

«Չի խոսում։ Չի կարողանում։ Ինքը ո՞նց կարա մի բան ասի, որը լսելի լինի, ուրիշին փոխանցելի լինի, ճիշտ լինի։ Ինքը կարող չի։ Հետևաբար «ասնավանի» չի»։
Վերահսկելի իրականություն ունենալու ցանկությունը մեծ է։ Անկանխատեսելիությունը ճնշել է պետք։ Ամեն ինչ պարզ էր՝ պետք էր ճնշել կնոջ խոսքը։
«Շատ հաճախ պսակադրության արարողության ժամանակ զույգերը կամ հարազատները անհամբեր սպասում են, թե երբ է հարսը ասելու՝ հնազանդ եմ, և դրա վրա ուրախանում են»։
Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։ Այսօր պարզելու ենք՝ ինչո՞ւ աղջկա ասածը հիմնավոր՝ «ասնավանի» չէ։
***
Երբ Արևելյան Ճապոնիայում երկու տղա սիրահարվում էր մեկ աղջկա, աղջիկն ինքնասպան էր լինում, որպեսզի չխախտվի համայնքի կարգը։ Աղջիկը մահանում էր, որ խնդիր չառաջանա։ Երբ Արևմտյան Ճապոնիայում էին երկու տղա սիրահարվում մեկ աղջկա, մեկնարկում էր մրցակցությունը՝ վեճ, դուել, գոյության պայքարի շքեղ փառատոն։ Աղջիկը պատկանում էր ուժեղին։ Եվ, իհարկե, աղջկան չէր պատկանում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը։ Կարծիքը մի բան էր, որ աղջիկն ունենալ չէր կարող։
Կարելի է կարծել (այո, այժմ մենք կարող ենք կարծել), թե այս ամենն անցյալում է։ Բայց բակային խոսույթը շատ բան է խոսում համայնքի մտածողության մասին։ Եվ այդ խոսույթն ասում է՝ աղջկա ասածը հիմք չէ։
Ի՞նչ է պատմում պարզ դարձվածը հասարակական ընկալումների մասին, ինչպե՞ս է բառընտրությունը պատկերացում, պատկերացումը՝ վարքագիծ ձևավորում։ Հնարավո՞ր է ազատվել մտքի այն պարտադրանքից, թե աղջկա ասածը «ասնավանի» չի․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։


«Երբ ասում ենք առօրյա պարզ խոսույթներ, նարատիվներ կամ պնդումներ, ինչպիսին է «աղջկա ասածը ասնավանի չէ», թվում է, թե շատ առօրեական են ու մտածել-խորանալու կամ իմաստներ փնտրելը տեղին չի։ Նույնիսկ թվում է՝ հանրային եթերում նման կատեգորիաներից խոսելը տեղին չէ։ Բայց սոցիոլոգիական իմաստով սա շատ խորը շերտեր ունի և միայն այս դարձվածքի կամ պնդման շուրջ կարելի է բացատրել ամբողջ հասարակությունը»։
Սոցիոլոգ, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանն ասում է՝ շարադրված գաղափարախոսությունը վարակող հատկություն ունի։ Եվ երբ մարդկանց լայն խումբը սկսում է հավատալ դրան, դա ընկալել որպես բացարձակ ճշմարտություն, հետդարձի ճանապարհը անհնարինի չափ դժվար է․
«Համաձայն պատրիարխալ գաղափարախոսության՝ տղամարդը կոպիտ, ուժեղ էակ է ու իրեն պետք է վստահել ավելի դժվար, պատասխանատու գործերը։ Համապատասխանաբար, կինն ավելի թույլ, էմոցիոնալ էակ է, իր գործառույթը խնամք է․ շատ դասագրքային պատրիարխալ նկարագիր։ Գիտությունը թող ստուգի, ճշտի, թող ասի, որ այդպես չէ, մտավոր, ֆիզիկական կարողություններով հավասար են, տարբերությունները չեն տանում այնպիսի տեղ, ուր իշխանությունը չի կարելի վստահել կնոջը։ Ինչ ուզում ենք՝ ասենք։ Քանի դեռ հավատում ենք նախորդ պնդմանը, էդ գաղափարախոսությունը դոմինանտ է։ Այստեղից էլ լեգիտիմանում են կամ ի հայտ են գալիս այնպիսի դրույթներ, ինչպիսին է «աղջկա ասածը ասնավանի չի»-ն»։
Հարություն Վերմիշյանի խոսքով՝ կարծիք կա, թե սա հարաբերությունները վերահսկելի և կարգավորված դարձնելու գործառույթ է կատարում։ Ավելի հեշտ է կամայական խնդրի լուծում գտնել ինքնուրույն (և կարևոր չէ՝ ճիշտ կլինի այդ լուծումը, թե ոչ), քան հաշվի նստել մեկ այլ՝ կնոջ կարծիքի հետ։
«Մի ուրիշ բան կարող ենք նկատել այս դարձվածքում․ աղջկա՛ խոսքը «ասնավանի» չէ, ոչ թե կնոջ։ Աղջիկը սովորաբար տղայի հասակակիցն է։ Եթե ես 50 տարեկան եմ, սկզբունքորեն իմ հասակակիցը՝ 50 տարեկան կինն էլ կարող է աղջիկ լինել։ Եթե 20 տարեկան եմ, 20 տարեկան աղջիկն աղջիկ կլինի, 30-40 տարեկաններն արդեն կին են՝ իմ մոր սերնդից։ Մենք ունենք մոր այլ նարատիվ․ մորը սրբացնում ենք, աղջկան՝ նսեմացնում։ Սա ավելի խորը շերտ ունի։ Րաֆֆին ունի 2 հետաքրքիր ազգագարական հետազոտություն-էսսե, մեկը կոչվում է «Հայ երիտասարդը», մյուսը՝ «Հայ կինը»։ Ձեր մոտ հարց կառաջանա, բա չի կրկնվո՞ւմ, երիտասարդի մեջ կնոջ մասին չի՞ խոսում։ Ոչ, որովհետև 19-րդ դարում կինը երիտասարդ չէր լինում։ Կինը մանուկ էր և մայր։ Միջանկյալ շեմը չկար»։
«Քրիստոնեական ընկալումով հայրիշխանությունը այն չէ, որ տղամարդը ընտանիքի գլուխը լինելով հանդերձ հրամաններ տվողն է, իսկ ընտանիքի մյուս անդամները ծառաներն են կամ ստրուկներն են։ Հայրիշխանության հիքմում ընկած է նույն ամուսնության խորհրդի այդ «տեր եմ» խոստման ամբողջ բովանդակությունն ու պատասխանատվությունը։ Այսինքն, եթե դու տերն ես, պատասխանատուն ես, հայրն ես այսինչ ընտանիքի, դու պատրաստ պիտի լինես զոհաբերվելու, կյանքդ տալու, ծառայելու, խնամելու, հոգ տանելու»։
Տեր Եսայի քահանա Արթենյանը եկեղեցում պսակի կարգի ժամանակ հաճախ է նկատում զույգի կամ հարազատների հրճվանքը տղայի՝ «տեր եմ», աղջկա՝ «հնազանդ եմ» խոսքը լսելիս։ Կարծում է՝ նաև այս արտահայտությունների վերաբերյալ սխալ ընկալումը հանգեցնում է նրան, որ արդարացվի կնոջը ձայնազուրկ դարձնելը։ Եթե հնազանդ ես՝ լռիր, տերդ քո փոխարեն ամեն բան կորոշի․
«Բայց երբ կինը ասում է՝ ես հնազանդ եմ, չի նշանում, որ ինքը դառնում է ձայնազուրկ, կամ երբ տղամարդն ասում է՝ ես տեր եմ, չի նշանակում, որ ինքը միահեծն որոշումներ կայացնողն է։ Տեր եմ և հնազանդ եմ ոչ թե իրար, այսինքն ես իմ կնոջ տերն եմ, կինն էլ իմ հնազանդն է, այլ մենք երկուսով տեր ենք ու հնազանդ ենք այն ուխտին ու առաքելությանը, որին կոչվում ենք ընտանիք կազմելով»։
Արարատյան հայրապետական թեմի էլեկտրոնային կայքում պսակի կարգը բացատրող հոդվածում կարդում ենք՝ «Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև՝ սպասավոր: Իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն և իր սիրով ամուսնուն լծակից լինել»։
Տեր Եսային հիշեցնում է Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, որում կանանց հորդորում է հնազանդ լինել տղամարդուն, ինչպես եկեղեցին է հնազանդ Քրիստոսին, և տղամարդկանց հորդորում է տեր լինել կնոջը, ինչպես Քրիստոսն է տեր եկեղեցուն՝ իր կյանքը տալու պատրաստակամությամբ։ Բայց ինչո՞ւ ի սկզբանե այսպես կատարվեց դերաբաշխումը։ Ասում է՝ այստեղ եկեղեցին կապ չունի․ բնությունն է որոշել․
