

Հայկական նվագարաններից ամենաճանաչվածը աշխարհում դուդուկն է: Պետք է խոստովանել, որ այդ նվագարանը համաշխարհային հնչեղություն ունեցավ Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» հայտնի ֆիլմի հանրահռչակումից հետո, քանի որ ֆիլմում հնչող Պիտեր Գեյբրիելի երաժշտության մեջ օգտագործված էր Վաչե Հովսեփյանի կատարումներից մեկը:
Ֆիլմի հաջողությամբ պայմանավորված էր աշխարհի բազմաթիվ ստեղծագործողների հետաքրքրությունը հայկական ազգային այդ նվագարանով:
«Չնայած մինչ այդ՝ դեռևս Խորհրդային շրջանում, դուդուկը հնչում էր մի շարք ակադեմիական ստեղծագործությունների մեջ, այդ թվում՝ Ավետ Տերտերյանի սիմֆոնիայում, բայց նվագարանի հանրայնացման ընթացքն ավելի շատ պայմանավորված էր դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի համագործակցությամբ՝ ամենատարբեր ժանրերում գործող համաշխարհային համբավ ունեցող ստեղծագործողների հետ»,- ասում է հաղորդման հյուր, երիտասարդ դուդուկահար Արմեն Պետրոսյանը:
Նա այն կատարողների սերնդից է, ում մուտքը համաշխարհային երաժշտական ընթացքների մեջ նախապատրաստված էր վերջին 20-30 տարիների մեծանուն դուդուկահարների շնորհիվ:
2016 թ. ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիան, Արսեն Պետրոսյանը հիմնելով «Արսեն Պետրոսյան քառյակը» և միջազգային կազմով «ԱԳԱ տրիոն», հասցրեց նվաճել բազմաթիվ համաշխարհային բեմեր՝ մեծ ճանաչում ձեռք բերելով որպես մենակատար դուդուկահար և որպես ստեղծագործող:
Աշխատելով ամենատարբեր երաժշտական ժանրերում՝ նա առավել կարևոր է համարում իր համար համագործակցությունը այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են հանրահայտ «Ջենեզիս» խմբի երաժիշտ Սթիվ Հաքեթը, կոմոպոզիտոր Իհաբ Դարվիշը և համաշխարհային համբավ ունեցող ուդահար Օմար Բաշիրը:
Երաժիշտը առավել կարևոր է համարում կատարողի ճկունությունը, որն առավել կարևոր է, որպեսզի երաժիշտը ցանկացած ժանրային տարածքում ներդաշնակվի երաժշտության և կատարողական կազմի հետ: Այդ հատկանիշն առավել կարևոր է, երբ հյուրախաղերի ժամանակ կամ փառատոներում առաջադրվում է հանդես գալ խառը կազմերով, երբ անսամբլային նվագի զգացողությունը պետք է համազոր կերպով ներկայացվի սեփական ուրույն ոճի և հնչողության հետ:
Չնայած երիտասարդ տարիքին, Արսեն Պետրոսյանը ձեռք է բերել այնպիսի միջազգային համբավ, որ պարբերաբար հրավիրվում է վարպետաց դասեր անցկացնելու այնպիսի հեղինակավոր հաստատությունների կողմից, ինչպիսիք են World Music Institute և Apollo Chamber Players-ը:
Հայ երաժշտի կատարումները բազմիցս հեռարձակվել են Մեդիչի, Մեցցո, ԲՌ կլասիկ և ԲԲՍ Փերսիա համաշխարհային հեռուստաընկերությունների կողմից: Երաժիշտը ունի հրատարակված ձայնասկավառակներ և ապրում է ինտենսիվ համերգային և փառատոնային շրջագայությունների կյանքով: Հաղորդման ընթացքում հնչում են Արեն Պետրոսյանի բազմաթիվ կատարումները: