

ՀՀ–ն աստիճանաբար մոտենում է Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ դիմելու որոշմանը։ Կառավարության անունից այս հաստատումը կա, բայց ժամկետներ դեռ հայտնի չեն։ Բայց հայտնի է, որ օգոստոսի 20-ին, Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև Անվտանգության Խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի: Ըստ կազմակերպիչների՝ աշխարհի շատ պետություններ, միջազգային և դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը։ Առայժմ այդ քայլերը անարդյունք են: Աշխարհը դեռ հարաբերական լռության մեջ հետևում է Արցախի 8 ամսից ավելի տևող շրջափակմանը։
ՀՀ–ն հաստատում է՝ հասունացել է պահը Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու և Արցախն ապաշրջափակելու հարցով ՄԱԿ ԱԽ դիմելու համար։ Դիմումը ներկայացնելու ժամկետները դեռ չեն հստակեցվում, բայց ակտիվ նախապատրաստական աշխատանք է ընթանում, հաստատում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ իր համար պարզ էր, որ Հայաստանը դիմելու է այդ կառույցին։ Այդ քայլի նախապատաստական աշխատանքներից է համարում, օրինակ, Հայաստանից Արցախ մարդասիրական բեռների տեղափոխումը, որոնք այդպես էլ մնացել են Հակարիի կամրջի մոտ․
«Կարծում եմ՝ առավելապես մարտավարական քայլ էր, ցույց տալու համար ԱԽ անդամներին և միջազգային հանրությանը, որ եթե միջազգային իրավունքի երկու պատասխանատու սուբյեկտներ կան այդ տարածքում, որոնք վերահսկում են այդ տարածքը, նրանք չեն գործում։ Օրինակ, մենք տեսանք ՌԴ դիրքորոշումը ԱԽ նախկին քննարկման ժամանակ, երբ Ռուսաստանն ըստ էության ուղերձ հղեց, որ չխառնվեն իր գործերին, իրենք են այնտեղ վերահսկում և կկարգավորեն, անցել է կես տարի, բայց ոչ միայն չկարգավորվեց, այլև հիմա իրականացվում է ցեղասպանություն։ Ըստ էության՝ այդ երկու սուբյեկտները, եթե Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն, Ռուսաստանը, ստացվում է՝ մասնակից է»։
Միջազգային կառուցակարգում ՄԱԿ ԱԽ–ը միակ մարմինն է, որ կարող է քաղաքական պարտադրող փաստաթուղթ ընդունել, պատժամիջոցներ կիրառել, և որոշումների հիման վրա կարող է որոշակի կոալիցիա ձևավորել տվյալ պետության դեմ։ Բայց, քանի որ դա նաև քաղաքական մարմին է, այնտեղ դժվար է հասնել որոշումների կայացման։ Անհրաժեշտ է, որ այդ պահին այդ կառույցում որոշում ընդունելու ժամանակ շահեր համընկնեն, «Սիվիլնեթին» ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Այժմ աշխատանքները հենց այդ ուղղությամբ են տարվում․
«Ակնհայտ է, որ չի կարելի այդ մեկ կրակոցն ուղղակի, ռուսերեն ասած՝ «холостой» կրակել։ Այդ գործիքի կիրառման հասունությունը հիմա շատ բարձր մակարդակի է։ Աշխատանքներ են տարվում, որ անդամ–պետությունները և մշտական 5 անդամ–պետությունները առաջին հերթին որևէ ձևով չխանգարեն պրոցեսին։ Նախորդ անգամների հետ ես չէի համեմատի, որովհետև այս անգամ մենք տրամադրված ենք գնալու բանաձևի համար։ Մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից։ Մեզ պետք է նվազագույնը 9 «կողմ» ձայն, և դրա հետ կապված լուրջ աշխատանքեր տարվել են։ Եթե ուշադիր նայենք մեր արտգործնախարարի հեռախոսազանգերին, դրանք դեռ առաջիկա օրերին կշարունակվեն։ Մանրամասն աշխատանք է տարվում և ԵՄ պետությունների հետ առանձին, ՄԱԿ ԱԽ սովորական անդամ–պետությունների հետ առանձին և ՄԱԿ ԱԽ մշտական պետությունների հետ՝ առանձին։ Մյուս կողմից պետք է իմանաք, որ Ադրբեջանում հասկանում են և իրենք էլ իրենց կողմից են աշխատանքներ տանում»։
Վերջին անգամ ՄԱԿ–ի ԱԽ–ում Արցախի հարցով հրատապ քննարկում էր նախաձեռնվել 2022–ի դեկտեմբերին։ Այդ քննարկումից հետո շրջանառվում էր երկու պետության անուն՝ Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, որոնք ենթադրաբար կիրառել էին վետոյի իրենց իրավունքը։ ՄԱԿ ԱԽ անդամներից վետոյի իրավունք ունեն միայն մշտական 5 պետությունները։
