

Ամերիկացի սենատորներ Ալեքս Պադիլան և Բոբ Մենենդեսը նամակ են ուղարկել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին՝ կոչ անելով աշխատել ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների հետ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վորջինս վերացնի շրջափակումը, և կանխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձերը։
Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստն ամբողջությամբ.
«Հարգելի դեսպան Թոմաս-Գրինֆիլդ,
Մենք գրում ենք՝ հորդորելու ձեզ խիստ դիրքորոշում որդեգրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա արտակարգ նիստում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ՝ հումանիտար ճգնաժամը լուծելու նպատակով։
Ութ ամիս շարունակ Ադրբեջանն աստիճանաբար խստացրել է շրջափակումը՝ նպատակ ունենալով զրկել Լեռնային Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդ թվում՝ սննդից և դեղորայքից:
Հունիսի 15-ին Ադրբեջանը փաստացի դադարեցրել է կարևոր մարդասիրական օգնության առաքումը, ինչը ծանր հետևանքների է հանգեցնում այնտեղ ապրող տասնյակ հազարավոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների, տարեցների և հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող բնակիչների համար:
Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդկային արժանապատվության դեմ ոտնձգություն անելով՝ գրեթե մեկ ամիս առաջ Ադրբեջանը սկսեց արգելել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մուտքը, որը վերջին մնացած մարդասիրական խումնբն է, որ կարող է փրկարար օգնություն տրամադրել խոցելի բնակչությանը:
ԿԽՄԿ-ն անցյալ ամիս զեկուցել էր, որ «մրգերը, բանջարեղենը և հացը գնալով ավելի քիչ և թանկ են դառնում», մինչդեռ «այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը անհասանելի են»՝ նշելով նաև, որ «մարդկանց կյանքը վտանգված է», կա դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հիգիենայի պարագաների և մանկական կաթնախառնուրդի սղություն»:
Այսօր մենք գիտենք, որ իրավիճակն ավելի է վատացել, լրագրողները հրապարակում են դատարկ մթերային խանութների լուսանկարները և հայտնում, որ շտապօգնության մեքենաներն այլևս վառելիք չունեն:
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան դարեր շարունակ այնտեղ ապրած հայ համայնքի էթնիկ զտման փորձ։ Իրոք, այս ամսվա սկզբին Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց էր հրապարակել, որտեղ ասված էր, որ «խելամիտ հիմքեր կան հավատալու, որ ցեղասպանություն է իրականացվում»:
Մենք քաջալերված ենք, որ Միացյալ Նահանգները աջակցել է նիստի գումարման կոչին։ Խնդրում ենք, որ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ՝ աշխատեք ՄԱԿ ԱԽ-ի բոլոր անդամների հետ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի վերջինս վերացնի շրջափակումը, և կանխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձերը։ Մասնավորապես, հորդորում ենք Ձեզ ներկայացնել բանաձեւ, որը կոչ կանի անհապաղ դադարեցնել շրջափակումը և ապահովել ազատ մարդասիրական մուտքը տարածաշրջան: Շնորհակալություն այս հրատապ խնդրանքը հաշվի առնելու համար»,- ասված է նամակում: