ԿարևորՀասարակություն

QR կոդ և «խոսող» տեքստ՝ դպրոցի նոր դասագրքերում. ի՞նչ և ինչո՞վ կսովորեն երեխաները սեպտեմբերից

2023-24 ուստարում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երեխաները նոր դասագրքերով կսովորեն։ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է հայտարարված մրցույթի արդյունքները և «Ռադիոլուրին» պատմել՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են փոփոխվել դասագրքերը, ո՞վ է որոշել՝ որ դասագրքերն են արժանի դպրոցական սեղաններին հայտնվելու և ի՞նչ նորույթ են պարունակում դրանք։

Գիտելիքը հերիք չէ․ հմտություն է պետք

Սեպտեմբերից 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիները նոր դասագրքերով կսովորեն։ Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթը, ընտրվել և երաշխավորվել են այն դասագրքերը, որոնք այսուհետ աշակերտներին գիտելիք տվող հիմնական գործիքն են դառնալու։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել է՝ դասագրքերը կազմվել են հանրակրթության պետական չափորոշիչի հիման վրա, որն արդեն երկու տարի գործարկվել է Տավուշի մարզում․

«Առանցքային տարբերությունն այն է, որ գործող չափորոշիչում մեր վերջնարդյունքերը հիմնականում գիտելիքների տեսքով էին, մենք ակնկալում էինք, որ մեր աշակերտը գիտելիքներ պետք է յուրացնի։ Իսկ նոր չափորոշչի պարագայում ոչ միայն գիտելիքները, այլև կարողությունները, հմտություններն ու արժեքային համակարգը, և ընդհանուր առմամբ, կարողունակությունների ձևավորումն է շատ կարևորվում։ Չէ՞ որ դասագիրքը ուսումնական նյութերի, առաջադրանքների ու վարժությունների այն հավաքածուն է, որը հնարավորություն է տալու աշակերտի մոտ ձևավորել այս կամ այն կարողությունը, հմտությունը, արժեքը, վերաբերմունքը և այլն»,- ասում է Սվաջյանը։

Նախարարությունը 59 դասագրքի հայտ է ստացել։ 2-րդ դասարանի համար ստեղծած 17 դասագրքից հաստատվել է 12-ը, 5-րդ դասարանի համար՝ 17-ից 14-ը, 7-րդ դասարանի համար առաջարկված 25 դասագրքից հավանություն է ստացել 21-ը։ Մրցույթը նախատեսված է եղել նաև 10-րդ դասարանի դասագրքերի համար, սակայն պահանջվող 22 դասագրքերից հայտ է ներկայացվել 12–ի համար: Հաշվի առնելով իրավիճակը, որոշվել է, որ 10-րդ դասարանում հանրակրթական նոր չափորոշիչը կներդրվի հաջորդ ուստարի:

Ո՞վ է որոշում՝ որ գիրքն է լավը

«Նախապես հայտարարվել էր փորձագետների մրցույթ, ներկայացված էին որոշակի պահանջներ՝ դասավանդման փորձ և այլն։ Փորձագետների բանկում գրանցվել էին 800-ից ավել փորձագետներ, որոնցից 600-ը ընդգկված է եղել գործընթացում։ Խումբը բաղկացած է եղել տվյալ առարկան դասավանդող մասնագետներից, մեթոդիստից, նկարիչից, հոգեբանից, հիգիենիստից և հայոց լեզվի մասնագետից։ Այսինքն՝ մենք ձևավորում էինք խումբ, որը բազմակիորեն դասագիրքը գնահատելու հնարավորություն էր տալիս։ Մենք ամեն ինչ արել ենք, որ լինի որակյալ փորձաքննություն, բայց քանի որ տարիներ շարունակ մեզ մոտ դասագրքաստեղծ գործընթացը այլ ձևաչափերով է ընթացել, մենք իրականում ունենք մասնագիտական ռեսուրսի խնդիր։ Բնականաբար, մշակված են եղել բոլոր գործիքները, որոնց հիման վրա իրականացվել է փորձաքննությունը, բայց պետք է հասկանանք, որ սա առաջին անգամ իրականացվող գործընթաց է, և բնականաբար, կատարելագործման կարիք ունի»։

Այսպիսով, 600 մասնագետ, բաժանվելով 8 մարդուց բաղկացած խմբերի, քննել են առաջարկվող դասագրքերը և նախարարությանը ներկայացրել իրենց եզրակացությունը։ Ընտրված դասագրքերը շուտով կտեղադրվեն «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» կայքէջում՝ ուսուցիչներին ուսումնասիրելու հնարավորություն տալով․

