաշկի վրա» են զգացել Ադրբեջանի «քաղաքականությունը»

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում  հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի և հայկական կողմից ռազմական տեխնիկայի կուտակումների մասին։ Հայաստանը պաշտոնապես շարունակում է հերքել այդ լուրերը։ Դրանցից վերջինը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, հերքել է նաև Հայաստանում առաքելության իրականացնող Եվրամիության դիտորդական խումբը։  

Վերլուծելով իրավիճակը՝ փորձագետները չեն բացառում, որ այս քայլերով Ադրբեջանը փորձում է տեղեկատվական ֆոն ստեղծել նոր ագրեսիայի համար։ Որպես հիմնավորում նշում են ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստից առաջ իրավական և դիվանագիտական դաշտում Ալիևի համար ստեղծված «պատային» իրավիճակը։

Հայաստանում ԵՄ առաքելությունն առաջին անգամ արձագանքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությանը և հստակ հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական անսովոր տեղաշարժ և կուտակումներ չի տեսնում, հատկապես՝ Լաչինի միջանցքի մոտ։ Արդեն տևական ժամանակ Ադրբեջանը, փորձագետների գնահատմամբ, փորձում է տեղեկատվական ֆոն ապահովել և լեգիտիմացնել իր հնարավոր ագրեսիվ քայլերը։  Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի ՝ նախօրեին հնչեցրած պնդմանը, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, ԵՄ փաստահավաք առաքելության պաշտոնական հայտարարությունը հստակ արձանագրում է․

«ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ամենօրյա ռեժիմով իր 4 բազաներից իրականացնում է անվտանգային և ռազմական իրավիճակի մշտադիտարկում։ Տեղերից ստացած տեղեկության հիման վրա մենք չենք տեսնում, որ կա անսովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես` Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Մենք շարունակում ենք տարածքների մշտադիտարկումը»։

Այս հայտարարությանը ժամեր անց հաջորդեց նոր միջադեպ․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կեսօրին կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներ չկան:

Ադրբեջանի կողմից տեղեկատվական ֆոն ստեղծելը, փորձագետների գնահատմամբ,  կոնկրետ նպաըտակ ունի․ այն բանից հետո, երբ ընդունվեց ՄԱԿ-ի կանոնադրությունը և պատերազմը՝ որպես քաղաքական հարցեր լուծելու միջոց, օրենքից դուրս ճանաչվեց, բոլոր պատերազմները այս կամ այն չափով ուղեկցվում են նման տեղեկատվական հոսքերով, որպեսզի ագրեսիան տեղավորվի այն լեգիտիմ փոքրաթիվ հիմքերի շրջանակներում, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Դա նախ և առաջ անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանությունն է և այսպես կոչված «արդարացի պատերազմի» կոնցեպտը։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը համոզված է, որ հուշումները, թե ինչի է պատրաստվում Ադրբեջանը առաջիկայում, ներկայացված են  հենց այդ կողմի պաշտոնական հայտարարության մեջ․

«Մենք տեսանք, որ այնտեղ երկու շեշտադրում է արվում․ մեկը անօրինական կազմավորումների մասին է խոսքը, դա ակնհայտորեն Արցախի ՊԲ-ին է վերաբերում և հայ-ադրբեջանակն չդելիմիտացված սահմանի երկայնքով իբրև թե Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների մասին է խոսում, նախապատրաստում։ Դա էլ արդեն մենք կարող ենք ենթադրել, որ խոսք է գնում նաև հայ-ադրբեջանական սահմանին ինչ-ինչ ագրեսիվ գորչծողությունների մասին»։   

Որպես ժամկետ փորձագետները կանխատեսում են աշունը, իսկ որպես հիմնավորում այն, որ հայկական կողմին հաջողվել է միջազգային հարթակներում իրավական և դիվանագիտական առումով Ալիևի համար ստեղծել «պատային» իրավիճակ, երբ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա աստիճանաբար մեծանում է։

Հայաստանում վերլուծաբանները կարծում են, որ ադրբեջանական ապատեղեկատվությունից ավելի լուրջ հիմքեր մասնավորապես ուժի կիրառմամբ Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանին տալիս է Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը։ Լաչինի միջանցքը ուժով բացելու կոչերը Հայաստանի իշխանություններին րդեն բազմիցս ուղղվել են։ Նման հնարավորությունը իրատեսկան է համարում, օրինակ, «Ողջ մնալու արվեստը» կազմակեպության ղեկավար Վովա Վարտանովը, բայց նախապայմանով՝ եթե պատրաստվենք․  

