

- ԶիգԷր Նյու-Եօրքէն…
- Կեղծերէն զգուշացեք…
- Ասեղ, թել, յուղ Զինգեր մաշինկի համար…
1830-ին ֆրանսիացի Թիմոնյեն զինվորական համազգեստներ կարելու համար արտադրեց մի սարք, որ րոպեում 200 շղթայական կար էր թողնում կտորի վրա: Դա հրաշքի պես մի բան էր թվում, բայց քանի որ այս սարքը մաքոք չուներ, կարերը հեշտությամբ քանդվում էին:
Էլիաս Հոու, ահա այն ամերիկացին, որը նախագծեց և կիրառեց մաքոքը և բարելավված ասեղը: Շուտով, Հոուի գյուտը օգտագործելով և կատարելագործելով, որոշ արտադրողներ, այդ թվում Զինգերը, սկսում են կարի մեքենաների թողարկումը:
5 տարի շարունակ դատարանների դռներն ընկած Հոուն փորձում էր ապացուցել իր մտավոր սեփականության նկատմամբ ոտնձգությունը: Եվ վերջապես շահում է դատը և փոխհատուցում ստանում անբարեխիղճ արտադրողներից՝ նաև Զինգերից՝ կյանքի վերջում միլիոնատեր դառնալով։ Այսօր Իսահակ կամ Այզեկ Զինգերի օրն է: Ավելի ճիշտ 19-րդ դարի հայկական մամուլում նրա հռչակավոր կարի մեքենաների գովազդների օրը:
«Սինկէր զուտ անգլիական պողպատեայ տոկունութեամբ օժտված, 400-էն ավելի պատւոյ վկայական և շքադրամ ստացած է բոլորացուցահանդէսներու մէջ: Արեւելքի մէջ Սինկէրի մեքենաներուն միակ ներկայացուցիչըն է Նայտլինկէր, որ բովանդակ Թուրքիոյ մէջ մասնաճիւղեր հաստատած է»,-կարդում ենք Պոլսի «Բյուզանդիոն» թերթում: Սակայն սըր Նայթլինկերը միայն Արևելքի ներկայացուցիչը չէր, այլև Այսրկովկասի: Եվ իրապես ամենուրեք բացել էր աներևակայելի թվով մասնաճյուղեր և պահեստներ, որտեղ «գտնւում են մեքենաներին պատկանելի գործիքներ, ինչպէս են ասեղներ, թել, մետաքս և այլ մեքենային պատկանելի իրեղէններ ամենաչափաւոր գներով»:
Բացի այդ, նյու յորքյան հենց այս մանուֆակտուրան էր մատակարարը և հայթայթիչը օսմանյան վեհ սուլթանին և ռուսաց Նորին Կայսերական Բարձրութեանց: Թեկուզ միայն հայկական մամուլում տեղ գտած, ինչպես հիմա կբնութագվեր, ագրեսիվ գովազդային արշավից կարող ենք դատել, որ «Զինգեր»-ը անմրցելի էր շուկայում: Թիֆլիսի «Մուրճ» պարբերականում կարդում ենք.
«Ընկերություն Զինգերի: Նիւ Եօրքում արժանացած աշխարհ մէջ կարի մեքենաների բոլոր ցուցահանդեսներում ամենաբարձր պարգեւների: Կարևոր ընկերներ տան տիկինների և ազնիւ օգնականներ՝ բոլոր արհեստավորների համար:
Գտնվում են միմիայն Թիֆլիզում. Զինգեր ընկերութեան կենդրոնական պահեստում Գօլօվինսի պրոսպեկտի վերայ: Միրիմանովի տան և նրա բաժանմունքների մէջ: Բագւում Միքայէլեան փողոցում, Միրզա Աւագեանի տանը, Քութայիսիում Բուլվարի դէմ Չերեկովի տանը, Բաթումում Լոռիս Մելիքեանի փողոցում Կուզւորի տանը, Ասխաբադում՝ Գոստիննի դւոր նոմեր 2, Աֆանասևի մոտ, Թէհրանում Մարշ-Մէյդանի դէմ, Երեւանում ճամփորդ գործակալների մօտ»:
Իսահակ Զինգերը 1851-ին մեջտեղ բերեց ֆրանչայզինգի գաղափարը՝ այսինքն՝ ապրանքի արտադրության և վաճառքի իրավունքի փոխանցվեց ուրիշներին: Եվ Շոտլանդիան առաջինն էր որ ստացավ այդ արտոնությունը: Ֆրանչայզի նրբություների մասին կպատմի «Մենք»քոնսալթինգ ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Վարդերեսյանը:
Ֆրանչայզի ինստիտուտը հայտնի է դեռ 19-րդ դարից: Բառն արդեն անգլերենով նշանակում է թույլտվություն, արտոնություն, այդ իրավունքը նաև զարգացում է ապրում ՀՀ-ում: Կան բազմաթիվ ընկերություններ, որոնք այդ մոդելով համագործակցում են համաշխարհային մեծ առևտրային ցանցերի կամ սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերկությունների հետ: Սննդի ոլորտում լավագույն օրինակը կարելի է ասել KFC-ի ցանցը, Պիցցա Hut-ի, Սեգաֆրեդո և այլ ընկերությունների շրջանակը: Պայմանագրերի որպես տեսակ հիմնականում առանձնանում են բացառիկ իրավունքների տրամադրման լիցենզիոն պայմանագրերը, որոնք կարող են տրամադրվել նաև ֆրանչայզի, այսպես ասած, համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրի շրջանակներում:Երբ մեկ ընկերություն՝ տիրապետելով այս ամբողջ բացառիկ իրավունքների համալիրին, մեկ այլ անձի, ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրում է այդ ամբողջ իրավունքների համալիրը: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ իրավունքները պետք է գրանցման ենթարկվեն: Ինչպես մտավոր սեփականության օբյեկտներն են գրանցվում, այնպես էլ այդ օբյեկտների թույլտվության պայամնագրերն են գրանցվում: Առանց որի տվյալ պայմանագրերը իրավական ուժ չունեն:
