ԿարևորՀասարակություն

Օկամպոյի զեկույցն ու ցեղասպանագետների եզրակացությունն ամուր հիմք են ՄԱԿ-ում սպասվող քննարկմանն ընդառաջ

Աշխարհում հայտնի երեք տասնյակից ավելի ցեղասպանագետներ ահազանգում են Արցախում ցեղասպանության հնարավոր վտանգի մասին։ Նրանք նամակ են հրապարակել և այն հասցեագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուին։

Փաստաթղթի կազմմանը մասնակից հայ մասնագետը «Ռադիոլուր»-ին ասել է՝ սա պատրաստի մասնագիտական եզրակացություն է, որի կարիքն անպայման կլինի ՄԱԿ ԱԽ-ում սպասվող քննարկման ժամանակ։

Ցեղասպանագետները մեկ քայլ առաջ են անցել և փաստաթուղթ հրապարակել, որի անհրաժեշտությունը, կարծում են, կլինի Արցախում առկա հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում սպասվող քննարկման ժամանակ։

Նամակում երեք տասնյակից ավելի գիտնականներ նշում են, որ խորապես մտահոգված են Արցախում ցեղասպանության վտանգի առնչությամբ։ Նամակի կազմմանը մասնակցել է  ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«ՄԱԿ-ը կամ միջազգային այլ կազմակերպությունները, որոնք հողի վրա կարող են քաղաքական հարցեր պարտադրել Ադրբեջանին, կարիք ունեն փորձագիտական գնահատականի, քանի որ նրանք այդ գործի մասնագետները չեն։ Միջազգային կառույցները հակված են հավատալ օբյեկտիվ փորձագիտական եզրակացությանը, և ցեղասպանագետների բաց նամակը փաստացի տալիս է այդ հնարավորությունը։ Իրենք հետազոտել են հարցը, և եկել եզրակացության, որ առկա է ցեղասպանության վտանգ»։

Նամակում հղում է արվում  Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, միջազգային իրավունքի ոլորտում առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որում հստակ նշվում է որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Օկամպոյի այս զեկույցն ու ցեղասպանագետների եզրակացությունը շատ ամուր են դարձնում Հայաստանի Հանրապետության դիրքերը ՄԱԿ-ում՝ ասում է Սուրեն Մանուկյանը։

Ցեղասպանագետ գիտնականները նամակում մեջբերել են նաև տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպության՝ ԿԽՄԿ-ի լուրջ ահազանգը առ այն, որ  Ղարաբաղում  քաղաքացիական բնակչությունը  բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցների և մանկական կաթնախառնուրդի  բացակայությունը:

Հաշվի առնելով հանգամանքները և հիմնվելով իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի տրամադրած լրացուցիչ տեղեկությունների վրա՝ գիտնականները եզրակացնում են, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք վկայում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունը  հավանական է։

Նամակում կոչ է արվում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության համար։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը նկատում է․

«Քանի որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան մասնագիտացված միջազգային կառույց է, նման գնահատական տալը չափազանց կարևոր է, և այդ կառույցը մեկ անգամ չէ, որ մասնագիտական գնահատական է ներկայացրել։ Բայց իմ կարծիքով այս հարցում ոչ թե պետք է կոչեր հղեին, այլ որպես մասնագիտական խումբ հենց ինքը պետք է փորձագետների խումբ հավաքեր և ուղարկեր Արցախ  և ասեր, որ մենք՝ որպես մասնագիտացված ասոցիացիա, նախաձեռնում ենք այս քայլը և խնդրեր, որ իրենց միջազգային մանդատ տար նույն ՄԱԿ-ը»։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը չի բացառում ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի կիրառման հնարավորությունը, բայց քննարկումը կարևոր է համարում անգամ այդ դեպքում։

«Եթե մենք չաշխատենք, ոչինչ չի լինի։  Դրա համար ես կարծում եմ, որ ցանկացած ջանք ու գործողություն ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում։ Կարծում եմ, որ մենք պետք է անընդհատ դիմենք անկախ նրանից, որ որոշումները չեն գործում։ Պետք է այնքան դիմենք, որ իրենք իրենց ընդունած որոշման հետևից գնան, քանի որ, ի վերջո, դա նաև իրենց հեղինակության հարցն է»։

Ցեղասպանագետների կազմած նամակը հասցեատերերին կուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով արտահերթ նիստ հրավիրելուց առաջ՝ որպես պատրաստի մասնագիտական եզրակացություն՝ ասում է Սուրեն Մանուկյանը։

Back to top button