ԿարևորՀասարակություն

Խողովակները 11 տարի առաջ են փոխվել, բայց՝ անարդյունավետ. Հայթաղում խմելու ջուրն օրախնդիր է

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տարիներ շարունակ չի լուծվում խմելու ջրի խնդիրը: Գյուղի ջրագիծը 11 տարի առաջ է փոխվել, բայց անորակության պատճառով այդպես էլ չի շահագործվում: Բարձր ճնշման դեպքում այն վթարվում է: Հայթաղցիները կենցաղում ջրհորների ջուրն են օգտագործում, իսկ խմելու ջուրը բերում են ոռոգման առուներով անցնող խմելու ջրի ծորակներից, որոնց սանիտարական վիճակը խիստ կասկածելի է։

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում խմելու ջրի խնդիրը տևական ժամանակ չի կարգավորվում։ Որպես այլընտրանքային տարբերակ գյուղի բնակիչները մակերևութային հոսող ջրերն են օգտագործում.

«Մեր բակերում մենք հորեր ունենք՝ 5-6 մ խորությամբ են, ըստ հողի շերտի: Բաղնիքում, լվացքի մեքենայի, ամանները լվալու համար այդ հորի ջուրն ենք օգտագործում, որը պոմպով ենք քաշում, իսկ խմելու ջուրը բերում ենք փողոցի սկզբից: Մեր տներում խմելու ջուր չկա, փողոցներում ջրագծեր անցկացրին, բայց միացումների ժամանակ տեսան, որ ջուրը դուրս տվեց, գործն անփույթ էր արվել»:

«Բնակարաններում մենք խմելու ջուր չունենք, փողոցի ծորակներից ենք բերում: Ասենք՝ ես մեր փողոցից մի երկու փողոց այն կողմ գնում, խմելու ջուր եմ բերում»:

Խմելու ջրի խողովակների մեծ մասն անցնում է ոռոգման առուների միջով, ծորակներն էլ տեղադրված են հենց այդտեղ: Տեղացիները հարկադրված են օգտագործում ծորակի ջուրը․

«Այս մի ծորակն առվի մեջ է, մյուս ծորակն էլ է առվի մեջ, կամ էն մյուսը՝ երրորդը, նորից առվի մեջ է, հակահիգիենիկ վիճակ է: Ջուրը ինքնահոս գնում է: Կարող է այն մի աղբյուրը գա, այս մեկը չգա: Եթե խմելու ջուր ես վերցնում, ջրագծերն այնքան է փտած են, որ ինչ խառնուրդ ասես կա խմելու ջրում: Չի բացառվում, որ մի օր էլ հանկարծ համաճարակ բռնկվի»:

Ծորակների վրա փականներ չկան, ջուրն անտեղի հոսում է, իսկ տներում ջուր չկա: Հայթաղի խմելու ջրի խնդիրը փորձել են կարգավորել 2013 թ, նոր ջրագծեր են կառուցել, բայց դրանով հարցը չի լուծվել․

«Ջրաչափերը տեղադրվել են նոր կառուցված ջրագծերի վրա, բայց չի գործում, ու ջուր չկա»:

«Նոր ջրագծեր ունենք, մոտ կես միլիոն դոլար արժողությամբ ներդրում է արվել, ջրագծերը փոխվել են, բայց չեն աշխատում, որովհետև «շատ լավ են փոխել», որտեղից միացնում են, ջրի ճնշումը բարձրանում է, այնտեղ ջուրը գետնի տակից դուրս է տալիս, վթարները շատ են»:

Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ասում է, որ «Հայջրմուղի» իրավահաջորդ «Վեոլիաջուր» ընկերությունը չի ընդունել խմելու ջրի ներքին ցանցը: Հիմա փորձում են համատեղ ուժերով կարգավորել խնդիրը.

«2012 թ պետական միջոցներով ներքին ջրագծերի ցանց է անցկացվել, սակայն անորակ աշխատանքների պատճառով այդ հարցն առկախված է մնացել մինչև այժմ: Մենք մարզպետարանի և «Վեոլիաջրի» համապատասխան ներկայացուցիչների հետ բազմիցս քննարկել ենք այս հարցը, և հիմա աշխատանքներ են տարվում, որ բոլոր բաժանորդները ջրաչափեր ունենան: Այդ ձևով կկարողանան ջրի խնայողությունների հաշվին ջրի ծավալը մեծացնել և շարուակել վերանորոգման հետագա աշխատանքները»:

Խմելու ջրի խնդրից բացի գյուղացիները բողոքում են նաև հին էլեկտրական լարերից, որոնք թեթև քամիներից հաճախ են վնասվում: Հոսանքի տատանումներից ու հաճախակի անջատումներից վնասվում են ոչ միայն կենցաղային էլեկտրասարքերը, այլև ջրհան պոմպերը:

Back to top button