Զինգեր մանուֆակտուրան գովազդային նոր հնարքներ բանեցրեց՝ նշելով, որ գնորդները կարող են մաս-մաս վճարել ապրանքի դիմաց, կարող են ապահով լինել մեքենայի խափանման դեպքում, քանի որ դրանք հնարավոր կլինի շտկել կամ փոխարինել նորով, որ կարի մեքենան շատ դյուրի է շահագործման մեջ և առկա են պահեստամասեր: Ամենաթույլ մարդիկ հեշտությամբ կարող են գործածել նոր ոտնակների շնորհիվ, որոնք «առանց աղմուկի, թեթևությամբ բանում են» և «մագազնում» կարելի է օգտագործած մեքենան փոխարինել նորով, կան նաև գործիքներ,ասեղ,թել, յուղ …:
«Նիւ Յօրքի Սինգերի կարի մեքենաների ամենամեծ գործարան,Պալատական մատակարարողներ Նորին Կայսերական Բարձրութեանց Մեծ Իշխանուհի Ալէքսանդրա Իօսիֆովնայի և Մարիա Պավլօվնայի:
Ինչպես բոլոր հանդէսներում, նոյնպէս և Ամստերդամի վերջին միջազգային հանդէսում արժանացան ամենամեծ պարգեւի Պատուաւոր դիպլօմի: Իսկական Զինգեր կարի մեքենաները ծախվում են կատարեալ ապահովութեամբ, շաբաթական 1ր. 50կօպ. աննշան գումար վճարելու պայմանով: Կարելու դասերը ձրի են տրվում գնողների տներում:
Նոր ստացուած են . պլիսսէ ծալելու համար բոլորովին նոր ձևով մեքենաներ, որոնք իրենց գեղեցկութեամբ և ամրութեամբ գերազանցում են մինչև օրս յայտնի բոլոր գործիքներից: Իսկականները գտնվում են Նէյդլինգերի մօտ բաժանմունքները և ժամանակաւոր պահեստները գտնվում են Բաթումում, Քութայիսիում, Ելիսաւէտպոլում , Ասխաբադում, Երեւանում, Նախիջեւանում, Ալէքսանդրապոլում, Ղարսում և Ախլցխայում:
Սպասարկման բիզնես մշակույթը. լսենք Արթուր Վարդերեսյանին․
Ֆրանչայզի պատմությունը, երբ նայում ենք, որպես օրինակ բերվում է Զինգեր ընկերություն բիզնես մոդելը, երբ վաճառվող կարի մեքենաների համար անհրաժեշտություն եղավ տարբեր երկրներում բացել սերվիս կենտրոններ և այդ սերվիս կենտրոնները պետք է համապատասխանեին Զինգեր ընկերության ընդհանուր բիզնես մոդելին: Հիմա այդ բիզնես մոդելը լայնորեն կիրառվում է համակարգչային տեխնիկա և մոբայլ հեռախոսներ վաճառող ընկերությունների կողմից: Dell-ը, Lenovo-ն, Apple-ը իրենց դիստրիբյուտրների կամ գործընկերների միջոցով Հայաստում բացել են հատուկ արտոնված սերվիս կենտրոններ: Արտադրողն անմիջականորեն օգտագործողին վաճառք չի իրականացնում, այլ ապրանքները մատակարարում է դեպի դիստրիբյուտորներ, որոնք կարող են լինել մեկ կամ մի քանի ընկերությունները, որոնք կարող են սպասարկել տարածաշրջաններ: Դիստրիբյուտորների միջոցով ևս վերջնական օգտագործողին վաճառք չի լինում: Այսինքն՝ դիստրիբյուտորները ստեղծում են գործընկերների ցանցեր,մատակարարում են ապրանքները նրանց, որոնք էլ հասցնում են ապրանքները վերջնական սպառողին: Սովորաբար մեծ ընկերությունները նման շղթա են կիրառում ապրանքների իրացման համար:
Բազմաթիվ մեդալներ և վկայականներ Ամստերդամի, Չիկագոյի և համաշխարհային այլ ցուցահանդեսներից: Հայկական միջավայրում օժիտի կարևոր բաղադրիչ, հանապազօրյա հաց վաստակելու հավատարիմ ընկեր: Հիմա էլ շատերի տներում Զինգեր կարի մեքենան, որպես որակյալ ապրանքի բացառիկ նմուշ, իր պատվավոր տեղն ունի:
Իսահակ Զինգերը մահացավ 63 տարեկան հասակում՝ ընտանիքին թողեց 22 մլն դոլար, 2 անշարժ գույք և բազմաթիվ երեխաներ տարբեր կանանցից: Նա ինքն իրեն համարում էր դերասան՝ Իսահակ Մերիտ անունով, որ դեռ պատանեկան տարիքից խաղացել էր բեմում, ապա և ստեղծել «Մերիտի խաղացողները» թատերախումբը։
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: