ԿարևորՔաղաքական

Արցախի շրջափակումը ցեղասպանություն է էթնիկ հայերի դեմ․ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունը

Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է, եթե անմիջապես ու կտրուկ փոփոխություն չարվի, Լեռնային Ղարաբաղի հայերը մի քանի շաբաթից կկործանվեն։ Այսպիսի հայտարարություն է արել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումին ի պատասխան՝ նա իր պարտքն է համարել զգուշացնել, թե ինչու պետք է Լաչինի միջանցքի շրջափակումը համարվի ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։ Միջազգային իրավունքի մասնագետն իր եզրակացության մեջ հղում է արել «Ցեղասպանության կենվենցիային»։ Հեղինակավոր մասնագետի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023 թվականին» փորձագիտական եզրակացությունը հրապարակել է Հայոց ցեղասպանության թնագարան-ինստիտուտը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ Համաձայն «Ցեղասպանության կոնվենցիայի» 2-րդ հոդվածի «Գ» կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»,-ասված է միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետի փորձագիտական եզրակացությունում։

 Զեկույցում նաև նշվում է.

 «Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է։ Առանց անմիջական կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի։ Շատ առումներով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի սովամահությունը ցեղասպանության արխետիպն է՝  կյանքի այնպիսի պայմանների պարտադրումը, որոնք կանխամտածված հանգեցնում են խմբի ոչնչացմանը: Այն փակում է ողբերգական շրջանակը, քանի որ «1915թ. թուրք ղեկավարների կողմից հայերի նկատմամբ գործածը կյանքի պայմանների միտումնավոր ստեղծման ցեղասպանական դրույթի օրինակ է»։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ՝ 2023 թվականին» խորագրով փորձագիտական եզրակացությունը հրապարակել է Հայոց ցեղասպանության թնագարան-ինստիտուտը։ Հաստատության տնօրեն Հարություն Մարությանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ կարևոր է, երբ ցանկացած անկողմնակալ դիտարկում նկատում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը այլ բան կոչել, քան ցեղասպանություն՝ անհնար է։

Իհարկե, այսօր Ադրբեջանն, այսպես ասած, ավելի «քաղաքակիրթ» ձևով է շարունակում այն ցեղասպանությունը, որ իրագործվել է 1915 թվականին՝ Թուրքիայում։

 «Գաղափարը նույնն է. այն, ինչ-որ 15 թ.-ին էր արվում. կյանքի այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ մարդիկ սովից էլ էին մահանում։ Այդպիսի հարյուրավոր, հազարավոր օրինակներ կան։ Եվ հիմա այդ նույն գործողությունն են նույն մեթոդաբանությամբ զինված փորձում շարունակել։ Իհարկե, ավելի «քաղաքակիրթ» տարբերակով. տեսնում ենք հեռուստացույցով, որ մարդիկ քայլում են, կյանքն ինչ-որ շարունակվում է, բայցևայնպես, դա ցեղասկանական գործողության դրսևորում է»։   

Այդ ամենն է նկատել ու արձանագրել նաև միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը։ Լուիս Մորենո Օկամպոն իր զեկույցում նաև նշել է, որ սովամահությունը, որպես մարդկանց ոչնչացնելու մեթոդ, անտեսվել է միջազգային ողջ հանրության կողմից, երբ օգտագործվել է հայերի դեմ 1915 թ.-ին, ինչպես նաև հետագայում հրեաների, լեհերի, Լենինգրադում՝ ռուսների, այնուհետև՝ կամբոջացիների, ինչպես նաև Սրեբրենիցայում բոսնիացիների դեմ։

Այսպիսով, միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետը ողջամիտ հիմք է տեսնում՝ եզրակացնելու, որ արցախահայության նկատմամբ 2023 թ.-ին ցեղասպանություն է իրականացվում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի խնդրանքով Արդարադատության միջազգային դատարանն արդեն վերլուծել է Լաչինի միջանցքի շրջափակումը՝ եզրահանգելով, որ այդ գործողությունը «իրական և վերահաս վտանգ է» ներկայացնում էթնիկ խմբի՝ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի առողջության և կյանքի համար»․

 «Կա ողջամիտ հիմք՝ հավատալու, որ նախագահ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի. նա գիտակցաբար շրջափակել է Լաչինի միջանցքը նույնիսկ այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշումներով նրան ծանուցել է իր գործողությունների հետևանքների մասին»։

Զեկույցի հեղինակը հավելում է, որ Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի հստակ հրամանները՝ «ապահովելու Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը», իսկ նրա հանրային հայտարարությունները, թե, իբր, միջանցքն արգելափակվել է դրանով արգելված ապրանքներ ներմուծելու պատճառով, շեղելու նպատակ ունեն։ Բացի այդ, ցեղասպանագետը շեշտել է, որ մաքսանենգության մասին հաղորդումները դեռ պետք է հետաքննվեն, և դա, միևնույնն է, չի արդարացնում դատարանի որոշումներն անտեսելը։ Հարություն Մարությանը կարծում է, որ միջազգային փորձագետի եզրահանգումները ևս ինչ-որ պահի կարող են լրացուցիչ գործնական-կիրառական նշանակություն ունենալ միջազգային ատյաններում։

 «Մեր պետության քաղաքականությունն ուղղված է նրան, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ լինի իրավիճակին. ոչ միայն հայաստանցի մասնագետների, այլ նաև առանձին միջազգային կարգի փորձագետների կարծիքը նրանց համար լինի առաջնորդող։ Այս առումով, այո, սա կարևոր է, և վստահեցնում եմ, որ առաջիկայում նույնպես կլինեն ցեղասպանագետների կողմից ստորագրված հանգամանալի գնահատականներ։ Իհարկե, դա միանշանակ կարևոր է»։

Ի դեպ, իր եզրահանգումները Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն եզրափակել է՝ կարևոր համարելով, փորձագետի ձևակերպմամբ, «շրջափակման դադարեցումը մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական ոչնչացումը կանխելու համար», ինչպես նաև՝ տարածքային վեճերի լուծումը մինչև 2025 թ.-ի մայիսը, երբ Ադրբեջանը կարող է պահանջել ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը։

Back to top button