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր և 2003-2012 թթ–ին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Արցախում ծավալվող իրադարձությունները ցեղասպանություն որակելու մասին իր եզրակացության մեջ առաջարկել էր վերանայել ցեղասպանություններին առնչվող հարցերի քննարկման ժամանակ վետոյի իրավունք կիրառելու երկրների իրավունքը։
Եթե Օկամպոյի եզրակացությունն ուղղակի իրավական հետևանք չի կարող ունենալ իրավիճակի վրա, պարզապես ապագայում տարբեր գործընթացների ծանրակշիռ հիմք կարող է լինել, ապա ՄԱԿ ԱԽ–ում բանաձև ընդունվելու դեպքում, շատ լուրջ լծակ կարող է դառնալ հետագա պայքարի համար։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը չի բացառում, որ այս շրջանում Ադրբեջանը կփորձի տարբեր գործողություններով ուշադրությունը շեղել ցեղասպանության մասին պնդումներից։ Այդ գործողությունները կարող են լինել ինչպես Աղդամի կողմից մարդասիրական ուշացած օգնության տրամադրումը, որի իրավական ազդեցությունը արդեն նվազ է, այնպես էլ՝ ռազմական էսկալացիան, որը Ալիևին ու Ադրբեջանին ավելի կմոտեցնի ռազմական հանցագործ Միլոշևիչի ու Սերբիայի հետ նույնականացմանը։
«Օբյեկտիվ իրավաբանությամբ նվազագույն շեմը հաղթահարված է և դրանում, որքան էլ, որ զարմանալի է, ամենամեծ դերակատարումը հենց Ալիևինն է։ Ալիևը այնքան շատ է իր հետևից ապացույցներ թողել, չի էլ փորձում սքողել իր մտադրությունները և բառացիորեն հայտարարում է, որ «կարող եք վեր կենալ և գնալ այս տարածքից»։ Իսկ դա արդեն էթնիկ զտման միջազգային հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ է և այս նոր փաստերի կոնտեքստում արդեն ցեղասպանության սուբյեկտիվ հատկանիշ է։ Այն, ինչի վրա շեշտը դրեց դատախազը։ Սովորաբար, հանցագործության հանցակազմերում առավել հեշտ է որսալ օբյեկտիվ հատկանիշը, որովհետև դա իրականություն է, որ բոլորը տեսնում են, քան՝ սուբյեկտիվը։ Դա մտադրություն է, որը հանցագործը սովորաբար թաքցնում է, բայց տվյալ դեպքում մենք գործ ունենք պետության ղեկավարի հետ, որը բառացիորեն հայտարարում է, որ ինքը ռազմական արշավ է իրականացրել և ինքը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացրել։ Հիմա արդեն Բաքուն կփորձի այդ ամբողջը սքողել, բայց հայտարարությունները կատարվել են, ներկայացվել են դիմումներ»։
Արդարադատության միջազգային դատարանում ատելության խոսքի բաժնում Հայաստանի պնդումներում հիմնական դերակատարը կրկին Ալիևն է։ Նրա խոսքում շատ են ատելության խոսքերը էթնիկ հայերի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Իրավագիտության մեջ կա «ատելության բուրգ» հասկացություն, որտեղ հիմնական գաղափարն է, որ եթե ատելության խոսքը հասարակությունը չկանխարգելի, դա գեներացնում է հաջորդ աստիճանը՝ բռնությունը, որը իր հերթին համակարգային խտրականության է բերում, իսկ համակարգային խտրականությունը՝ ցեղասպանության։ Այն, ինչ միջազգային իրավունքի մասնագետի պնդումով՝ արդեն իրականացվում է Արցախում։
Դեսպան Մարուքյանը ընդունում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական էսկալացիայի վտանգը միշտ կախված է օդում, բայց այս փուլում դա քիչ հավանական է համարում․
«Որովհետև միջազգային հանրությունը «կարմիր լույսը» վառում է, որ Արցախում սահմանային իրավիճակ է՝ սով, հումանիտար ճգնաժամ, կրիտիկական վիճակ, նաև արդեն կառուցվում է այն նարատիվը, որ Ադրբեջանը սովը որպես զենք կիրառում է ԼՂ ժողովրդի դեմ, որպեսզի իր պայմանները թելադրի, հնազանդեցնի, հպատակեցնի։ «Կարմիր լույսեր» են, որ վառվում են, և այդ ֆոնի վրա պատկերացրեք, որ փորձում է մի հատ էլ հարձակում գործել»։
Ամեն դեպքում, դժվար է նաև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ կընթանա քննարկումը ՄԱԿ ԱԽ–ում և ինչ արդյունքներ այն կարձանագրի։ Հայկական կողմի ակնկալիքների բավարարման դեպքում անգամ հավանական է մի իրավիճակ, որ ճանապարհը դարձյալ փակ մնա։ Անգամ ՄԱԿ ԱԽ բանաձև ունենալու դեպքում պայքարը երկար և բարդ է լինելու։