«Ունենք որոշ դասագրքեր, որոնք երկուական օրինակից են։ Այսինքն՝ նույն առարկայի համար երկու տարբեր դասագրքեր են հաղթել, և ուսուցիչները այս դեպքում ընտրության հնարավորություն ունեն։ Դպրոցն ինքը կարող է որոշել, դիցուկ՝ մայրենի լեզվի ուսուցումը ո՞ր հեղինակների խմբի դասագրքով է ուզում կազմակերպել։ Այս ընտրությունը առաջիկայում կկայացվի, և դասագրքերը կմտնեն տպագրության փուլ»,- ասում է փոխնախարարը։

Հեղինակի ճաշակը կարևոր չէ․ QR կոդեր՝ դասագրքում

«Սկզբում մեզ թվում էր՝ դե ինչ է եղել, հանգիստ անելու ենք և, անկեղծ ասած, ժամանակի զգացումը կորցրել էինք։ Ես այսօր նկատեցի, որ մենք դա սկսել էինք 4 տարի առաջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ 4 տարի առաջ սկսված գործընթաց է»,- ասում է 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի համահեղինակ Արսեն Վարդանյանը։

Պատմում է՝ գիրքը մինչև դպրոց հասնելը երկար ճանապարհ է անցել․ գրվելուց հետո տպագրվել է 700 օրինակով ու բաժանվել դպրոցներին՝ փորձարկման, այնուհետև լսել են ուսուցիչների կարծքը, որոշ մշակումներ արել։ Այժմ՝ նոր դասագիրքը երաշխավորված տեսնելով, հանգիտս խոսում է այն ամենի մասին, ինչ պետք է ունենա մարդը դասագիրք գրելու համար․

«Առաջին հերթին պետք է ունենալ լավ մշակված հայեցակարգ, որ հասկանաս՝ որ կետից ուր ես ուզում հասնել, շատ լավ պատկերացնել դպրոցը, կրթությունը, անպայման պետք է դպրոցում աշխատած մարդը մասնակցի դասագրքի ստեղծման գործընթացին, որովհետև երբեմն եղել է այնպես, որ դասագրքերը գրվել են մեր հարգարժան գիտնականների կողմից, որոնք դպրոցի էությունը չեն պատկերացնում, 5-6-րդ դասարանցու հոգեբանությունը չեն պատկերացնում»։

Արսեն Վարդանյանն ասում է՝ հին դասագրքերի փոխարինման անհրաժեշտությունը բնավ դրանց վատը լինելով չէր պայմանավորված։ Հարցն այն է, որ ժամանակն իր պահանջներն ունի, և այսօրվա լավագույն դասագիրքն անգամ վաղը փոխարինվելու կարիք է ունենալու․

«Մենք կիրառել ենք «հիմնական նյութ+լուսացք» սկզբունքը։ Հիմնական բովանդակային նյութը, օրինակ, գրողի կենսագրությունը և ստեղծագորոծության ընդհանուր բնութագիրը ներկայացված է բավական հակիրճ, և շատերը կարող են ասել՝ կրճատումներ են եղել։ Բայց դա միայն առաջին հայացքից, որովհետև մենք հավելյալ հետաքրքիր տեղեկությունները ներառել ենք լուսանցքի ինֆորմացիայում, և դրան գումարել ենք նաև էլեկտրոնային ռեսուրսները։ Նախ՝ ստեղծել ենք հսկայական էլեկտրոնային ռոեսուրսներ, բոլոր ստեղծագորությունները ունեն ձայնագրություն, աշակերտը ընթերցելուն զուգահեռ կարող է լսել այդ ձայնագրությունները։ Ներառել ենք տեսաֆիլմեր, հաղորդումներ, քննարկում-բանավեճեր, տարբեր ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր»։

Վարդանյանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ դասագրքի բովանդակությունը դասագրքի հեղինակի ճաշակին չի թողնված։ Հակառակ դեպքում, օրինակ, 7-րդ դասարանում «Գրականություն» անցնող երեխան շատ ավելի քիչ ստեղծագործությունների կծանոթանար․ հեղինակը, որ նաև ուսուցիչ է, կարծում է, որ երեխան մեկ տարում այդքան մեծ ծավալի ինֆորմացիան լիարժեք ընդունել չի կարող։ Չի եղել նաև հեղինակների փոփոխություն։

Բոլոր այն առարկաների համար, որոնց դասագրքերի մրցույթը չի կայացել կամ կայացել է, բայց որևէ դասագիրք չի երաշխավորվել, կան էլեկտրոնային ուսումնական նյութեր՝ կրկին Տավուշի դպրոցներում փորձարկված։ Դրանք կկիրառվեն մինչև դասագրքերի նոր մրցույթները և ամբողջական համալրումը։

Back to top button