«Կան բաներ, որ կոնկրետ տղամարդը կարող է անել, և կան բաներ, որ տղամարդը չի կարող անել, միայն կինը կարող է անել։ Շատ հստակ է դերաբաշխումը, ու դա եկեղեցին չի արել, դա բնությունն է արել, ֆիզիոլոգիան է արել։ Կա մի շատ պարզ ճշմարտություն․ կանայք սովորաբար միշտ լինում են խելացի, տղամարդը սովորաբար կարող է լինել խելոք։ Բայց խելոք է այն տղամարդը, որ կնոջ խելացիությունը գնահատում է և կնոջը լսում է։ Երբևէ նման պայման չկա, որ տղամարդը պիտի ասի ու տղամարդու ասածն է, վերջ։ Նման բան գոյություն չունի, դա մեր ժողովրդի մեջ արմատացած կարծրատիպերի դրսևորումն է, որը ոչ մի կապ չունի և եկեղեցու հետ, և ընտանիքի քրիստոնեական ընկալման հետ, և առհասարակ առողջ բանականության հետ»։
Բայց որտեղից է առաջանում այդ կարծրատիպը, գուցե դրան նպաստող գործոններից մեկն էլ եկեղեցում տրվող այդ երդումն է, որը, թեկուզ սխալ ընկալմամբ, մտածողություն է ձևավորում։ Հոգևորականն ասում է՝ սա նման տարբերակում դնելու նպատակ չունի։ Դրանից խուսափելու համար այսօր պսակի կարգում երբեմն զույգը ոչ թե երեք անգամ տեր և հնազանդ լինելու, այլ հավասարապես առաքինի, ներող, զիջող լինելու խոստում են տալիս։
Կինը թույլն էր և էմոցիոնալը, մնաց տան մոտակայքում՝ հավաքչություն անելու։ Րաֆֆին տարանջատում էր «Հայ երիտասարդ»-ին ու «Հայ կնոջ»-ը, քանի որ դա էր ժամանակի կարգը։ Թումանյանի Մարոն ժիր էր, դուրեկան, բայց 9 տարեկանում ամուսնացավ, քանզի չէր կարող կարծիք ունենալ ու տան տղամարդն արդեն կայացրել էր որոշումը։
Հատկապես 90-ականների երևանյան բակային խոսույթում աղջկա ասածը կարևոր չէր՝ շատ ուղիղ տեքստով։ Բայց մեծամտություն չէ արդյո՞ք այս ամենին քաղաքակրթության բարձունքից նայելը։ Այդ օրերին սա նորմալ էր՝ չնկատվելու աստիճան։ Գուցե այժմ ևս ապրում ենք նորմավորված մի իրականությունում, որը օբյեկտիվ իրականությունից նայելու դեպքում տարօրինակ է․
«Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ սկզբունքորեն և մեծամասամբ հասարակությունը որոշ ցուցիչներով հանդուրժող է, այնպես չի՝ խտրականություն է դնում, համարում է՝ կինն իրավունքներ չունի և այլն, և այլն։ Բայց կան պնդումներ, որտեղ մարդիկ համաձայնում են կամ չեն համաձայնում։ Մոտավորապես այսպիսին է, որ կանայք ավելի վատ բիզնես կարող են անել, քան տղամարդիկ, և կանայք ավելի վատ քաղաքական լիդերներ են, քան տղամարդիկ։ Մեծամասնությունը հավատում է, որ չեն կարող կանայք լինեն ավելի լավ լիդեր քան տղամարդիկ, և ավելի լավ բիզնես վարել, և հատկապես դրան հավատում են 50-ից բարձր տղամարդիկ»,- ասում է Հարություն Վերմիշյանը։
Մարդն իր համար ստերիլ միջավայր ապահովելով կարող է կարծել, թե այս ամենն անցյալում է, կարող է լինել տեսակետ, թե անլուրջ են պարզ արտահայտությամբ հասարակությանը բնորոշում տալու փորձերը։ Բայց մասնագիտական դիտարկումներն են ցույց տալիս՝ մեր առօրյա խոսքում տեղ գտած հենց այդ պարզ արտահայտությունները խորքում գիտական հիմնավորումներ ունեն և երբեք հեշտությամբ չեն ջնջվում հասարակության մտածողությունից։
Հերթական պարզ երևույթի գիտական հիմքերը բացահայտելու նպատակով մենք կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։