Կապիտալ շինարարությունն այսօր մեր տնտեսության ամենատեսանելի առաջ մղող ուժն է. Նիկոլ Փաշինյան


Ամեն տարվա օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը։ Այսօրվա մասնագիտական տոնի արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետը պետական պարգևների է արժանացրել ոլորտում աչքի ընկած մի շարք շինարարների ու առաջատար շինարարական կազմակերպությունների։
Շինարարի մասնագիտությունը Հայաստանում ավելի է կարևորվում հատկապես այսօր, երբ երկրում լայնածավալ շինարարություն է ընթանում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի փոխանցմամբ՝ 2023 թ–ի առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսության 14 տոկոս աճի կառուցվածքում շինարարության աճը կազմել է 17 տոկոս։ Ղուլարյանը հատկանշական է համարում, որ դինամիկան նկատելի է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր ծրագրերում։ Նա խոստումնալից է համարում, որ շինարարական եռուզեռը նաև մարզեր է հասնում․
«Այս տարի արդեն ընթացքում է 390 ծրագիր։ Հավակնոտ ծրագրերը, իհարկե, կյանքի են կոչվում հայ շինարարի վարպետության, ոլորտի մասնագիտական ներուժի շնորհիվ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ շինարարության ոլորտն այսօր գրավիչ է դառնում նաև նոր մասնակիցների, բնագավառում առաջին քայլերը կատարող կազմակերպությունների համար»։
Կապիտալ շինարարությունն այսօր ՀՀ տնտեսության ամենատեսանելի առաջ մղող ուժն է, ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ 17 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշում է, որ պատվերն ու պոտենցիալն ավելի մեծ են, քան այսօր կա։ Շինարարության այսօրվա տեմպերը պահպանվելու են՝ վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը, մանրամասնելով, որ պետական ծրագրերը բավականին մեծ են՝ բնակարանաշինությունից մինչև դպրոցների ու մանկապարտեզների կառուցում։


«Պետական հատվածում մենք ունենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի տարեկան 500 կմ ավտոճանապարհի, 50 բժշկական կենտրոնի նախագծերը, բայց այսօր երկրում 55 հազար բնակարան շինարարության տարբեր փուլերում է»։
Քաղաքաշինության ոլորտում պետության քաղաքականությունը միտված է անխափան աշխատանքի նախադրյալներ ստեղծուն, իսկ ակնկալիքը՝ որակն է, տեմպն ու մնայուն արժեքը՝ միաժամանակ։ Սա է վարչապետի ուղերձը շինարարներին՝ մասնագիտական օրվա առթիվ։
«Ես հույս ունեմ, որ մենք այս խնդիրը իսկապես կկարողանանք իրականացնել։ Փողը՝ պետական ներդրումը և ոչ պետական ներսրումները հոսելու են ոլորտ։ Մնում է, որ շինարարական կազմակերպությունները, ոլորտները այդ հոսքը կարողանան կառավարել և այդ հոսքը կարողանան վերածել երկարաժամկետ արդյունքի»։
Շինարարական բումի էպիկենտրոնը մայրաքաղաք Երևանն է։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական է համարում դա։ Բնական է, որ միաժամանակ նաև խնդիրներ են առաջանում։ Ավինյանը վստահեցնում է՝ լուծումներ կլինեն։
«Շուտով Երևանում կտեսնենք փոշու որսիչ ցանցեր, հատուկ սարքեր, որոնք էլ կլանելու են փոշին։ Այս պրոցեսում, այս մեծ աճի տեմպերի հետ համահունչ փորձում ենք գտնել նորանոր լուծումներ, որոնք որ տարբեր քաղաքներ ժամանակին գտել են»։
Շինարարների միության ղեկավար Գուրգեն Մինասյանը վստահեցնում է, որ պատրաստ են ամեն ինչով աջակցել կառավարության՝ ոլորտում իրականացվող քաղաքականությանը։
«Արժանապատվորեն իրականացնելու բոլոր այն ձեռնարկումները, որոնք կառաջադրվեն կառավարության, ինչպես նաև մեծածավալ ներդրումային ծրագրեր իրականացնող գործընկերների կողմից»
Ի դեպ, կա այն համոզմունքը, որ այս տարի ևս հիմնական տնտեսակական ակտիվությունը երկրում շարունակելու է զգալիորեն ապահովել շինարարությունը։