ԿարևորՀասարակություն

Քաղաքական ուժերն ակտիվ են համացանցում, բայց լուռ են ԿԸՀ-ում․ դեռևս քաղաքապետի գրանցված թեկնածուներ չկան

Մինչ օրս՝ գրանցման մեկնարկից 6 օր հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել հավակնող քաղաքական ուժերից ոչ մի հայտ չի ստացել։ ԿԸՀ-ում, սակայն, սա նորմալ են համարում, վստահ են՝ քաղաքական ուժերը մեկը մեկի հետևից կգրանցվեն վերջին օրը։ Մինչ այդ ակտիվ ընթացքի մեջ է, այսպես ասենք, համացանցային գրանցումը․ տարբեր հաշվարկներով ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարած ուժերը 1 տասնյակի են հասնում․ այդ ցուցակին ավելացել է արդեն Երևանի 13-րդ քաղաքապետ, պաշտոնանկ արված Հայկ Մարությանը։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Ու այն հարցին՝ բա քեզ պետք է, ես միանշանակ պատասխանում եմ՝ այո ինձ պետք է, ինձ պետք է, որ Երևանը ծաղկի»,-հայտարարել է Հայկ Մարությանը։

2021թ դեկտեմբերին իշխանության անվստահությանն արժանացած Հայկ Մարությանը ընտրություններին կմասնակցի գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հարցման համաձայն՝ հենց Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մրցակիցը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության

«Որ կուսակցությանն եք պատրաստվում քվեարկել 2023թ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների ժամանակ․ «Քաղաքացիական պայմանագիր-Տիգրան Ավինյան»՝ 9.3%, Հայկ Մարության 3.7%, «Հայաստան դաշինք»՝ 2.8%, «Ապրելու երկիր» կուսակցություն-Մանե Թանդիլյան՝ 2.2%, «Լուսավոր Հայաստան»՝ Դավիթ Խաժակյան 2%»,-«Գելափ»-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը ներկայացնում է սոցհարցման արդյունքները։

Հարցաթերթիկում ընդգրկված մյուս ուժերի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 2%-ից պակասը։ Ընդ որում՝ հարցվածների 19%-ն ասել է, որ առհասարակ չի մասնակցելու ընտրություններին, 11%-ը պատասխանել է, որ ոչ ոքի օգտին չի քվեարկելու և 33%-ից մի փոքր ավելին դժվարացել է պատասխանել այս հարցին։

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններին չի մասնակցի խորհրդարանական ընդդիմությունից Դաշնակցություն կուսակցությունը։ ՀՅԴ գրասենյակից հայտնել են, որ ի սկզբանե մտադրված էին ավագանու ընտրություններին մասնակցել ընդդիմության միասնական ցուցակով, սակայն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում նպատակահարմար չեն համարում ընտրություններին մասնակցելը։

Փոխարենը «Մայր Հայաստան» շարժման անունից ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը։

«Համոզված եմ, որ անվտանգ ու զարգացող երկիր կառուցելու հնարավորություն ունենք․ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք իշխանափոխության ու երկիրը այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի և քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Տիգրան Ավինյանի թեկնածությունը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

Ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարել է նաև Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։ Ի սկզբանե լուրեր էին պտտվում, որ այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործարարի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, սակայն վերջինն օրերս հայտարարեց, որ նպատակահարմար են գտնում, որ Երևանի ղեկավարը հայուհի լինի։ Կուսակցությունից հայտնում են, որ ընտրացուցակը կգլխավորի իրավաբան Նելլի Հարությունյանը։

Քվեաթերթիկում հավանաբար կլինեն նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանիդլյանի անունները։ Վերջինս լրագրողների հետ զրույցում շեշտել էր՝ որ մայրաքաղաքը իրենց միակ նպատակը չէ, ամեն ինչ անելու են ի շահ Հայաստանի Հանրապետության։

«Մենք համոզված ենք մեր ժողովրդի ողջախոհության ու խելամտության մեջ ու մենք աշխատանք ենք տանելու մարդկանց հետ, որ այս անգամ հանկարծ չսխալվեն»,-ասել է Թանդիլյանը։

Քաղաքական ուժերը պաշտոնապես ընտրապայքարի մեջ կմտնեն օգոստոսի 23-ից։ Հենց այդ օրը կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Մինչ այդ նրանք 4 օր ունեն անհրաժեշտ փաստաթղթերը ամբողջացնելու ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման դիմում ներկայացնելու համար։

Back to top button