«Եթե խելացի ենք, որ ուրիշ տեղ հարվածին մենք պետք է պատրաստվենք։ Եթե ուժով պատրաստվում ենք վերցնենք Բերձորի միջանցքը մեր տնօրինության տակ, կամ ազատագրենք, նորից տանք ռուսների ФСБ-ին»:

Ամեն դեպքում հայկական կողմը՝ թե պաշտոնական Երևանը, թե պաշտոնական Ստեփանակերտը, հանդես են եկել հայտարարություններով և զգուշացումներով։ Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին։

«Հայաստանը վերահաստատում է խաղաղության օրակարգին և բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին կառավարության հավատարմությունը և միջազգային հանրության բոլոր դերակատարներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, կոչ է անում գործի դնել իրենց տրամադրության տակ առկա ողջ գործիքակազմը՝ ադրբեջանական կողմին կառուցողական դաշտ բերելու նպատակով»,-նշված է Երևանի հայտարարության մեջ։

Ըստ արտգործնախարարության՝ Ադրբեջանը շարունակում է խախտել բանակցությունների ընթացքում ձեռքբերված բազմաթիվ պայմանավորվածություններ, այդ թվում, ի հեճուկս 2023 թվականի մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածության, մինչև օրս Ադրբեջանը հստակ հայտարարություն չի արել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, հրաժարվում է կյանքի կոչել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման մասին ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ստեփանակերտն իր հերթին պահանջում է միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները։

Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանում ստեղծվեց քաղաքացիական նոր նախաձեռնություն «Բացում» անվանումով։  Հետապնդում են երեք նպատակ՝ բացել ճանապարհը, ապահովել ճանապարհի անվտանգությունը և վերացնել հումանիտար աղետի հետևանքները։ Նախաձեռնության անդամները չեն թաքցնում, որ խաղաղ և դիվանագիտական լուծումների շարքում՝ հանրային քննարկումների ժամանակ դիտարկում են նաև Լաչինի միջանցքը ուժով բացելու հնարավորությունը։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը այն անհատներից է, ով կարծում է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը այդ հիմքը տալիս է․

«Քանի որ ադրբեջանական կողմը ցեղասպանական քաղաքականություն է իրականացնում։ Այլ բան է, թե մենք ունե՞նք այդ հնարավորությունները այս պահի դրությամբ, թե՞ ոչ։ Մենք երկու ճանապարհ ունենք․ կամ միջզգային ու քաղաքացիական ճանապարհով, խաղաղ ցույցերի միջոցով ճնշենք ադրբեջնական կողմին, որպեսզի բացի ճանապարհը, այսինքն՝ իրավիճակ, որը դժվարամարսելի կդարձնի իր համար և ստիպված կբացի, կամ ուղիղ իմաստով գտնելով դաշնակից երկրներ, ռազմական գործողություններ իրականացնենք ճանապարհը բացելու և պահելու համար։ հաջողությունից հետո պետք է կարողանանք այն պահենք։ Ցավոք սրտի, 30 տարի մսխեցինք այդ մեր հնարավորությունները և չկարողացանք պահել, բայց ի վիճակի ենք և մեր մեջ հույս կա մարդկանց փոխանցելու, որ մենք անկարող չենք, որ մենք հուսալքված չենք, որ մենք պայքարելու ենք մինչև մեր նպատակներին հասնելը»։  

Քայլերից մեկը, որով քաղաքացիական նախաձեռնությունը փորձում է անելանելի վիճակի ստեղծել Բաքվի համար, նաև ՄԱԿ-ի դերակատարումն է նախատեսում։ Օրինակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հումանիտար բեռների հավաքագրման միջոցով, փորձում են ազդել քաղաքական որոշում կայացնողների վրա, այդ թվում՝ ՄԱԿ-ի ղեկավարության, քանի որ Պարենի համաշխարհային ծրագրով հումանիտար աղետի գոտիներում նրանք իրականացնում են մարդասիրական բեռների փոխադրում և օգնության տրամադրում։

Հայաստանյան գրասենյակում հավաքագրված օգնությունը Արցախ չհասցնելու երկիմաստ իրավիճակը նաև միջազգային այդ կազմկերպությանն է անհարմարություն պատճառում, և դա այն բանալին է, համոզված են նախաձեռնության անդամները, որով կարելի է ազդել կառույցի գործունեության վրա։  

Back to top button