

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում։ Հիմնական նպատակը, ըստ գործադիրի, քաղաքացու վերաբերմունքի փոփոխությունն է իր վճարած հարկերի նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունների մի մասը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1–ից, մյուսները՝ 2025–ի հունվարից։
Բարձրացնել հատկապես շրջանառության հարկ վճարողների գործարքների փաստաթղթավորման մակարդակը, իրացման թերհայտարարագրման դեպքերը հայտնաբերելու նպատակով հարկային մարմնի համար ապահովել արդյունավետ գործիքակազմ, կանխարգելել իրավախախտումները․ՊԵԿ–ում Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն այսպես են մեկնաբանում։ ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ, հարկման մյուս համակարգում չփաստաթղթավորման դեպքում եկամտային հարկի 20 տոկոս պարտավորություն ունեն։ Բայց այս նորմը չի գործում շրջանառության հարկ վճարողների դեպքում։ Այժմ առաջարկվում է այն կիրառել նաև վերջինների համար։
«Առավել ևս, որ այն հուլիսի 1–ից նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար է գործում։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատողների համար այդ նորմը վաղուց կար։ Հետևաբար, որ շրջհարկ վճարողները ևս չփաստաթղթավորման համար կրեն եկամտային հարկի պարտավորություն»։
ՊԵԿ–ում կարծում են, որ այս նախաձեռնությունը կբարձրացնի փաստաթղթավորված գործարքների մակարդակը։ Բացի այդ, առաջարկվում է կատարելագործել հարկային մարմնի կողմից նմանատիպ գործարքների ու ապրանքային մնացորդի հայտնաբերման, չափագրման գործիքակազմը։ Շրջհարկ վճարողների մոտ, եթե ապրանքային ավելցուկ հայտնաբերվի, տուգանք է առաջարկվում շրջանառութան 20 տոկոսի, երկրորդ անգամ՝ 50 տոկոսի չափով։
Առաջարկվում է նաև, որ 2024 թ հունվարի մեկից ապահովագրական գործակալներն ու բրոքերները նույնպես աշխատեն շրջանառության հարկման դաշտում։
Մյուս փոփոխությունը վարձակալությանն է վերաբերում։ Գույքը վարձակալության տրամադրելիս, եթե պետական գրանցում չիրականացնեն, կտուգանվեն․
«Քննարկում ենք մոտարկված արժեքի 5 տոկոսի չափով տուգանքի հարցը, որը կկիրառվի օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում, բայց կան դեպքեր, երբ ֆիզիկական անձը գործարքը պետական գրանցման չի տարել, բայց հայտարարագիր են ներկայացրել ու վճարել եկամտային հարկը։ Ուզում ենք երկու բացառություն անել՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ներկայացրել է հայտարարագիր, վճարել է եկամտային հարկ, որը եթե հայտնաբերել ենք, որ բնակարանը վարձով է տվել, բայց բնակարանը վարձով տալուց հետո ինքը հայտարարություն է տվել հարկային մարմնում, որ գույքի գծով եկամուտ ստանալու իրավունք է ձեռք բերել, առաջարկում ենք տուգանքը չկիրառել» ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ռազմավարական մոտեցումն է՝ զարգացնել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ հարկային եկամուտներ հավաքելու խնդիր չկա, այս տարի 170 մլրդ դրամի աջակցություն պետք է տրամադրել Արցախին․
«Արձանագրում ենք, որ ՀՀ–ում շարունակվում է էական ստվեր գոյություն ունենալ։ Ստվերի չափով մենք փոքրացնում ենք զարգացումը։ Մենք վճռական ենք, պետք է գնանք ստվերի հետևից, կրճատենք այնքան, որքան տեսականորեն ու գործնականում հնարավոր է»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծում է՝ ստվերում աշխատողները ստվերում են այլ պարտաճանաչ հարկ վճարողների հաշվին։ Նրանք նաև վերջիններիս հարկային բեռն են ավելացնում․
«100 հազար դրամ աշխատավարձ ստացողի մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչու պետք է ինքը վճարի եկամտային հարկ, իսկ բնակարանը վարձակալության տվողը՝ ոչ։ Արդարության վերականգնման խնդիր ունենք»։
Փաստաթղթավորումը կբացահայտի շրջանառության հարկ վճարողների իրական շրջանառությունը, իրական փոքր ընկերություններին կօգնեն, որ շրջանառությունը թաքցնող մեծ ընկերությունները նույն համակարգում չգործեն՝ վստահեցնում է ֆինանսների նախարարը։