Հայաստանում 4515 թվականն է․ Սյունիքում նշում են Նավասարդը, հյուրերն էլ իրանցիներն են


Սիսիան քաղաքի կենտրոնական հրապարակում «Նավասարդ» փառատոնի շրջանակներում 2 օր շարունակ հայ– իրանական մշակութային ու խոհարարական համատեղ միջոցառումներ էին ընթանում։ Այս տարի փառատոնին հարևան երկրից ժամանած հյուրերի ու մասնակիցների թիվն էականորեն աճել էր։ Իրանական կողմն առաջարկում է՝ տարվա մեջ մեկ այլ օր էլ փառատոնը կազմակերպել իրենց մոտ։
Ըստ Հայկյան տոմարի՝ Հայաստանում 4515 թվականն է․ Սյունիքում նշում են Նավասարդը, հյուրերն էլ իրանցիներն են։
Սիսիան քաղաքում հին հայկական տոնի վերածնունդը երկու տավա պատմություն ունի։ Այս տարի զգալիորեն ավելացել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած հյուրերի ու մասնակիցների թիվը։ Տոնակատարությանը ներկա են ՀՀ-ում Իրանի դեսպանը, Կապանում Իրանի հյուպատոսը, պարային և ավանդական Զուրխանե մարզաձևը ներկայացնող խմբեր։ Նախորդ տարի սյունյաց բարիքների կողքին իրանական քաղցրավենիքով տաղավարները 6-ն էին, այսօր դրանց թիվը գերազանցում է 20-ը։


Ունենք հազարամյակների հարևանությամբ և բարեկամությամբ ապրելու ավանդույթ, փառատոնը լավ հարթակ է դա ներկայացնելու համար՝ ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Զբոսաշրջիկները գալիս են և մեկ վայրում շփվում, մասն են կազմում հայ-իրանական ավանդույթի՝ իրենց ընդհանրություններով և առանձնահատկություններով։ Սա ուղղված է 2 հարևան ժողովուրդների մշակույթով երկխոսելու միջոցով ամրապնդելու մեր բարեկամությունը, և նաև աշխարհին միասնական ներկայանալու։ Անցած տարի էր մեկնարկել, օրը և վայրը չի փոխվում, էդպես է լինելու ավանդաբար ամեն տարի։ Սիսիան քաղաքում, օգոստոսի 10-11-ին»։


–Իրանական կողմի՝ այս միջոցառման մասով ձեր գործընկերը կոնկրետ որ գերատեսչությունն է։
-Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարությունը։
-Արձագանքը անմիջապե՞ս էր, երբ առաջարկեցիք։
-Այո, և՛ էդպես էր, և՛ դրանից հետո Իրանում իրենց նախարարությունը Սիսիանում կազմակերպված փառատոնը ներկայացրեց որպես կարևոր ձեռքբերումներից մեկը։
-Սյունիքի ընտրությունը իրանական կողմի համար հատուկ նպատակ ունե՞ր։
-Քանի որ խոսքը գնում էր Նավասարդի մասին, էդ խորհուրդը հենց Սյունիքի մարզը և հատկապես Սիսիան համայնքը ունի։ Եվ բացի այդ, մեր հարևանությունը հենց Սյունիք մարզով է, ինչը նույնպես կարևոր է։

«Նավասարդ» փառատոնում հայ ու իրանցի խոհարարները մրցակիցներ են, բայց ամենակարևորը, միջոցառման շնորհիվ ուզում ենք հանրահռչակել Քարահունջը․ Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ժամի 4-ին հյուրերն այնտեղ գնում են աստղադիտման՝ պատմում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը։
«Ամենահիմնական կերակուրը Նավասարդի Քաշիկան է կամ Հարիսան, տարբերվում է նրանով որ պատրաստելու ժամանակ չի հարվում, չի խառնվում, որ գալիք տարին խառնակ չլինի, խաղաղություն լինի»։
2 հարևաններն այս փառատոնի միջոցով կարող են մշակութային բոլոր ուղղություններով մեկը մյուսի մասին ավելի շատ տեղեկություն ստանալ ՝ ասում է Իրանի դեսպանատան մշակութային գծով պատասխանատուՄոհամեդ Ալի Աղաիքիանին։






«Ակնկալում ենք, որ ինչպես մեր կողմն է եկել, Հայաստանից էլ համենան Իրան և ներկայացնեն հայկական մշակույթը։ Այդ համանման փառատոնը մենք կարող ենք կազմակերպել Իրանի մեծագույն քաղաքներ Սպահանում, Շիրազում, Թավրիզում։ Սյունիքի Կապան քաղաքում էլ, որտեղ գործում է Իրանի հյուպատոսութունը ձեռքի աշխատանքների ցուցահանդես կունենանք սեպտեմբերին»։
Իրանում տարբեր ազգությունների մշակութային փառատոնների կազմակերպության ղեկավար Քազեմի Ղաշվային խորհրդանշական ընծայով է ժամանել Սյունիք։ Նա Սիսիանի համայնքապետին փոխանցեց իրանցի կանանց ձեռքով հյուսած 2 երկրների դրոշի պատկերով «Նավասարդ» փառատոնի խորհրդանիշը։
«Նախորդ տարի փառատոնին մասնակցելուց հետո իրանական տարբեր շրջանակներին պատմեցինք հայ ժողովրդի վերաբերմունքի մասին։ Արդյունքում այս տարի տարբեր նահանգներից ավելի շատ մասնակիցներ կան։ Խոհարարների թիվը հասել է 33-ի։ Իրանի 5 նահանգներ՝ Ֆարսը, Շիրազը, Քորդեստանը, Գիլանը և ևս մեկ նահանգ ներկայացված են ձեռագործական աշխատանքներով»։
Նավասարդյան հին տոմարը համաժամանակյա և ընդունելի է եղել հին աշխարհի երկրների համար, այդ թվում Հայաստանի և Իրանի։