ԿարևորՏնտեսական

Անհանգստացնող է, բայց՝ վերահսկելի․ ԱՀ գյուղնախարարը՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի վտանգների մասին

Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի գյուղատնտեսութան նախարար Գեորգի Հայրիյանը հաստատում է երկու օջախի առկայությունը։

 «Իհարկե անհանգստացնող է, եթե նման հիվանդություններ են հայտնաբերվում։ Բայց այն տարածքներում, որտեղ ի հայտ է եկել աֆրիկական ժանտախտը, ախտահանված է, փակ տարածքներ են դրանք։ Ինչը պետք է վերացվեր, վերացրել ենք։ Մոտավորապես 50 գլուխ խոզ է անկել։ Ունենք երկու օջախ։ Բայց կարծում եմ ՝ էլ չի տարածվի»,-ասում է նախարարը։

Նրա խոսքով՝ շրջափակման պայմաններում դժվար է, բայց պահեստավորված նյութեր ունեն, կան նաև համապատասխան մասնագետներ, նրանք են կատարել անհրաժեշտ միջոցառումները, բայց պետք է շատ զգույշ լինել։

 «Մենք դրա համար հայտարարություն ենք արել, սպանդը պետք է իրականացվի պարտադիր անասնաբույժի ներկայությամբ։ Միսը պետք է պարտադիր ստուգվի, նոր իրացվի»,–նշում է նախարարը։

Կանոններ՝ աֆրիկյան ժանտախտի տարածումը կանխելու համար

«Ընդհանուր գծերով ասեմ՝ իհարկե տարածքը պետք է ամբողջությամբ փակ լինի, մարդկանց մուտքն ու ելքը պետք է լուրջ սահմանափակվի։ Մի խոզաբույծը մյուսի մոտ չպետք է գնա, որ չտածարվի հիվանդությունը»,– ասում է ԱՀ գյուղատնտեսության նախարարը՝ հավելելով, որ կան նաև տարբեր այլ միջոցառումներ։ Անասնաբուժական ծառայությունները տեղում աշխատում են։ Յուրաքանչյուր համայնքում անասնաբույժի միջոցով անհրաժեշտ տեղեկատվությունը, նյութերը հասցնում են ֆերմերներին։

Կլինի՞ աջակցություն, թե՞ ոչ

Խոզերի աֆրիկյան ժանտախտի հետևանքով մոտ 50 գլուխ խոզ է անկել։ Մասնագետները փաստում են, որ այդ հիվանդությունը մարդու համար վտանգավոր չէ։ Կենդանիների միջոցով համաճարակի տարածումը կասեցնելու համար կատարվում է կենդանիների անարյուն եղանակով ոչնչացում. թաղվել է 50 գլուխ խոզ: Բացատրում են՝ այս հիվանդության դեպքում առաջին իսկ դեպքը արձանագրելիս, տնտեսության մնացած բոլոր կենդանիներին անարյուն եղանակով ոչնչացնում են, քանի որ հիվանդացած և առողջացած կենդանին մնում է վարակակիր։ ԱՀ  գյուղատնտեսության նախարարն ասում է, որ այս պահին չի քննարկվում հարցը, արդյո՞ք փոխհատուցում կտրամադրվի անկած կենդանիների տերերին։ Նախարարը նշում է, որ հարցը կարող է քննարկվել միայն ընդհանուր համատեքստում։

«Անկումները տարվա կտրվածքով կարող են տարբեր  լինել։ Խնդիրներ կան ոչ միայն անասնապահության, այլև հողագործության ոլորտում՝ կարկուտ, երաշտ, ուստի աս պահին նման քննարկում դեռ չկա»,– ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ Արցախի հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը։

Back to top button