Հասարակություն

Դասագրքերի ստեղծման գործընթացում փոփոխություններ են արվել

Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի եւ ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման եւ հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձեւավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության՝ «կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց  մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը ներգրավելով օտար լեզվի համապատասխան մասնագետի։ Տարանջատվել են «դասագիրք» եւ «դասագրքին հավակնող ուսումնաօժանդակ նյութ» հասկացությունները, որոշակի լրացումներ են կատարվել դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջներում: Սահմանվել է, որ «դասագիրք» եզրույթի փոխարեն  անհրաժեշտ է կիրառել «ուսումնական նյութեր» բառերը, քանի դեռ նյութը չի երաշխավորվել որպես դասագիրք:

Հստակեցվել է, թե որ կառույցն ու ինչ ժամկետում պետք է իրականացնի դասագրքում եւ ուսումնաօժանդակ գրականության մեջ ընդգրկված հղումների ու դրանց հասանելիության հետ կապված խնդիրների բացահայտումը եւ շտկումը: Ըստ այդմ՝ «Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (ԿԶՆԱԿ) յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվելուց առնվազն 1 ամիս առաջ վերանայում է դասագրքերում օգտագործված հղումները եւ դրանց հասանելիությունը եւ փոփոխություններ հայտնաբերելու դեպքում այդ մասին տեղեկացնում նախարարությանը: Սահմանվել է նաեւ, որ  դասագրքում եւ ուսումնաօժանդակ գրականության մեջ պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին եւ աղբյուրներին: Հղումներով նախատեսված բոլոր նյութերը եւ աղբյուրները  պետք է մշտապես հասանելի լինեն դասագրքի գործածության ողջ ժամանակահատվածում եւ պաշտպանված լինեն կիբերհարձակումներից:

Դասագրքերի ստեղծման ժամկետներում նույնպես փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված փորձարկման արդյունքում լրամշակված ծրագրերի եւ չափորոշչի հիման վրա տպագրված դասագրքի սեղմ ժամկետներում երաշխավորելու, ինչպես նաեւ գործածության ընթացքում ի հայտ եկած խնդիրները հնարավորինս արագ շտկելու անհրաժեշտությամբ։

Դասագրքերին եւ ուսումնաօժանդակ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանվել են առանձին հավելվածով, որը չափանիշ կհանդիսանա դասագրքերի եւ ուսումնական նյութերի հրատարակման համար»։

Back to top button